Ի՞նչ անել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ
SOCIETYՀայաստանի կրթության և գիտության նախարարությունում բավական խառն են: Այստեղ ընդհանուր առմամբ դժգոհություն կա նախարարից, կա նաև անորոշություն մի շարք կարևորագույն խնդիրների շուրջ, որոնց դեռ հարկ կլինի անդրադառնալ: Առկա խնդիրներից մեկը ներկայումս վերաբերում է դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային: Մեր աղբյուրների պնդմամբ, դեռևս չեն կարողանում հստակ կողմնորոշվել՝ ինչպես վարվել. մի կողմից՝ առկա է ոչ հավատացյալ շերտերի ճնշում, որպեսզի իրենց երեխաներին չպարտադրվի այդ առարկան, մյուս կողմից՝ հնարավոր չէ անտեսել ընդհանրապես մեր հասարակության բուռն ու ցավոտ արձագանքի հնարավորությունը, եթե փորձ արվի ևս մեկ հարձակում գործել Հայ առաքելական եկեղեցու հանդեպ:
Մեր ունեցած տեղեկություններով, ներկայումս, որպես փոխզիջումային լուծումներից մեկը, քննարկվում է ընտրովի առարկաների տարբերակը, այն է՝ մի քանի առարկաներից («Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից զատ, ասենք, «Կրոնի պատմություն», «Աթեիզմ» և այլն, կամ այլ տարբերակներ) ծնողները կընտրեն իրենց հոգեհարազատ մեկ առարկա:
Անորոշ վիճակ է նաև շախմատի առումով. այս դեպքում էլ կա այդ առարկան դպրոցներից հանելու ցանկություն, սակայն դեռևս չկան հստակ մեխանիզմները: Չի բացառվում, որ այս դեպքում էլ գործի այլընտրանքայնության սկզբունքը կամ ներդրվի, այսպես կոչված, «ֆակուլտատիվ» առարկաների սկզբունքը, որը ժամանակին գործում էր բուհերում: