ՀՀ տարբեր հատվածներում արձանագրվել են անտառահատումներ, 1 օրում հայտնաբերվել է 19 խմ փայտանյութ և 460 պարկ փայտածուխ. ոստիկանություն
ECONOMICSՀուլիսի 9-ին՝ ժամը 3-ն անց 50-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Դիլիջանի ոլորաններում նկատել է փայտով բարձված 10-ից 15 բեռնատար։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ահազանգի մասին զեկուցվել է ՀՀ ոստիկանության պետին։ Ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության ստորաբաժանումներին անցնել շուրջօրյա ուժեղացված ծառայության, տեղակայել շարժական պահակետեր և հայտնաբերել ապօրինի ծառահատման դեպքեր։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջոցառումների շնորհիվ հանրապետության տարբեր հատվածներում հուլիսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է փայտանյութով բարձված 32 բեռնատար, որոնցից 9-ի վարորդները չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր։
Ըստ նախնական տվյալների՝ նշված մեքենաներում հայտնաբերված ապօրինի փայտանյութը կազմել է ընդհանուր շուրջ 19 խմ, նաև 460 պարկ փայտածուխ։
Ուժեղացված ծառայության ընթացքում 6 մեքենայի վարորդ չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» ազդանշանին։ Դրանցից 3-ը հայտնաբերվել են, և վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նրանք տուգանվել են 200,000-ական դրամի չափով։
Բացի այդ, հուլիսի լույս 11-ի գիշերը ՀՀ ազգային ժողովի պատգամավորներից մեկը իր ֆեյսբուքյան էջում փայտանյութով բարձված բեռնատարի լուսանկարներ է հրապարակել և հայտնել, որ Արցախից Երևան ավտոճանապարհին փայտով բեռնված մեքենաներ են։
Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանները լուսանկարներում պատկերված մեքենան ու վարորդին հայտնաբերել են Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում։
Մեքենայի վարորդը իրավապահներին է ներկայացրել «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տրամադրած անտառանյութի բացթողման անդորրագիր։
Ոստիկանության ուժեղացված ծառայությունը շարունակվում է։ Ոստիկանությունից կոչ ենք անում չխախտել օրենքը։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվում են ու կանգնում արդարադատության առաջ։