Լիդուշիկը՝ փարիզյան իր այցի եւ մանկական աշխարհից «չհեռանալու» մասին
LIFEԼիդուշիկն առաջին անգամ Փարիզ էր ժամանել՝ ֆրանսահայ երեխաներին անակնկալ մատուցելու. Փարիզին հարակից երեք քաղաքներում կայացած «Լուկի-Բուկիի կրկեսը» ներկայացման վերջում սպասված անակնկալը հենց երեխաների կողմից սիրված երգչուհին էր:
Բուրատինոյին եւ պատմության մյուս հերոսներին ուշադիր հետեւելուց հետո մանուկները մեծ ոգեւորությամբ դիմավորել են երգչուհուն. նա հանդես է եկել երեք ներկայացման մեջ:
Հուլիսի 11-ին Լիդուշիկը կդառնա 20 տարեկան: Խորհրդանշական տարիքին ընդառաջ նա արդեն ոճային փոփոխություն արել է, բայց չի շտապում տեղափոխվել մեծերի աշխարհ՝ շարունակում է երգել երեխաների համար: Երգչուհին նշում է, որ իրեն չի հոգնեցրել մանուկների աշխարհում լինելը:
«Անընդհատ փորձում եմ նոր ինչ-որ բաներ անել, որ հետաքրքիր լինի: Ինչքան որ երեխաները ցանկանան, այդքան այդ բոլոր երգերը պետք է երգեմ: Ես ունեմ «մեծական» երգեր, բայց, օրինակ, այս անգամ էլ նախընտրեցին ավելի շատ մանկական երգեր լսել, քանի որ առաջին անգամ պետք է փոքրիկների հետ հանդիպեի: Իմ կարծիքով՝ 50 տարեկանում էլ եմ մանկական երգեր երգելու»,-կատակում է երգչուհին: