Եկել ենք՝ լսելու, թե ինչ ծրագրեր կան եւ ինչպես կարող ենք աջակցել. Յոհաննես Հանը՝ Արմեն Սարգսյանին (ֆոտո)
PHOTOՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունվարի 29-ին, ընդունել է Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրամիության աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներին եւ վստահություն է հայտնել, որ այցը դրական նշանակություն կունենա համագործակցության հետագա ընդլայնման համար:
«Կարծում եմ` շատ օգտակար կլինի այսօր ավելի շատ խոսել ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին»,- ընդգծել է նախագահը եւ շարունակել. «Ամեն օրը՝ այսօրը, վաղը, ի վերջո, դառնում են անցյալ, եւ եթե մենք տքնաջան չաշխատենք այն ավելի լավը դարձնելու համար, կվատնենք ամենաթանկարժեքը, որն ունի մարդկությունը՝ ժամանակը»:
Յոհաննես Հանն իր հերթին ասել է, որ մեծ նշանակություն են տալիս Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին եւ եկել են՝ լսելու, թե ինչ ծրագրեր կան եւ հասկանալու, թե ինչպես կարող են աջակցել:
Նախագահ Սարգսյանն առաջարկել է հատկապես մեծ ուշադրություն հատկացնել ապագային՝ 21-րդ դարի տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերին՝ ընդգծելով, որ խոսքը ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլեւ տարբեր ոլորտներում արհեստական բանականության օգտագործման մասին է:
Նշելով, որ իր ցանկությունն է, որպեսզի Հայաստանը լինի ժամանակակից եւ դինամիկ երկիր՝ նախագահ Սարգսյանը ասել է.«Ցանկացած ոլորտում ինչ-որ անելու ենք, պետք է լինի միայն որակյալ: Եվ այստեղ է, որ ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը եւ սերտ համագործակցությունը նրանց հետ»: