«Առաջինն Արփիի հետ եմ մեկնում հանգստի, որպեսզի հետո ընկերներիս հետ կամ մենակ մեկնելիս սրտիս դարդ չլինի»․ Աննա Մանուչարյանը՝ ամառային հանգստի մասին
LIFEԴերասանուհի Աննա Մանուչարյանն աշխատանքի բերումով Սոչիում գտնվելով, հասցրել է նաև հանգսիտը համատեղել ու վայելել։ Նա ծրագրում է ևս մեկ անգամ մեկնել ամառային հանգստի, այս անգամ՝ ընտանիքի՝ դստեր և մայրիկի հետ։ Ծովափնյա հանգստի սիրահար դերասանուհին դեռ չի որոշել, թե որ երկիր է մեկնելու այս անգամ։
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ սիրում է արևայրուք, հետևաբար, հանգստի համար նախապատվությունը տալիս է այնպիսի երկրների, որտեղ նաև լողափ գնալու հնարավորություն կա։
«Իրականում պասիվ հանգստի սիրահար եմ: Աշխատանքիս բերումով ակտիվ կյանք եմ վարում, այնպես որ, ամռանը նախընտրում եմ հնարավորինս ոչինչ չանել։ Միանշանակ, ամառային օրերին սիրում եմ հանգստանալ այնպիսի քաղաքներում, որտեղ ծով կամ օվկիանոս կա, կարող եմ արևայրուք ընդունել, պառկել օկիանոսի ափին, նայել ալիքներին, լսել ջրի ձայնը և ոչինչ չանել»,- ասաց Աննան։
Թե ինչպես է կազմակերպում, դերասանուհու խոսքով, կախված է իր տրամադրությունից։ «Հոգնածության ինչ աստիճան կունենամ, ինչ տրամադրություն կլինի, ըստ դրա էլ որոշում եմ՝ ուր մեկնել։ Իհարկե, եթե հնարավորություն է լինում ամռանը մի քանի անգամ գնալ հանգստի, նախընտրում եմ առաջինն Արփիի հետ մեկնել հանգստի, որպեսզի հետո ընկերներիս հետ կամ մենակ մեկնելիս սրտիս դարդ չլինի,- նշեց դերասանուհին՝ հավելելով, որ ինքն ունի ամբողջ աշխարհով շրջագայելու մեծ երազանք, ապա ծիծաղելով շարունակեց,- հենց առաջին միլիարդ դոլարն աշխատեմ, մեկնելու եմ ամբողջ աշխարհով շրջագայելու»։