Բարձրագույն խումբ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Գանձասար-Կապանին»
SPORTԲարձրագույն խմբի 22-րդ տուրը մեկնարկեց «Արարատ-Արմենիա» - «Գանձասար-Կապան» խաղով: Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում Վարդան Մինասյանի թիմը 2-0 հաշվով հաղթանակ տոնեց:
Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Ժան-Ժակ Բուգուին՝ անվրեպ իրացնելով կապանյան թիմի դարպասը նշանակված 11-մետրանոց տուգանայինը: Երկրորդ գոլն արձանագրվեց 79-րդ րոպեին՝ աչքի ընկավ Անտոն Կոբյալկոն:
Նշենք, որ «Գանձասար-Կապանը» հանդիպումն ավարտեց 10 հոգով՝ 84-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Բակար Բալդեն:
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբում տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը: Այժմ Վարդան Մինասյանի թիմն ունի 35 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Գանձասար-Կապանը» մնաց 22 միավորով յոթերորդ տեղում:
Բարձրագույն խումբ, 22-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Գանձասար-Կապան»՝ 2:0
Գոլերը՝ Բուգուի 7՛ (11-մետրանոց), Կոբյալկո 79՛
Հեռացում՝ Բալդե 84՛