Արթուր Եդիգարյանը կհեռանա Մինսկի «Դինամո»-ից. Pressball
SPORTՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժեշտ կտա Մինսկի «Դինամո»-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին տեղեկացրել է բելառուսական Pressball-ը` ներկայացնելով ընթացիկ մրցաշրջանից հետո Մինսկի «Դինամո»-ում տեղը կորցնելու թեկնածուներին, որոնց թվում է նաև Եդիգարյանը:
«Ավարտվում է նաև Եդիգարյանի պայմանագիրը: Նրա կարիերայի փուլը «Դինամո»-ում ստացվեց չափազանց անկայուն, ոչ միանշանակ և կաշկանդված: Բարձրակարգ խաղի հազվադեպ դրսևորումները մոռացվում էին անհաջող հանդիպումների ֆոնին: Ամենայն հավանականությամբ, «Դինամո»-ն հրաժեշտ կտա հայ ֆուտբոլիստին»,- գրում է կայքը:
Բելառուսի առաջնության 14 հանդիպումներում 28-ամյա ֆուտբոլիստը խփել է մեկ գնդակ, դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: ՀՀ ընտրանու ֆուտբոլիստը վերջին շրջանում հազվադեպ էր ընդգրկվում թիմի հայտացուցակում: Մինչ բելառուսական ակումբ տեղափոխվելը Եդիգարյանը հաջողությամբ ելույթ էր ունենում Ղազախդտանի «Կայրաթ»-ում: