Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի ունեցվածքը. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը նոյեմբերի 8–ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 մլն ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 929 768 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձերից:
Նշենք, որ ըստ կենսագրական տվյալների՝ Վ. Պապիկյանը պետական համակարգում աշխատելու մեկնարկը տվել է դեռ 2002 թվականից: Այդ ժամանակ նա աշխատել է կադաստրի պետական կոմիտեի «Հայպետհողշին նախագծային ինստիտուտ» ՊՈԱԿ–ում՝ որպես մասնագետ: Իսկ 2005 թ. նա, որպես մասնագետ, աշխատել է Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՊՓԲԸ–ում: 2006–2011 թթ. աշխատել է որպես քաղաքաշինության նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության տնտեսական բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, Քաղաքաշինական պետական տեսչության նորմատիվատեխնիկական և քաղաքաշինական փաստաթղթերի վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ, Գործերի կառավարման վարչության առաջատար մասնագետ, Ճարտարապետության բաժնի առաջին կարգի մասնագետ: Իսկ 2012–2017 թթ. զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության գնումների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը:
2017–2018 թթ. աշխատել է որպես ֆինանսների նախարարության փորձագետ: 2018 թ. եղել է վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ: Նույն տարվա հուլիսին նշանակվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ՝ փոխարինելով աշխատանքից ազատված Գևորգ Աճեմյանին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում