«Անճաշակությունն ինքն իրեն չի առաջանում, այն դաստիարակության հետևանք է»
INTERVIEW«Փաստ» օրաթերթը պարբերաբար զրուցում է մշակութային գործիչների հետ՝ ներկայացնելով նրանց տեսակետը ոչ միայն հայաստանյան մշակութային կյանքի, այլև հասարակական տրամադրությունների և հետհեղափոխական Հայաստանի մասին: Այս անգամ մեր զրուցակիցն է դերասան Աշոտ Ադամյանը:
-Պարո՛ն Ադամյան, ի՞նչ է կատարվում մշակույթի ոլորտում: Տեղի՞ն են մտահոգությունները, որ անճաշակությանն ավելի մեծ տեղ է տրվում, քան իրական մշակույթին:
-Այն, ինչ այսօր կատարվում է մշակույթի ոլորտում, սերմանվել է երկու տասնամյակից ավելի և, ցավոք սրտի, ծլերն արդեն աճել են, և մենք քաղում ենք պտուղները։ Անճաշակությունն ինքն իրեն չի առաջանում, այն դաստիարակության հետևանք է։ Մտահոգությունը, որ անորակը լցվել է մեր գլխին, տեղին է:
-Համակարծի՞ք եք, որ պահանջարկն է ծնում առաջարկ:
«Պահանջարկը ծնում է առաջարկ» ասածը բխում է «փող սարքել- make money» գործելակերպից։ Դա շուկայական տնտեսության բաղադրիչ է և ոչ մի կապ չունի արվեստի ոլորտների հետ, որտեղ չափորոշիչը հատընտիր է՝ յուրաքանչյուր ստեղծագործություն (ճարտարապետություն, գրականություն, կինո և մյուսները) մեն մի հատիկ է՝ անկրկնելի, նրա գնահատումը չի կարող լինել քանակական։ Քանակական չափորոշիչն արվեստի հետ ոչ մի կապ չունի։ Արվեստում «քանակական» ասածն արվեստի գործի տարածումն է՝ համաշխարհայնացումը։
-Մշակույթի նախարարությունը լուծարել, փոխարենը ստեղծել վարչություն կամ կոմիտե, թե՞ ճշգրտել նախարարության գործառույթները՝ կոնկրետ խնդիրներ առաջադրելով:
-Որ նախկին համակարգը չի արդարացրել իրեն, փաստ է։ Նորը ստեղծելու համար առաջին հերթին պետք է հստակ պատկերացնենք, թե այդ կառույցից ինչ ենք սպասում։ Իսկ մենք նրանից ակնկալում ենք ստեղծագործ մտքի արտադրանքի պահպանմանն ու զարգացմանը միտված գործունեություն։ Իսկ թե ի՞նչ անուն կունենա արվեստի գործերով զբաղվող ապագա կառույցը, բոլորովին կարևոր չէ:
-Հեղափոխությունից մեկ տարի է անցել. ձեր դիտարկումներն անցած մեկ տարվա մասին և ապագայի ակնկալիքները:
-Հեղափոխությունը մեկ տարեկան է, և երեխան արդեն իրավիճակ է փոխել։ Փոփոխություններից ամենակարևորը կամավոր լ յուստրացիան է։ Չմանրամասնեմ, քանի որ սա մեծ ու լուրջ վերլուծության և քրտնաջան աշխատանքի թեմա է։ Անելիքները շատ են, խորհրդատուների պակաս չի զգացվում: Հիմա պետք է «ամբախ-զամբախը» մի կողմ նետենք և լծվենք պրոֆեսիոնալ վերլուծությունից ծնվող արժեքավոր գաղափարների իրագործմանը։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ