Ադրբեջանը Մխիթարյանի շուրջ ծագած սկանդալի ֆոնին Հայաստանին մեղարդել է «ֆուտբոլային սադրանքի» համար
SPORTԱդրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին մեղադրել է «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակչին Բաքու չմեկնելու շուրջ ստեղծված իրավիճակը «քաղաքական նպատակներով» օգտագործելու համար, գրում է interfax.az-ը:
«Հայաստանի արտգործնախարարության՝ լոնդոնյան «Արսենալ» ֆուտբոլային ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու խոչընդոտների վերաբերյալ հայտարարությունը վկայում է ներքին քաղաքական խնդիրների պատճառով սպորտը քաղաքական գործիք դարձնելու փորձերի մասին: Ցավոք, Հայաստանը «Արսենալ»-ի խաղացողին օգտագործում է իր սադրիչ նպատակների համար»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան:
Նախօրեին, մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները, ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ Մխիթարյանի և հայազգի երկրպագուների անվտանգությունն ապահովելու երաշխիքներ չներկայացնելը Բաքվի կողմից ռասիզմի և այլատյացության դրսևորումներ են:
Հիշեցնենք, որ «Արսենալ» ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիկ Մխիթարյանը Բաքու չի մեկնի և չի մասնակցի մայիսի 29-ին «Չելսի»-ի դեմ այնտեղ կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը: