Մեծաթիվ խմբակցությունը չի կարող լինել որոշիչ ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար. Հովիկ Աղազարյան
POLITICS
Այս պահին «Իմ քայլը» դաշինքի կողմից որևէ որոշում չկա, թե ում նախապատվություն տալ ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնում՝ ԲՀԿ, թե ԼՀԿ ներկայացուցչին. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Հովիկ Աղազարյանը չի կարծում, որ այդ քվեարկությամբ կորոշեն, թե որն է այդ ուժերից ավելի ընդդիմադիր: «Օրենքն է ասում, թե որն է ընդդիմադիր ուժ, երկուսն էլ ընդդիմադիր ուժ են, ուղղակի կարող ենք նշել, որ խմբակցությունը կքննարկի և որոշում կկայացնի այս կամ այն թեկնածուին պաշտպանելու օգտին՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ քաղաքական, տվյալ թեկնածուի որակների հետ կապված և այլն:
Բայց կարող է նաև այնպիսի իրավիճակ լինել, որ խմբակցությունը նման որոշում չկայացնի, և խմբակցության անդամներն ազատ լինեն իրենց քվեարկության մեջ: Բոլոր դեպքերում դեռևս հստակ ծրագրված որոշում չկա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ««Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրվել է Մանե Թանդիլյանը: ԲՀԿ-ից ևս հայտարարել են, որ թեկնածու կառաջադրեն:
Հովիկ Աղազարյանը նշեց, որ կոնկրետ իր կարծիքով՝ ճիշտ ընտրություն կլինի կոնկրետ անդրադառնալ թեկնածուների պատրաստվածությանը, համապատասխանությանը այդ պատասխանատու պաշտոնին: «Որովհետև նորից եմ ասում, երկուսն էլ ընդդիմադիր ուժեր են, և այստեղ մնում է ընտրության կատարել՝ ըստ նրանց պատրաստվածության, բայց քննարկման հարց է, և եթե նույնիսկ իմ այդ տեսակետին դեմ որոշում կայացնի կուսակցությունը, ես պատրաստ եմ քվեարկել այնպես, ինչպես կլինի խմբակցության որոշումը»,-ասաց նա:Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի այն հայտարարություններին, թե իրենք երկրորդ ուժն են, և տրամաբանական է, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնը իրենց վերապահվի, Աղազարյանը նշեց, որ դա օրենքով կարգավորված չէ: «Այնպես էլ չի, որ ԲՀԿ-ն շատ-շատ ավելի առավելություն ունի «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ պատգամավորների թվի առումով, կարելի է հաշվի առնել, բայց դա չի կարող լինել որոշիչ, հակառակ դեպքում, եթե այդ հանգամանքը լիներ որոշիչ, դա ամրագրված կլիներ օրենքով և հանձնաժողովի նախագահների հարցի նման կդրվեր Դոնթի բանաձևով»,-ասաց նա:
Հարցին, թե իսկ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն իրենց պնդումներով համոզեցին, թե որն է իրենցից ամենաընդդիմադիրը, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Դա անօգուտ ու անպտուղ բանավեճ է, որովհետև նորից եմ ասում՝ ընդդիմություն լինելը որոշված է Սահմանադրությամբ, եթե խոսքը գնում է այն մասին, թե ով ավելի լավ կկատարի այդ դերակատարությունը, ինչպես նաև մեզանից յուրաքանչյուրը որպես պատգամավոր իր դերակատարությունը, դա ցույց կտա համատեղ աշխատանքները»: