Որքա՞ն է կառավարության ֆինանսատնտեսագիտական վարչության նոր պետի ունեցվածքը. «Փաստ»
ECONOMICS
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության նորանշանակ պետ Մարի Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Մ. Կարապետյանի հանձնած փոխառությունները կազմել են 100 000 ՀՀ դրամ:
Մարի Կարապետյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 49 700 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 469 118 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից և ստացված փոխառություններից (վարկեր):
Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 1 292 568 ՀՀ դրամ, իսկ փոխառություններից (վարկեր)՝ 176 550 ՀՀ դրամ: Մ. Կարապետյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:
Մ. Կարապետյանն այդ պաշտոնին է նշանակվել է հունիսի 27–ին: Նշենք, որ նա կառավարության աշխատակազմում է դեռ 2010 թվականից: 2010–2012 թթ. եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ, 2012–2014 թթ. նույն վարչության առաջատար մասնագետ, իսկ 2014–2017 թթ.՝ գլխավոր մասնագետ: 2017–2018 թվականներին էլ զբաղեցրել է նշված վարչության պետի տեղակալի պաշտոնը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում