Հայ մարզիկները 2 ոսկե մեդալ են նվաճել հատուկ Օլիմպիադաներին
SPORT
Մարտի 8-22-ը Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացած հատուկ Օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին հայկական պատվիրակության մարզիկներ Գևորգ Մանուկյանը և Ռոբերտ Պետրոսյանը ոսկե մեդալներ են նվաճել:
Իր տեսակում աշխարհի ամենամարդասիրական միջոցառումներից մեկին մասնակցել է 190 երկրի 7500 մարզիկ: Օլիմպիական 24 մարզաձևին հետևել է ավելի քան 50,000 ունկնդիր:
Հայաստանը հատուկ Օլիմպիադաների ամառային խաղերին ներկայացրել են հատուկ մարզիկներ Գևորգ Մանուկյանը (աթլետիկա) և Ռոբերտ Պետրոսյանը (լող)։
Հայ հատուկ մարզիկները իրենց ձևերում ցուցաբերել են գերազանց արդյունքներ: Գևորգ Մանուկյանը հեռացատկ թափավազքով ձևում գրավել է 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի, իսկ 100մ վազքում նա նվաճել է ոսկե մեդալ։ Ռոբերտ Պետրոսյանը ևս ոսկե մեդալ է բերել Հայաստանին: Հատուկ մարզիկը 50մ թիկնալող ձևում գրավել է առաջին տեղը:
Հայաստանը ներկայացնող հատուկ մարզիկների հաջողությունը նաև պայմանավորված է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի անձնակազմի անձնվեր աշխատանքով, մասնավորապես, կամավոր մարզիչներ Էրիկ Մարտիրոսյանի (աթլետիկա) և Հմայակ Հայրապետյանի (լող) պարապմունքներով:
2019թ․ Հատուկ Օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին մասնակցության ֆինանսավորումը տրամադրվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից։ Հատուկ oլիմպիադաները շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է 1968 թվականին Յունիս Քենեդի Շրայվերի կողմից այն հավատքով, որ մտավոր հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ներգրավումը և ակտիվ մասնակցությունը սպորտային միջոցառումներին դրական ազդեցություն է ունենում նրանց առողջության, ինքնադրսևորման, ինչպես նաև սոցիալական ինտեգրման վրա:
Հատուկ oլիմպիադաները օգտագործում է սպորտը՝ իբրև մտավոր հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական ներառման միջոց և ամեն տարի նրանց համար կազմակերպում է սպորտային միջոցառումներ և մրցումներ` նպաստելով վերջիններիս ինքնավստահության բարձրացմանը, կամքի ուժի դրսևորմանն ու սոցիալական ներառմանը: