ՀԷՑ-ը չկարողացավ հանել այն գումարը, որի համար արվեց նախորդ թանկացումը. Էդմոն Մարուքյան
INTERVIEWԱրդեն երրորդ օրն է՝ Ազատության հրապարակում շարունակվում է քաղաքացիների նստացույցը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:
Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ժամանակ էին տվել իշխանություններին, որպեսզի վերջիններս կասեցնեն թանկացման որոշումը: Իսկ այսօր տեղի է ունենալու հանրահավաք, որից հետո մասնակիցները երթով շարժվելու են դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր:
Past.am-ի հետ զրույցում ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դրական գնահատեց նստացույցը, որպես պայքարի ռազմավարություն: Նա, մասնավորապես, ասաց. «Ակցիայի նորմալ տարբերակ է նստացույցը, երթը և այլն: Այստեղ որևէ խնդիր չկա: Իսկ թե ինչ ազդեցություն կունենա այդ ամենը, ես չեմ կարող ասել, բայց միանշանակ է, որ պայքարը պետք է»:
Խոսելով հանգուցալուծումից՝ պատգամավորն ասաց. «Գիտեք, հանգուցալուծում չի երևում: Պետք է հասկանանք, թե նման խնդիրների դեմ պայքարի իրավական ի՞նչ մեխանիզմներ կան, որպեսզի ապագայում դրա առաջ նորից չկանգնենք, որովհետև մեկ տարի առաջ նույն հիմնավորումներով թանկացվել է, և մեկ տարի հետո նույնը կարող է կրկնվել: Պետք է հետևանքի դեմ պայքարել, այլ ոչ՝ պատճառի»:
Մեր այն հարցին՝ արդյո՞ք թանկացնելով, չեն հաշվարկում, որ դա կբերի էլեկտրաէներգիայի սպառման ծավալների կրճատման, և դրանով հնարավոր չէ փրկել համակարգը, պատգամավորը պատասխանեց. «Ես նախորդ փորձից կարող եմ վստահաբար ասել, որ ինչ գումարի սպասումով թանկացրեցին, այդ գումարը չի հանվել, որովհետև բնակչությունը սկսել է ավելի քիչ էլեկտրաէներգիա ծախսել: Այն դերը, որը թանկացումը պետք է խաղար ՀԷՑ-ի համար, այդ դերը չի խաղացել: Հիմա էլ նույնն է լինելու: Մարդիկ սկսելու են տնտեսել, ինչը կբերի ծախսերի նվազեցման: Սա ինձ համար էլեմենտար է, իսկ եթե ՀԷՑ-ի համար էլեմենտար լիներ, չէին գնա թանկացման»:
Լևոն Փանոսյան