Չեմպիոնությունս նվիրում եմ հայերին և Հայաստանին. Սիմոն Մարտիրոսյան
SPORTԾանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնական տիտղոսը նվիրում է Հայաստանին և հայերին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարտիրոսյանը կիսվեց տպավորություններով` շեշտելով, որ դեռևս մինչև վերջ չի գիտակցել, որ արդեն իսկ աշխարհի չեմպիոն է: «Անկրկնելի զգացողություն էր չեմպիոն դառնալը: Դեռևս չեմ գիտակցել, որ չեմպիոն եմ, բայց երբ սոցիալական կայքերում տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ ուրախանում իմ հաջողությամբ, նոր հասկանում եմ՝ ինչ եմ արել»,-ասաց նա:
Մարտիրոսյանը փաստեց, որ պոկում վարժության երրորդ մոտեցումը չի կարող ընկճել իրեն, ինքն արդեն մոռացել է: «Մյուս տարի Եվրոպայի և աշխարհի առաջնությանը որ ռեկորդներ կլինեն` կկրկնենք և կգերազանցենք այս ռեկորդները»,-ասաց նա:
«Հակառակորդներս իհարկե ուժեղ մրցակիցներ էին, սակայն այս անգամ ես ավելի լավ էի պատրաստվել»,-եզրափակեց Մարտիրոսյանը:
Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց նախ 190 կգ, հետո 195 կգ և երրորդ մոտեցմանը, երբ Մարտիրոսյանը 197 բարձրացրեց, որն ի դեպ աշխարհի ռեկորդ էր, մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Այս ձևում Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրումում Մարտիրոսյանը մոտեցավ 230 կգ (աշխարհի ռեկորդ) և բարձրացրեց այն: Այնուհետև երկրորդ մոտեցմամբ նա երկրորդ ռեկորդը սահմանեց` 240 կգ: Երրորդ մոտեցման հայ ծանրորդը չեկավ: Երկամարտի 435 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը 21 տարեկանում դարձավ աշխարհի չեմպիոն: Սիմոն Մարտիրոսյանը 2016 թվականի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն է: Իսկ 2014 թվականին դարձել էր պատանեկան Օլիմպիական խաղերի հաղթող: