Թուրքիայում ԻՊ-ի ահաբեկիչները դրոշով ավտոերթ են անցկացրել (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSՓարիզում իրագործած ահաբեկչական գործողություններից 2 օր հետո «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման համակիրները Թուրքիայի Այնթափ քաղաքում ԻՊ-ի դրոշներով ավտոերթ են անցկացրել:
Վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, համացանցում «Փարիզի կոտորածը տոնող ԻՊ-ի շարասյունը» վերնագրով տեսանյութում ձեռքներին արաբերեն «Քելիմեի թովհիդ» («Միասնական ենք») գրությամբ դրոշներով քաղաքացիներ ավտոմեքենաներով շարասյուն են ստեղծել` քաղաքի փողոցներով անցնելով տոնական ազդանշաններ տալով:
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը գրել է, որ ԻՊ-ից փախած հրամանատար Սաիդը, որը եղել է Սիրիայի Ալ Բաբ քաղաքի ԻՊ-ի հետախուզության վարչության պետը, պատմել է կառույցի հետ Թուրքիայի սերտ կապերի, խմբավորման մեջ թուրք մարտիկների, Թուրքիայի տարածքով ահաբեկիչների Սիրիա անցումների, թուրքական հետախուզոթւյան ԻՊ-ի հետ հարաբերությունների, ԻՊ-ի հետախուզական աղբյուրների մասին:
«Թուրքիայի Քիլիս քաղաքում նույնիսկ երկու մզկիթ կա, որոնցից մեկը Ալ Կաիդա գնացողների, մյուսը` ԻՊ գնացողների համար է օգտագործվում: Այդ երկու մզկիթում երկու խմբավորումների ներկայացուցիչներ կան, որոնք էլ կազմակերպում են մարտիկների անցումները Սիրիա եւ Իրաք», -ասել է նա:
Սաիդը պատմել է, որ իրենք որեւէ խնդիր չեն ունեցել թուրքական հետախուզության հետ համագործակցության մեջ:
«Քոբանիի վրա հարձակումներում մենք մեծ թվով վիրավորներ ունեցանք, որոնք բուժման համար թուրքական հետախուզության ջանքերով փոխադրվեցին Թուրքիա: Ավտոմեքենաներում մեր վիրավորների մազերը կտրում ու մորուքները սափրում էին, որպեսզի թուրքական հիվանդանոցներում բժիշկների մոտ կասկածներ չառաջանային: Թուրք-սիրիական սահմանում գտնվող Ալ Ռաի քաղաքում ԻՊ-ի ղեկավարը թուրք հետախույզ է: ԻՊ-ի կազմում թուրքական հետախուզության հետ սերտ կապեր ունեցող բազմաթիվ մարդիկ կան», -ասել է նա:



