Մի դեղձի վրա կարկուտի 5 տեղ կա. ֆերմերի բերքը կարկուտը հողին է հավասարեցրել
ECONOMICS
Տավուշի մարզի Արճիս համայնքում 10 օր առաջ տեղացած կարկուտը հողին է հավասարեցրել համայնքի բնակիչ, ֆերմեր Անի Սահակյանի այգու բերքը։ NEWS.am-ին Անի Սահակյանը պատմեց, որ ընտանիքը 1 միլիոն դրամից շատ վարկ է վերցրել. «Դեղձի այգիներ ունենք, խնձորենիներ, թզենիներ, խաղողի վազեր, վարունգ, պոմիդոր։ Դրանք ամբողջությամբ փչացել են, մի հատը չի մնացել»։
Նա պատմեց, որ կարկտային կայաններից մեկն իր այգու վրա է տեղադրված, սակայն կարկուտը եկել է և որեւէ կերպ չի օգնել. «Կարկուտը գալիս է, չի էլ կրակում։ Բերել են, տեղը զբաղեցրել են առանց օգուտի։ Ոչ արձագանք կա Գյուղատնտեսության նախարարությունից, ոչ էլ՝ մարզպետարանից»։
Ֆերմերն ասաց, որ իրենք պետության աջակցությանն են սպասում, դիմել են համայնքապետարան, եւ սպասում են արձագանքին. «Համայնքապետարան դիմել ենք, մեզ ասացին՝ անունները գրենք, որ օգնություն գա, սակայն մինչեւ այսօր ոչ մի լուր չկա։ Մեզ ոչ ձմեռվա ուտելիք մնաց, ոչ շուկայում յուրացնելու»։