ԵՄ-ին պետք է նախապատրաստել արտաքին սահմանների պաշտպանությանը եւ փախստականների հանդեպ վերաբերմունքին. Չեխիայի դեսպան
INTERNATIONAL NEWSՓարիզի ահաբեկչությունները ողջ քաղաքակիրթ աշխարհի հանդեպ ատելության դրսեւորում են։ Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան։
Նրա խոսքով՝ դա հրեշավոր իրադարձություն է։ «Շատ ենք ցավում բոլոր նրանց համար, ովքեր զոհվել են՝ անկախ նրանց ազգությունից»,- նշել է դեսպանը։ Ի պատասխան հարցին, թե ահաբեկչությունների հետեւանքով ինչ քայլեր կարող է ձեռնարկել Եվրոպան իր միգրացիոն քաղաքականության մեջ, դեսպանը նշեց. «Ես չեմ ուզում սպեկուլյացիայի դիմել, քանի որ դա իհարկե կանդրադառնա միգրացիոն քաղաքականությանը։ Ես կարծում եմ, որ այսօրվա դրությամբ բոլորը դեռ սարսափի մեջ են կատարվածի պատճառով։ Պետք է սպասենք, որպեսզի Եվրամիությանը նախապատրաստենք արտաքին սահմանների պաշտպանության եւ փախստականների հանդեպ վերաբերմունքի առումով։ Փախստականները մեր թշնամին չեն, նրանք նույնպես մարդիկ են, որոնք փախչում են պատերազմից։ Եվրոպան պետք է հասկանա, թե ինչ մոտեցում է որդեգրելու նրանց հարցում, ինչպես է տարբերակելու փախստականին ահաբեկչից։ Դա շատ բարդ է լինելու»,- եզրափակել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություններ էին տեղի ունեցել, որոնց պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետությունը»։ Ահաբեկչություններից զոհվել է մոտ 130 մարդ։



