Ադրբեջանցի ձերբակալված գեներալները վախենում են իրենց իսկ հրամանով տեղադրված գաղտնալսող սարքերից
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի ԱԱՆ ձերբակալված աշխատակիցները տեսակցությունների սենյակներում փաստաբանների հետ հանդիպումների ժամանակ շշուկով են խոսում, քանի որ վստահ են, որ դրանցում գաղտնալսող սարքեր կան: Հենց նրանք են ժամանակին այդ սենյակներում այդպիսի սարքեր տեղադրելու հրաման տվել: Այս մասին haqqin.az-ին հայտարարել է ԱԱՆ նախկին աշխատակիցներից մեկի փաստաբան Քյամանդար Նասիբովը:
Փաստաբանը, ինչպես եւ գեներալ Ա.Չովդարովի պաշտպան Ռասուլ Սադիգովը, վրդովված է մեկուսարանում պաշտպանական կողմի անձնական գրառումների անհիմն ստուգումների առիթով: «Դա դատաիրավական օրենսգրքի կոպիտ խախտում է, քանի որ մեզ զրկում են պաշտպանության իրավունքից: Շատերն են վրդովվում, թե ինչու ենք պաշտպանում սեփական ժողովրդի դեմ սարսափելի հանցագործություններ կատարած ԱԱՆ նախկին աշխատակիցներին: Նախ՝ այդ հանցագործությունները դեռեւս պետք է դատական կարգով ապացուցվեն, չէ՞ որ Ադրբեջանն իրավական պետություն է, այնպես չէ՞: Երկրորդ՝ բոլոր հանցագործները պաշտպանության իրավունք ունեն: Եվ մենք, որպես պրոֆեսիոնալ փաստաբաններ, պարտավոր ենք նրանց պաշտպանություն ապահովել: Բայց մեզ թույլ չեն տալիս աշխատել»,- ասել է Նասիբովը:
Փաստաբանը մտադիր է բողոք ներկայացնել դատարան եւ Ադրբեջանի նախագահին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԱՆ-ի շուրջ սկանդալ է հասունացել: Նախարարին ազատել են պաշտոնից, միաժամանակ պարզվել է, որ գերատեսչությունը զբաղվել է դրամաշորթությամբ եւ մարդկանց առեւանգմամբ:



