Հայաստանի իմիջի համար տուրիզմը առանցքային նշանակություն ունի. փորձագետ
ECONOMICSՀայաստանի իմիջի համար տուրիզմը առանցքային նշանակություն ունի: Օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը ոչ միայն զբոսաշրջիկների, այլեւ նրանց համար, ովքեր կցանկանային այստեղ ապրել ցանկալի երկրի վերածելու նպատակով անհրաժեշտ է զարգացման ռազմավարություն ունենալ:
«Տուրիզմի հարցերով կոմիտեն պետք է լուրջ աշխատանք կատարի, առաջին հերթին՝ զարգացման թիրախային հայեցակարգի ստեղծման եւ ոլորտում խնդիրների լուծման ուղղությամբ»,- շեշտեց Ապրեսյանը:
Փորձագետը նշեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է մրցունակ արտադրանք ստեղծել գնի եւ որակի հարաբերակցությամբ:
«Հավասարակշռված արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածք ստեղծել, կադրեր պատրաստել, ապահովել Հայաստանի հասանելիությունը տուրիզմի համաշխարհային շուկային»,- նշեց նա:
Ապրեսյանը հավելեց, թե հարկավոր է հաշվի առնել, որ տուրիզմը ունի ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական, մշակութային, սոցիալական նշանակություն:
Նա նշեց, որ ոլորտում հաջողություններ կան, սակայն պետք է կարողանալ օգտագործել այդ ներուժը, հակառակ դեպքում ոչ գրագետ կառավարման արդյունքում կարելի է վնաս հասցնել հեղինակությանը:
«Տվյալ ոլորտը լուրջ ազդեցություն ունի երկրի հեղինակության ձեւավորման վրա եւ կարող է հաջողության գրավական դառնալ ներդումային ծրագրերի իրականացման տեսանկյունից»,- ասաց Ապրեսյանը: