Մեծ քանակով վիտամիններ, հանքանյութեր… սրանք մասուրն անփոխարինելի են դարձնում: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ մասուրն օգտագործվում է մի խումբ առողջական խնդիրների դեմ պայքարում: Այն մի քանի անգամ ավելի շատ վիտամին C է պարունակում, քան կիտրոնը:
Ինչ նյութերով է հարուստ մասուրը
A վիտամին: Բարձրացնում է վնասակար միկրոօրգանիզմների դեմ պայքարելու օրգանիզմի կարողությունը, հակաբորբոքային ազդեցություն է ունենում:
B1, B2 վիտամիններ: Դրական ազդեցություն են ունենում արյունատար համակարգի վրա:
B6 վիտամինը կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը, նյութափոխանակության գործընթացը:
C վիտամինը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, օրգանիզմից դուրս բերում տոքսինները, հակաբակտերիալ ազդեցություն ունենում:
E վիտամինը հակաօքսիդանտ է, որն ամրացնում է անոթների պատերն ու իմունային համակարգը:
K վիտամինը կարգավորում է արյան մակարդելիությունը, անոթային համակարգի աշխատանքը, բարենպաստ ազդեցություն ունենում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա:
P վիտամինն ամրացնում է անոթները, նպաստում C վիտամինի յուրացմանը:
Մասուրը հարուստ է այլ սննդարար նյութերով ևս՝ օրգանական թթուներ, պեկտին, հանքանյութեր՝ մագնիում, կալցիում, ֆոսֆոր:
Երբ է հարկավոր մասուր օգտագործել
Մասուրն օգնում է պայքարել շնչուղիների հիվանդությունների, բորբոքման, այլ հիվանդությունների դեմ: Դրա բաղադրիչները դրական ազդեցություն են ունենում նյութափոխանակության, միզասեռական, արյունատար համակարգերի աշխատանքի վրա: Մասուրն օգնում է արագացնել վերքերի, խոցերի ապաքինումը, պայքարել գաստրիտի դեմ:
Մասուրի արմատն օգտագործվում է նաև ոտքերի սնկային վարակի դեմ պայքարում: