Հայաստանի 2 ներկայացուցիչ բրոնզե մեդալակիր է դարձել. ըմբշամարտի պատանեկան ԵԱ
SPORTԼուսանկարում՝ Արմեն Հարությունյան
Armsport.am-ը գրում է.
Իտալիայի Ֆաենցա քաղաքում այս օրերին ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի երկու ներկայացուցիչ այսօր դարձել է բրոնզե մեդալակիր։
45 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Հոմերոս Առաքելյանը։ Մեդալի համար գոտեմարտում մեր ըմբիշը ջախջախիչ՝ 9-0 հաշվով հաղթել է լիտվացի Ռոկաս Չեպաուսկասին։ 51 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալ է նվաճել Արմեն Հարությունյանը, որը 6-3 հաշվով հաղթել է ադրբեջանցի Նիհադ Գուլուզադեին։
Ավելի վաղ մեր ընտրանին ևս երկու մեդալ էր նվաճել․ Վիգեն Նազարյանը (80 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր՝ եզրափակչում 0-3 հաշվով պարտվելով ռումինացի Վասիլ Դանիել Կոժոկին, իսկ Կարապետ Մանվելյանն (48 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:
Վարուժան Անտոնյանը (55 կգ), Արման Խաչիկյանը (65 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (110 կգ) պարտություն են կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում։ Մեր ընտրանու կազմում Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել են նաև Աշոտ Խաչատրյանը (60 կգ), Լյովա Խաչատրյանը (71 կգ) և Ռազմիկ Մահլումյանը (92 կգ), որոնք հաջողության չեն հասել: