Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

CULTURE

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

ԻՆ­ՁԱ­ՆԻՑ ԱՌԱՋ ԵՎ ԻՆ­ՁԱ­ՆԻՑ ՀԵ­ՏՈ

(Հատված Հայաստանի գրողների միության համագումարում ելույթից)

Այս գրողների միությունը այսպիսի կառույցով, այս ժամանակահատվածում չի համապատասխանում ներկա պահանջներին:

Տոտալիտար երկիրը փլուզվել է, բայց նրանից որպես բանդագուշանք մնացած տոտալիտար կառույցը իր համայնավարական սկզբունքներով կա, ռեժիմն ինքն էլ ստեղծում է խումբը, խմբի շահերը, ինչպես եղել է 70 տարի:

Հարկավոր է այստեղ հավաքված 300 հոգով արիություն ունենալ եւ հաստատման ներկայացված Գրողների միության նոր կանոնադրության նախագծի մեջ փոփոխություններ կատարել, այնպիսի կետեր մտցնել, որ ցանկացողները կարողանան դուրս գալ հին Գրողների միությունից, եւ որևէ գրական ուղղության, սկզբունքի, նորարարության շուրջ իրենց պատկերացրած նոր, անկախ գրողների ընկերությունները ստեղծեն, այն էլ՝ մի քանիսը: 

Նման մասնատման մեջ որևէ սարսափելի բան չկա, եթե կարողանանք կանոնադրությունը տնտեսագիտական եւ իրավաբանական ճշգրտումներով հաստատել: Այսպես է Ռուսաստանում, մեր հարևան Վրաստան-Ադրբեջանում, այսպես է ամբողջ Եվրոպայում:

Գրողների միությունը գրականության շահի համար իր տնտեսությունով բաժանվելով մի քանի ընկերությունների, նախ հնարավորություն կտա, որ ամեն մեկն իր թերթերով, ամսագրերով, տպագրված գրքերով, մյուսի հետ պնդաջիլ մրցակցություն ունենա՝ կծաղկի տարբեր ուղղություններին հարող առողջ գրականությունը:

Նման քայլը մեր գրականության շուրջ լռության շրջափակումը բացելու համար լավագույն ելքն է լինելու՝ ամեն մի ընկերություն իր փոքրիկ, թեթև խմբերով աշխարհի չորս ծագերի ուղղությամբ կռվելով՝ առաջ կգնա:

Ամենքս մի կողմի վրա՝ արևելք եւ արևմուտք, ես համոզված եմ՝ որևէ մեկը տեղ կհասնի, կներկայանա մեր դարավոր մշակույթի անունից:

Հանդգնություն պիտի ունենանք կեղևից դուրս գալու՝ մեր բողբոջը մեզանից դա է պահանջում: Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի բացվել: Մեզ համար միայն աշխարհը բացելը չէ կարևոր, այլ ներդրում ունենալ համաշխարհային մշակույթի մեջ. ահա մեր գերխնդիրը:

Եթե կարողանայինք այս 35 հազար քառակուսի կիլոմետր (Արցախն էլ հետը) փոքրիկ տարածքի վրա ապրող քիչ մարդկանցով պատմության քառուղիներն անցած ժողովրդի մշակույթի խորհուրդը, բարոյականությունը, քմահաճ հողի եւ հպարտ մարդու փոխադարձ կնքած դաշինքը գեղարվեստական խոսքի զորությամբ աշխարհի սրտի մեջ դնեինք, ապա համակիր ունկնդիրներ կունենայինք:

Շատ երկրներում եղածի իմ փորձով կարող եմ վկայություն տալ, որ մեր տեսակի գեղարվեստական ներսը հետաքրքիր է աշխարհի համար, պիտի թույլ տանք, որ լսի մեզ ու մեր հևքը ունենա մեզանից: Այդ առաքելությամբ համաշխարհային գրականության մեջ ներդրվել կարողանալը դիտվելու է՝ որպես պատմաբանների, քրիստոնեության դրոշի, դիվանագետների զորությամբ արված գործին հավասար:

Բայց մենք այս առաջընթացով անորոշ հեռվի ճանապարհն ենք բռնել, Գրողների միության այսպիսի կառույցով ո՞ւր ենք գնալու, այսչափ վախվորածությունը ո՞ւր կտանի…

Բազմաքանակ, հարյուրներով, տարեկան տպագրվող գրքերի անուններ են տալիս. շատ գրքեր տպագրելը դեռևս գիրք տպագրել չի նշանակում… Եթե դրանց գրական որակի համար Գրողների միությունը պատասխանատու չէ, գոնե կազմակերպվող շնորհանդեսների, ավելի շատ կողմնակիցներ ձեռք բերելու նպատակով անընդհատ նորանոր մարդկանց անդամագրելու համար պատասխանատվություն կրո՞ւմ է…

Կորել է գրական պրոֆեսիոնալիզմի պատվախնդրությունը՝ գրքահեղեղի պատճառով: Կորել է սպիտակ թղթի եւ սեւ թանաքի վիճաբանության երկյուղը: Փոխարենը սկսվել է մասսայական ճշմարտությունների ժամանակաշրջանը: Բողբոջի համար կեղև է պետք բացել:

Իսկ այսօրվա գրաքննադատությունը գրականության մուտքի համար նպաստավոր պայմաններ, գեղարվեստական դաշտի մթնոլորտ չի ստեղծում: 

Տասնյակ տարիների ընթացքում առաջացած գրաքննադատությունը ինչքան էլ տապալված փուլեր է ունեցել, բոլոր դեպքերում ստեղծել էր ուղենիշը: Գրականության նկատմամբ ձևավորել էր քրիստոմատիկ համակարգ, հիմա տարիների ընթացքում մշակված լուսավոր այդ կորիզն ենք կորցնում:

Գրաքննադատության դերը աշխարհում միշտ եղել է ու կա՝ գրականության տեսակն ու որակը իրարից զատել, պատմվածքը՝ պատմվածքից, պիեսը՝ պիեսից, գրողին գրողից բաժանել…

Մեր գրաքննադատությունն այսօր մեկ ուրիշ կարգավիճակի է հասել, հենց ինքն իր վճիտ ակունքների սկզբունքներին հակառակ, ի հեճուկս հենց ինքն իրեն, ամբողջ գրականությունը միատեղում, փորձում է բոլորին մի անկողնում անվեճ քնեցնել, այն ամուսինների նման, որոնք մի կյանք հաշտ ու խաղաղ ապրում են միասին, բայց օտար են իրար:

Իսկ նպատակը ոչ թե իրար նմանեցնելը պիտի լինի, այլ իրարից տարբերակելը: Նոր, շնորհալի սերունդ է գալիս, նրանք տեսնող աչքի են սպասում: Համառորեն թեզական գրաքննադատությունը իր դիրքերն է հաստատում: Եթե այդպես չլիներ, գրաքննադատությունը ձեռքը բռներ, ապա որտեղից էր լինելու մրցանակաբաշխության այսքան առատ՝ հեքիաթային ոսկե խոնչայի նվիրատվությունները: Գրողների միությունը հսկայական միջոցներ է ծախսում թարգմանչաց տոների համար: Ռուսական շուկան մեզ վաղուց է հայտնի. այդ գործն իր հին կապերով պիտի թողնել ավագ սերնդին՝ նոր սերունդի համար անհրաժեշտ է Եվրոպա դուրս գալու քայլեր ապահովել: 

Թարգմանությունը, մանավանդ տեղեկատվական այս ժամանակաշրջանում, երբ վրացիները եւ ադրբեջանցիները Արևմուտքի դռներից չեն հեռանում, պիտի գրողների ընկերությունների համար ազգային գործունեության նպատակ դարձնել, միաժամանակ լավագույն պայքարի միջոցը կլինի միջակության դեմ:

Գրողների միության մյուս կարևորագույն խնդիրներից մեկը լեզուն է, որն աչքաթող է արվել մինչև հիմա, այս պատճառով սփյուռք ենք կորցնում: Աբեղյանական ուղղագրությունը, որ անգամ ժամանակին համազգային քննարկման չդրվեց, տարեցտարի օտարություն մտցրեց Հայաստանի եւ Սփյուռքի միջև, խզեց հաղորդակցության խորքային կապը, քանի գնաց՝ միմյանց լեզվամտածողության եւ հոգեբանության նկատմամբ անհաղորդ դարձանք, ինչը շատ վաղուց ռուսական պանշովինիզմի երազանքն էր՝ հայկական երկու հատվածներին զրկել ազգային մտածողության եւ գաղափարախոսական խնդիրնրից:

Մեր արմատն է մեզ փրկելու, հակառակ դեպքում՝ ամենակատարյալ բիզնեսը, հաջողակ դիվանագիտությունը, լավագույն բանակները, եթե սեփական մշակույթի վրա չեն հենված՝ փլուզվելու կամ թափվելու են: Սա է հզոր պետականություն ունենալու ժամանակակից երկրների ուղենիշը:

Որպեսզի իրականանա մեր համազգային ինքնությունը, ոչ թե կեղծ՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսով, բայց տարբեր ուղղագրություններով պիտի առաջնորդվենք, այլ իրապես «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ունենալու համար բանաստեղծի պատգամը պիտի կատարենք, թե՝ մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է:

Իսկ այսօր՝ համակարգչային դարում, Սփյուռքի հետ անգամ գրավոր հաղորդակցությունն է հայերենով, հայկական տառերով անհնար՝ ուղղագրությունների անհամապատասխանության պատճառով…

Նման իրավիճակն է պատճառը , որ Մերձավոր արևելքի հայ համայնքները նահանջում են հայերենից, Սփյուռքում շատ երիտասարդներ արդեն չեն տիրապետում հայերենին: Ապշած ենք, թե ինչո՞ւ է սկսվել հոգևոր անկում:

Այստեղ էլ ժողովուրդը լքում է հայրենիքը՝ անգամ Թուրքիա է գնում:

Պատրվակը միայն հացը չէ, հավատացած եմ, որովհետև բարոյականությունը, որ ցրտին, խավարին, սովին, պատերազմին էր դիմակայել, չխրախուսվեց: Նման հատկանիշը ապագայի ազգային ուղենիշ-կեցվածք չդարձավ:

Դրամահավաքն էլ՝ Սփյուռքից, պատերազմող Արցախից, թոշակառուներից, դպրոցականներից, մեծ ու փոքրից, թուլացրեց Գրողների միության կեցվածքը. այդ ե՞րբ էր պատահել, որ վերցներ ժողովրդից, միշտ հայրաբար ինքն էր տվել:

Հայոց աշխարհի հոգևոր դիմագիծը կոփելու, մեր երկու հատվածները վերականգնելու համար Գրողների միությունը խիզախություն պիտի ունենա լծի տակ մտնելու՝ համազգային միասնական ուղղագրությունը վերականգնելու գործում:

Ո՞ր ազգը երանի չի տա մեզ՝ 15 դար սեփական այբուբենն ու ուղղագրությունը անփոփոխ օգտագործելու համար:

Երանելի ազգային պատվախնդրություն… Գրողների միությունը պիտի հրաժարվի լավ պարողի իր համբավից: Անընդհատ պարում է իշխանությունների առաջ: Չի արձագանքում հասարակության համար ճակատագրական հարցերին կամ արձագանքում է երկրորդական նշանակություն ունեցող խնդիրներին:

Հարկավոր է տան բարոյականությունը պահողի, ազգային ծրագրեր, գաղափարներ թելադրողի դերում լինել

Երևան, 2005թ., մայիսի 21

ԱՐԱ ԱՐԹՅԱՆ

ԲԱ­ՆԱՍ­ՏԵՂ­ԾՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ

ԳՅՈՒՄՐԻ

Պիտի մնամ ես գյումրեցի

Երգե հետս, Ձորի բողազ,

Հետս երգե, ֆայտոնչու ձի,

Օր կնուտի տակ չդողաս:

Հե՜յ, ֆռնչիք, հետս երգեք,

Ընբես երգեք, օր քեֆս գա,

Գյումրին չկա, տեղը վերք է,

Ծո, վո՞վ բդի վրեն սգա:

Դալլաքներդ դառան պոետ,

Դոխբազներդ - պրոֆեսոր,

Գյումրի քաղաք, քարերուդ հետ

Թող մենակ ես խոսիմ էսօր:

Իմ Արթեն պապ, հետս երգե՝

Էն աշխարքեն թող ձենդ գա,

Գյումրին չկա, տեղը վերք է,

Ծո, վո՞վ բդի վրեն սգա:

Խելռներուդ մահն էր հանաք՝

Խնդըցրին ու գնացին,

Ղասաբներդ կերթան մենակ

Սև քարերուդ հոգեհացին:

Թե մարդ եք դուք, հետս երգեք,

Զլեք զուռնեն, օր քեֆս գա,

Գյումրին չկա, տեղը վերք է,

Ծո, վո՞վ բդի վրեն սգա:

Հին գյումրեցիք, թե չեք երգե,

Էն աշխարքեն չեք կրնա գա,

Գյումրին չկա, տեղը մենք ենք,

Ծո, երգից վեր - հե՛չ բա՛ն չկա:

ԱՌԱՎՈՏՅԱՆ ՏՐԻՈԼԵՏ

Ի՜մ քաղաքի առավոտ,

քարի վրա թխած հաց,

Քեզ չեմ նետի ես գետին,

թեկուզ ափերս վառես,

Ի՜մ մեջ ապրող լույսը ողջ-լոկ դու պիտի սպառես,

Ի՜մ քաղաքի առավոտ,

քարի վրա թխած հաց:

Ի՜մ քաղաքի առավոտ,

իմ հարսնացու լողացած,

Կաթիլները քո հնչուն իմ սրտխփոցն են ասես,

Ի՜մ քաղաքի առավոտ,

քարի վրա թխած հաց,

Քեզ չեմ նետի ես գետին,

թեկուզ ափերս վառես:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality