Ազատ ոճային ըմբիշները կմասնակցեն աշխարհի ակումբային առաջնությանը
SPORTԻրանի մայրաքաղաք Թեհրանում նոյեմբերի 26-27-ը կկայանա ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա «Տաշիր» ակումբով:
Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Հայ ազատ ոճայինները Թեհրան են մեկնելու հետևյալ կազմով` Գառնիկ Մնացականյան (57 կգ), Երվանդ Թադևոսյան (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Էդգար Ենոքյան (86 կգ) և Անդրանիկ Գալստյան (125 կգ):
Թիմը գլխավորում են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը և մարզիչ Հովսեփ Հովսեփյանը:
Աշխարհի ակումբային առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար: Առաջին տեղ գրաված ակումբը կստանա 50 հազար, երկրորդը` 30 հազար և երրորդը` 20 հազար դոլար:
Դեկտեմբերի 14-16-ը Թեհրանում կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա «Դինամո» ակումբով: