Yerevan, 12.January.2026,
00
:
00
BREAKING


«Դասախոսիս խոսքերն ինձ վրա սև գիծ էին թողել, բայց ես պայքարող եմ». Արփի Գաբրիելյանի բացահայտումներն անցած ուղու մասին և նոր ֆոտոշարքը

LIFE
Շարունակությունը՝ այստեղ:
 

Ներկայացումներ խաղալիս նա սիրում է դահլիճի էներգետիկան և չի սիրում փորձերը, ֆիլմերի և հեռուստանախագծերի դեպքում ճիշտ հակառակը` սիրում է նկարահանման ընթացքը, ոչ թե պատրաստի արդյունքը դիտելը. ասում է` դերասանի մասնագիտությանը սիրահարվել է մանկուց, թեև այն ժամանակ չի գիտակցել, թե ինչ է դա։ Նա Արփի Գաբրիելյանն է, որը վերջին մի քանի տարվա ընթացքում հասցրեց լսարանին ներկայանալ որպես երգչուհի, հաղորդավարուհի և դերասանուհի, կարճ ժամանակում գտավ իր տեղը հեռուստատեսությունում ու հաստատուն քայլերով առաջ է գնում։

Tert.am Life–ը սկսում է «Սիրահարված աշխատանքին» խորագիր, որի շրջանակում կներկայացնենք հայտնիների անցած ուղու հետաքրքիր դրվագները, բարդություններն ու մասնագիտության «մութ» կողմերը։

Բացահայտումներով լի զրույցից զատ Արփին Tert.am Life–ին է տրամադրել նաև նոր ֆոտոշարքը։

«Երևի, մանկուց եմ սիրահարվել այս մասնագիտությանը,– ասաց Արփին, ով սիրում է իր դերը խաղալ, նույնիսկ, երբ բեմում երգում է ու հիշեց, թե ինչպես էր մանկության տարիներին էլ խաղում իր դերը։ –Ծնողներս պատմում են, որ Սանկտ Պետերբուրգում ապրելու տարիներին միացնում էի մագնիտոֆոնը, սկսում խոսել ու ձայնագրել ինձ, թեև ընդամենը 4 տարեկան էի ու նորմալ խոսել էլ չէի կարողանում, հետո չմիացրած հեռուստացույցի առաջ կանգում, ինչ–որ բաներ էի անում։ 6 տարեկան էի, երբ եկանք Հայաստան, արդեն մեր հարևաններին էի հավաքում որպես իմ հանդիսատես ու տարատեսակ բաներ խաղում։ Ես այդ տարիքում չէի կարող հասկանալ, որ ուզում եմ դերասանուհի դառնալ, բայց արարքներումս դա արտահայտվում էր» ։

Դեռահասության տարիներին նա մասնակցել է «Դո Ռե Մի» և այլ մանկապատանեկան մրցույթների ու փորձել ուժերը բեմում։ Ըստ Արփիի` սիրահարվածությունը սեր դարձավ, երբ որոշեց ընդունվել Թատերական ինստիտուտ, թեև այստեղ նրան բարդ ճանապարհ էր սպասվում։

Շատերը Թատերական գնում են հայտնիության հետևից, բայց սովորելու տարիները հեշտ չեն։ Դասերի ոչ ֆորմալ ընթացքն ու առավոտից երեկո ինստիտուտում մնալը շատերին ստիպում է բնորոշել, որ Թատերականում սովորելը ոչ այլ ինչ է, քան ապրելակերպ։ Արփին հիշում է, որ ուսանողական տարիները հեշտ չէին, նույնիսկ հասցրել էր մտածել, որ ոչինչ չի ստացվի։

«Ես ունեցել եմ հիասթափություններ, հատկապես, սովորելուս առաջին տարում։ Մենք ունեինք դասախոս, որն անընդհատ  ասում էր, որ անշնորհք ենք, անտաղանդ, վատ ենք խաղում։ Եթե ես դասախոս լինեի, այդպես չէի անի, որովհետև հեշտությամբ կարելի է կոտրել մարդուն, նա փակի լսարանի դուռն ու այլևս  չբացի։ Դա ինձ վրա մեծ սև գիծ էր թողել։ Մտածում էի` չեմ կարողանա, չի ստացվի, սակայն ես ինձ տեսակով դիմացկուն մարդ եմ համարում ու որոշեցի առաջ գնալ։ Ես հավատում էի ինձ, նաև եղան դասախոսներ, որոնք քաջալերեցին ինձ ու ամեն ինչ ստացվեց»,– հիշեց Արփին։

Հիմա Արփին ոգևորությամբ է հիշում, որ չի ունեցել փուլ, երբ չի զբաղվել սիրելի աշխատանքով. «Ինստիտուտը դեռ չավարտված արդեն աշխատում էի հեռուստատեսությունում, ներգրավված էի ներկայացումներում, հետո ֆիլմերում։ Երբ զբաղվում ես քո սիրած աշխատանքով, քեզ ավելի կարևոր ու օգտակար ես զգում»։

Թատրոն, կինո, հեռուստատեսություն

Արփին լսարանին ներկայացել է որպես թե՛ հաղորդավարուհի, թե՛ երգչուհի, թե՛ դերասանուհի։ Բոլոր աշխատանքներն էլ իրեն հոգեհարազատ են, սակայն հիմնական գործունեությունը կենտրոնացավ դերասանական կարիերայի վրա. «Ես չեմ կարող ասել, թե չեմ սիրում երգչուհու իմ դերը։ Սակայն ինձ համար դա էլ է դեր` փոքրիկ ներկայացում բեմում։ Ինձ համար կարևոր է եղել, որ երգը պատմեմ մարդկանց։ Երևի, հենց այդտեղից եմ զգում, որ համեմատության մեջ ինձ համար ավելի սիրելի է դերասանի մասնագիտությունը»։

Տարիների ընթացքում Արփին շատ է փոխվել։ Ասում է` կարևոր է միշտ աշխատել ինքդ քեզ վրա ու կատարելագործվել։ Նա նշեց, որ առ այսօր հետևում է իր խաղին շտկումների համար։ Ամենակարևոր շտկումները, որ արել է, խոսքի, դիմախաղի հետ են կապված։ «Իհարկե, Թատերականում անցել եմ բեմական խոսք, սակայն սովորելիս փորձ չես ունենում։ Աշխատանքի մեջ շատ շտկումներ ու փոփոխություններ ես անում։ Դիմախաղը ևս կարևոր է, որովհետև սովորելիս այլ շեշտադրումներ եք անում, թատերական խաղի վրա եք կենտրոնանում։ Էկրանին ամեն ինչ այլ է»,– ասաց նա ու նկատեց, որ մեզ մոտ չկա կինոյի  դերասանական բաժին, բայց դրա կարիքը կա։

Թատերական ներկայացումներում Արփին խաղացել է ուսանողական տարիներից, թեև թատրոնում հաստիքային դերասանուհի երբեք չի եղել։ Նա չի խուսափում նկատել, որ հաճախ ներգրավված է եղել կոմերցիոն ներկայացումներում։ Թատրոնում Արփիին ավելի շատ տեսնելու հնարավորություն ունեցել է Միացյալ Նահանգների հանդիսատեսը։ Արփիի խոսքով` հատուկ միտում չի ունեցել, բայց այդպես է ստացվել։

«Գուցե պատճառն այն է, որ կոմերցիոն ներկայացումները հիմնականում արվում են սփյուռքի հանդիսատեսի համար։ Եղել են առաջարկներ նաև այստեղի ներկայացումներից, սակայն չեմ կարողացել համատեղել աշխատանքային գրաֆիկիս հետ։ Այստեղ ներկայացման մեջ խաղալը ենթադրում է այդ փուլում լինել Հայաստանում, ինչը դժվար է։ Ես չէի կարող ամեն ինչ թողնել ու մնալ Երևանում։ Վերջին տարիներին իմ մասնագիտական ուղու զգալի մասը գրավել է «Ֆուլ հաուս» նախագիծը, քանի որ տարիներ շարունակ նախագծի նկարահանումներն ու ներկայացումներն էլ թելադրել գրաֆիկը»,– ասաց Արփին ու նկատեց, որ «Ֆուլ հաուսի» ներկայացումներով հնարավորություն է ունեցել ելույթ ունենալ ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի մի շարք երկրների հայ լսարանի առաջ։

«Սկոտչ և վիսկի» նախագծում հասկացա, թե ինչի եմ ընդունակ

Իր գործունեության մեջ Արփին առանձնացրեց ռեժիսոր Արշո Հարությունյանի հետ համագործակցությունը։ «Սկոտչ և վիսկի» ներկայացման մեջ, հետո նաև համանուն ֆիլմում մարմնավորած Սառայի կերպարը դերասանուհուն տվել է մասնագիտական տեսանկյունից իրեն նորովի բացահայտելու հնարավորություն։

«Սառայի կերպարն ինձ համար բարդ էր, որովհետև կապ չուներ ինձ հետ։ Թեթևսոլիկ, ազատ աղջիկ էր, սիրուհու կերպար, որն ամեն կերպ ջանում էր բաժանել զույգին։ Կարծրատիպ կա, թե  թեթևամիտ ու«դեբիլիկ» աղջկա խաղալը հեշտ է, իրականում  բավականին դժվար է, հատկապես, եթե ինքդ այդպիսին չես։ Նույնիսկ խոսելուդ տոնայնությունը պետք է փոխես։ Շնորհակալ եմ Արշոյին, քանի որ երկար աշխատեց ինձ հետ այդ կերպարը ստանալու համար։ Հասկացա, թե ինչի եմ ընդունակ,– ասաց նա ու հավելեց, որ ռեժիսորի մեկ այլ կոմերցիոն ներկայացման մեջ խաղալու հնարավորություն էլ է ունեցել ԱՄՆ–ում։ –Ռաֆայել Երանոսյանի և Աշոտ Ղազարյանի հետ հումորային, երաժշտական ներկայացում խաղացինք  ԱՄՆ տարբեր քաղաքներում։ Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ Աշոտ Ղազարյանի հետ։ Բացի այդ, կրկին մեծ աշխատանք էր պահանջվում։ Մի ներկայացման մեջ տարբեր կերպարներ էինք կերտում, շատ քիչ ժամանակ ունեինք կերպարանափոխվելու համար։ Բավականին բարդ էր  մի կերպարից անմիջապես մյուսի մեջ մտնելը, սակայն Արշոն կրկին շատ մեծ աշխատանք էր արել»։

Չար կերպարներ խաղալ ինձ չեն առաջարկում

«Սկոտչ և վիսկի»–ում Սառայի կերպարը թեթևամիտ էր, պատրաստ ընտանիք քանդելու, «Սուպեր մամա»–ում Արփին մարմնավորում էր թեթևաբարո աղջկա, որի համար առաջին տեղում փողն էր, սակայն հոգեբանական չար կերպար խաղալու առիթ դերասանուհին չի ունեցել։

«Երևի, իմ տեսակից է, որ ինձ չեն առաջարկել չար կերպարներ։ Ես լավ դերասան համարում եմ այն մարդուն, որը լիարժեք կարողանում է ստանալ  պահանջվող կերպարը, երբ ֆիլմը դիտողը նույնիսկ ատում է իրեն կերպարի համար։ Ինձ խնդիր չեն տվել խաղալ լիարժեք չար կերպարի, բայց հետաքրքիր կլիներ նման փորձ ունենալ»,– ասաց նա։ Միաժամանակ, ոչ բոլոր հայտնիներն են համաձայնում հեռուստատեսությունում չար կերպար խաղալ, քանի որ լսարանը սկսում է դերասանին ընկալել կերպարի շրջանակում ու իրականում էլ բացասական վերաբերմունք ցուցաբերել։ Ափին խոստովանեց, որ որքան էլ հետաքրքիր լինի, հեռուստատեսությունում նման դեր խաղալ չէր ցանկանա։

«Գեղարվեստական ֆիլմում կուզեի խաղալ չար դեր, որովհետև թե՛ ռեժիսորի աշխատանքը, թե՛ դերասանի ընկղմվելը կերպարի մեջ ավելի պրոֆեսիոնալ են լինում։ Խոսքս, իհարկե,  Հայաստանի իրականության մասին է, որովհետև, օրինակ, Միացյալ Նահանգներում շատ լուրջ են վերաբերում սերիալներին։ Մենք դեռ չենք  հասել այն մակարդակին, որ սերիալում դերասանի հետ մանրակրկիտ աշխատանք տարվի»,– ասաց նա։

Արփին շատ կցանկանար մարմնավորել նաև որևէ հոգեբանական դեր, որն իրենից շատ էմոցիա կպահանջեր։ «Կուզեի կերտել կերպար, որը, թեկուզ, ինչ–որ ժամանակ եղել է հոգեբուժարանում։ Որպես դերասան` դա շատ հետաքրքիր է հասկանալու, թե ինչքան մեծ կամ սահմանափակ են քո հնարավորությունները։ Այս դեպքում շատ կարևոր կլինի ռեժիսորի մոտեցումը։ Կարևոր է աշխատել այնպիսի ռեժիսորի հետ, որը կարողանում է բացել դերասանին այդ կերպարի  համար»,– ասաց նա ու հավելեց, որ իր համար բացահայտումներով է եղել ոչ միայն Արշոյի հետ աշխատանքը, այլև «Ֆուլ հաուս»–ում խաղալը, քանի որ 9 եթերաշրջանի ընթացքում տարատեսակ իրավիճակներ են խաղացել` ծիծաղելի խաղից մինչև դրամատիկ լուծում։

Սերիալներում չխաղացի, քանի որ ժամանակին կարծրատիպեր ունեի

Արփին սերիալներում չխաղաց ո՛չ կարիերայի սկզբում, ո՛չ հետո։ Ասում է` կարծրատիպը ձևավորվել էր ուսանողական տարիներից։

«Թատերական ինստիտուտում շատ էին ասում` հանկարծ չխաղաք սերիալում։ Քանի որ շատ–շատ եմ սիրում մասնագիտությունս, դա ամրապնդվել էր մեջս։ Հետո հասկացա, որ սերիալները հարթակ են, որոնք նույնիսկ թատրոնի դերասաններին կարող են ճիշտ ներկայացնել, ինչու ոչ, սերիալում ճանաչելով` մարդիկ կարող են գնալ թատրոն` դերասանի ներկայացումը նայելու։ Մինչև այդ գիտակցությանը հասնելը բաց թողեցի բազմաթիվ առաջարկներ։ Չեմ փոշմանում, որովհետև այդ ընթացում նկարահանվեցի մի քանի գեղարվեստական ֆիլմում, ինչի համար շատ ուրախ եմ։ Անմիջապես հետո առաջարկ ստացա նկարահանվելու «Ֆուլ հաուսում», որն ինձ համար լիարժեք էր որպես դերասանուհի ինքնարտահայտվելու համար։ Առաջիկայում կլինեն 20-25 մասանոց նախագծեր, որոնցում սիրով կխաղամ»,– ասաց նա։

Լիկային խաղալուց հետո ինձ մոտ, կարծես, անձի երկվություն լինի

Արփին նկատեց, որ լայն  լսարանի սերը սկսել է վայելել «Սուպեր մամա» ֆիլմում դերակատարումից հետո, սակայն «Ֆուլ հաուս»–ում խաղալը նոր որակ բերեց լսարանի հետ հարաբերություններում։ Հենց այստեղ նա զգաց, որ լսարանի սերն իր հանդեպ կայունանում է, երկրպագուների քանակը` օր օրի ավելանում. «Միշտ մտածել եմ, որ եթե պետք է զբաղվեմ այս մասնագիտությամբ, պիտի շատ սիրված լինեմ։  Հակառակ դեպքում  չեմ ուզում լինել այս ասպարեզում։ Գուցե Աստված է ինձ լսել, գուցե ես եմ կարողացել այնպես անել, որ լսարանն ինձ սիրում է, բայց շնորհակալ եմ մարդկանց տարիներ շարունակ այդ սերն ինձ տալու համար»։

Եթե նախագծի սկզբում շեշտը դրված էր Լիկայի արտաքնի, կարճ զգեստների վրա, ժամանակի հետ նրա զգեստները երկարեցին, տեսակը հասունացավ։ Արփին սա բնականոն է համարում։

«Ժամանակի հետ Լիկան մեծացավ, սիրահարվեց, բարդությունների, ինտրիգների միջով անցավ ու լրջացավ։ Եթե սկզբում ուսանողուհի էր, հիմա աշխատում է, ավելին` երկրորդ աշխատանք ունի, որպեսզի կարողանա կենցաղային խնդիրներ լուծել։ Փոփոխություն պետք է լիներ` պայմանավորված էր և՛ սցենարով, և՛ հանգամանքով, որ ես հասկացա` Լիկան պետք է մեծանա,– ասաց նա ու հավելեց, որ տարիների ընթացքում Լիկան այնքան հոգեհարազատ է դարձել իրեն որ, երբեմն, մտածում է` իր մոտ անձի երկվություն է։ –Բնականաբար, ես կյանքում չեմ ապրում այդ կերպարով, բայց շատ ժամանակ եմ տրամադրում իրեն։ Նկարահանումներից բացի ներկայացումներում էլ ենք խաղում, այնպես է ստացվում, որ օրվա մեծ մասը ես Լիկան եմ։ Կարծես անձի երկվություն լինի ինձ մոտ»։

Մեր ասպարեզում շատ եմ հանդիպել նախանձ, չարացած մարդկանց

Կարիերայի ընթացքում Արփին ունեցել է ինչպես վերելքի, այնպես էլ անկումային փուլեր, ինչը բնականոն է համարում։ «Հիասթափություններ յուրաքանչյուրիս մոտ լինում են թե՛ անձնական , թե՛ գործնական, թե՛ ընտանեկան կյանքում։ Դրանց հաջորդում են ոգևորություններ։ Եթե մենք հիասթափություններ չապրենք, ոգևորությունների ալիքը չենք զգա։ Կյանքը բաղկացած է հենց հիասթափություններից ու ոգևորություններից, իրար հակադրվող երևույթներից։ Ամենամեծ հիասթափությանս վրա չեմ էլ ֆիքսվել, որովհետև չեմ սիրում կառչել բացասականից։ Ամեն առումով դրական մարդ եմ։ Նույնիսկ  բացասական երևույթի մեջ գտնում եմ դրականը, որովհետև այն, իսկապես, կա»,- ասաց Արփին։

Մասնագիտական անկման փուլեր, այնուամենայնիվ, նա զգացել է։ Շեշտեց, որ դերասանի համար շատ կարևոր է ներգրավված լինել տարբեր նախագծերում  չլճանալու և  «մարզավիճակում» լինելու համար։ «Քանի որ մեր իրականության  մեջ չկա նախագծերի բազմազանություն, ֆիլմերի տարափ, դժվար է։ Մասնագիտական անկումներ լինում են։ Օրինակ, արդեն 9 եթերաշրջան է` խաղում ենք «Ֆուլ հաուսում», իհարկե, կերպարս զարգանում է, փոփոխվում, բայց մասնագիտական առումով նույն տեղում եմ, ինչը բարդ է դերասանի համար»,– ասաց նա, միաժամանակ, շեշտեց, որ «Ֆուլ հաուսն» իր կարիերայում առանցքային նախագիծ է։

Արփին նկատեց, որ տարիների ընթացքում հասցրել է հիասթափվել նաև մարդկանց տեսակից, որոնց հանդիպել է գործի բերումով։ «Մեր ասպարեզում շատ եմ հանդիպել նախանձ, չարացած մարդկանց, ինչն ինձ համար  տարօրինակ է։ Ենթադրում եմ՝ իրենց կյանքում եղել է բաց, որից իրենք չարացել են։ Փառք Աստծո, դա իմ մեջ չկա։ Ես չգիտեմ` ինքս բարի՞ եմ, թե՞ չէ, բայց ես իմ կյանքում չեմ ունեցել այնպիսի բաց, որի համար կարող եմ չարանալ։ Ըստ իս` չար մարդիկ չկան, մարդիկ չարանում են տարբեր երևույթներից,– ասաց նա, ապա հավելեց,– առօրյայում ատում եմ դերասանություն անել։ Ես շատ եմ հանդիպել մարդանց, որոնք կյանքում շատ ավելի լավ դերասաններ են, սակայն տարիներ շարունակ չես կարող հասկանալ` իրականում ով են։ Կյանքում այդքան խաղալն ամենաստոր բանն է»։

Անհարմար իրավիճակներ` բեմում

Տեքստ մոռանալ, անհարմար իրավիճակում հայտնվել, վայր ընկնելուց փրկվել կամ պարզապես բեմ բարձրանալուց 5 րոպե առաջ վատ լուր ստանալ. ինչ իրավիճակում ասես` հայտնվում են դերասանները, սակայն ամեն բան անում են, որ հանդիսատեսը դա նկատի։

«Ինձ համար շատ կարևոր է բեմում մոռանալ բոլոր խնդիրներս։ Որքան էլ բարդ լինի, եթե անգամ 5 րոպե  առաջ քո կյանքում կարևոր իրադարձություն է եղել, բեմում չպետք է քեզ անհանգստացնի։ Դա իսկապես շատ դժվար է։ Եղել են ներկայացումներ, երբ իմ հոգեվիճակն ու ապրումները բացարձակ տեղին չեն եղել բեմ դուրս գալու և խաղալու համար, բայց ես դա արել եմ, որովհետև հանդիսատեսը մեղավոր չէ և կարևոր չէ` Արփին ինչ է զգում։ Մարդիկ գալիս են քո խաղը տեսնելու և իրենց չի հետաքրքրում քո առօրյա խնդիրը»,– ասաց դերասանուհին։

Բեմում էլ անհարմար իրավիճակներ լինում են։ Արփիի արած իմպրովիզը մի անգամ շփոթության է ենթարկել գործընկերոջը, հետո հասկացել է, որ իմպրովիզներ պետք է անի այն գործընկերների հետ, որոնց հետ աշխատելու փորձը մեծ է։ Հիմա իմպրովիզներ հաճախ է անում «Ֆուլ հաուսում», մյուս դեպքերում հաշվի է  առնում` ով է խաղընկերը։

Տեքստերը մոռանալու դրվագներ էլ եղել են, բայց Արփին ունի իր բանաձևը` անգիր չանել։ «Ես անգիր չեմ հիշում, իմաստային եմ ընկալում սցենարն ու փոխանցում  հանդիսատեսին։ Այդպես խաղն ավելի օրգանիկ է ստացվում։ Ես էլ եմ շփոթվել, սակայն նման դեպքերում փորձում եմ վերադառնալ այդ կտորին ու նորից խաղալ, որպեսզի հանդիսատեսը բաց չթողնի այդ հատվածը։ Եղել են նաև դեպքեր, երբ նկատել եմ, որ խաղընկերս է մոռացել տեքստն ու այդ մասին հարց եմ տվել, որպեսզի հասկանա, որ մոռացավ այդ հատվածը։ Բեմում ամեն ինչ լինում է»,– ծիծաղելով ասաց Արփին։

Ժամանակին նպատակներս շատ հեռու էին գնում

«5 տարի առաջ ես ունեի տիեզերական երազանքներ կապված դերասանական արվեստի հետ։ Քանի որ հաճախ էի լինում ԱՄՆ–ում, որոշել էի այնտեղ դասընթացների գնալ, հավատում էի, որ կարող եմ այնտեղ աշխատել,– հիշեց Արփին, ապա նկատեց, որ հիմա այդ ամենին ավելի ռեալ է նայում,– այնտեղ դասերի համար բավականին մեծ ֆինանսներ են պետք, քասթինգների գնալու համար էլ է ֆինանս պետք, միայն նրա համար, որ այնտեղ ապրես, չաշխատես  ու ժամանակդ տրամադրես քասթինգների գնալուն։ Ամեն ինչ միանշանակ չէ, ինչպես յուրաքանչյուր տեղ, այնտեղ էլ կան  բարեկամ–ծանոթի գործոններ, գլխավոր դերերը «չանթածներ»։ Տարբերությունը մեծ ու փոքր մասշտաբներն են»։

Այնուամենայնիվ, Արփին չի հրաժարվել այս երազանքից։ Դիտարկմանը, որ Հայաստանի ամենալավ վարձատրվող դերասանուհիներից մեկն է համարում, արդյոք դա իրեն հնարավորություն չի տալիս ինչ–որ ժամանակ էլ տրամադրել ԱՄՆ–ում աշխատելուն և ուսում ստանալուն, արձագանքեց. «Ես ինձ այսօր կարող եմ թույլ տալ գնալ սովորելու։ Չեմ կարող ասել, որ այդ երազանքը լիակատար վերացել է, բայց ես ռեալ եմ նայում այդ հարցին։ Ես հավատում եմ Աստծուն, եթե ես պիտի հասնեմ ինչ–որ բարձունքի, կհասնեմ և կարևոր չէ, թե դա որ տարիքում կլինի»։

Մասնագիտության նվերը` ճամփորդություններ

Հայտնիությունն Արփիի կենսակերպը լիովին փոխել է։ Մեր հարցազրույցն էլ մի քանի անգամ ընդհատվեց, քանի որ մարդիկ ուզում էին նկարվել նրա հետ, թեև քաղաքի ամենափակ սրճարաններից մեկում էինք։ Նա ժպիտով նկատեց, որմի քանի տարի է` Երևանում հանգիստ զբոսնելու հնարավորություն չունի։ «Ես տարիներ շարունակ չեմ կարողանում քայլել մեր սիրելի քաղաքում։ Շատ տեղեր կան, որոնց մասին տեղյակ չեմ։ Ես կարող եմ խոսել Լոս Անջելեսի ժամանցային լավ վայրի մասին, բայց ոչ Երևանի։ Եթե այստեղ եմ լինում, կամ աշխատում եմ, կամ նախընտրում եմ ընտանիքիս հետ լինել։ Իհարկե, չեմ տրտնջում։ Ես այն տեսակն եմ, որ եթե աշխատանքս ինձ դուր չգար, այլ բանով կզբաղվեի»,– ասաց Արփին։

Երևանում քիչ լինելը պայմանավորված է հաճախակի ճամփորդություններով, որոնք իր մասնագիտության նվերն են։ Շրջագայությունները հաճախ հոգնեցուցիչ են, բայց և մեծ էներգիա ու նորը տեսնելու, սովորելու հնարավորություն են տալիս։

«Ճամփորդելն ինձ շատ բան է տվել։ Որքան շատ երկիր ես տեսնում, մտահորիզոնդ փոխվում է։ Որպես զարգացող մարդ` յուրաքանչյուր երկիր այցելելը, նոր մշակույթի ծանոթանալը շատ բան է տալիս ինձ։  Չնայած շատ եմ սիրում քնել, անպայման, ժամանակ եմ հատկացնում երկրի մշակույթին  ծանոթանալու համար։ Հանուն դրա պատրաստ եմ նույնիսկ չքնել,– ասաց նա ու մտաբերեց մի միջադեպ, երբ իրեն չէր ներում քնով անցնելու համար,– Վիեննայում համերգ ունեինք, որից առաջ ևս խիտ գրաֆիկով համերգներ էինք ունեցել։ Օդանավակայանից գնացինք ներկայացում խաղալու, հետո` հյուրանոց։ Առավոտյան ինձ արթնացրին, որ հասնենք թռիչքին։ Հասկացա, որ չհասցրեցի տեսնել Վիեննան, ինձ անընդհատ մեղադրում էի քնելու ու համար, թեև ֆիզիկապես չէի էլ կարող չքնել, այդպիսի գրաֆիկի դեպքում դա բնական պահանջ է։ Հաջորդ այցիս ուղղեցի սխալս»։

The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course