Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի՞ փետրվարի 1–ից. մեկնաբանում է էներգետիկայի նախարարը
ECONOMICSՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը չի բացառում, որ փետրվարի 1–ից հնարավոր է՝ էլեկտրաէներգիայի սակագինը նվազի։
Այսօր՝ հոկտեմբերի 26–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախարարի պաշտոնակատարը նշեց, որ առաջնահերթությունն էներգահամակարգի հուսալի եւ անխափան մատակարարումն է, իսկ երկրորդ գերխնդիրն այդ ծառայության մատչելի սպասարկումն է, ինչին էլ ուղղված են բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են։
«Չնայած օրենքը սահմանում է, որ սակագինը կարող է վերանայվել 6 ամիսը մեկ անգամ, բայց քանի որ էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշիռները եւ պլանավորումն արվում է տարեկան կտրվածքով, հիմնականում վերանայումներն էլ արվում են տարեկան կտրվածքով՝ նաեւ ճիշտ բյուջետային պլանավորում անելու համար։ Գործող սակագները սահմանված են մինչեւ փետրվարի 1–ը, այս պահին բոլոր աշխատանքներն ուղղված են նրան, որ փետվարի 1–ից եթե հնարավորություններ ունենանք, հնարավոր լինի որոշակիորեն նվազեցնել սակագները»,– ասաց Գարեգին Բաղրամյանը։