ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են ՀՀ-ի միջոցով Եգիպտոսի համար ԵԱՏՄ շուկայի հնարավարությունները
ECONOMICSՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հուլիսի 2-ին, ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Նախարարը եւ դեսպանը քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցության ներկա իրավիճակը եւ զարգացման ներուժը։ Կողմերն ընդգծել են առեւտրատնտեսական տարբեր փաստաթղթերում ամրագրված նպատակները հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։
Նախարարը հավելել է, որ Հայաստանի կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը նոր հնարավորություններ կբացի եգիպտացի գործարարների համար։ Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի միջոցով եգիպտական բիզնեսի համար ԵԱՏՄ շուկայում բացվող հնարավարություններին։ Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Եգիպտոսի գործարար համայնքների միջեւ շփումների համար արդյունավետ ձեւաչափի սահմանումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի ձեւաչափին եւ հետագա կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։