ԱՄԷ-ն հետաքրքրված է արտակարգ իրավիճակների բնագավառում Հայաստանի հետ համագործակցությամբ
INTERNATIONAL NEWSՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Երևանում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Օբաիդ Խալիֆա ալ Քաաբին: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հանդիպման նպատակն էր արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտներում համագործակցության եզրեր ստեղծել Հայաստանի Հանրապետության և Արաբական Էմիրությունների միջև:
ՏԿԱԻ նախարարը դեսպանին ներկայացրել է նախարարության գործունեությունը՝ նշելով, որ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ՝ կանի առավելագունը՝ համապատասխան բնագավառներում երկու երկրների միջև համագործակցությանը թափ հաղորդելու համար:
Շնորհակալություն հայտնելով նախարար Երիցյանին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Օբաիդ Խալիֆա ալ Քաաբին նշել է, որ Միացյալ Արաբական Էմիրությունները խորապես հետաքրքրքված են արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցությամբ և փորձի փոխանակմամբ՝ մասնավորապես երեխաների պաշտպանության բնագավառում: Դեսպանը նախարար Երիցյանին է հանձնել Աբու Դաբիի արքայազն Մոհամեդ Բին Զայեդ Ալ Նահյանի հովանու ներքո անցկացվող «Մենք կպաշտպանենք» խորագրով երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված համաժողովին մասնակցելու հրավեր-նամակը՝ նշելով, որ արաբական կողմի համար չափազանց կարևոր է նախարարի անմիջական մասնակցությունը համաժողովին:
Ընդունելով հրավերը՝ ՏԿԱԻ նախարարը նշել է, որ երեխաների բարեկեցության և իրավունքների պաշտպանության խնդիրներով ՏԿԱԻՆ-ը զբաղվում է նաև տարածքային կառավարման իր գործառույթների շրջանակում՝ հետևելով համայնքներում դպրոցների և նախակրթարանների բարեկարգմանը:
Հանդիպման ավարտին երկու երկրների միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության զարգացման նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարարի և դեսպանի միջև բանավոր համաձայնություն է կնքվել ԱՄԷ-ի փոխվարչապետ, ՆԳ նախարար Սեյֆ բին Զայիդ Ալ Նահյանի հետ հնարավոր հանդիպումների և աշխատանքային քննարկումների վերաբերյալ:



