Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

CULTURE

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ

ԳՐՈՂՆ ՈՒ ՀԱ­ՍԱ­ՐԱ­ԿԱՅ­ՆՈՒ­ԹԻՒ­ՆԸ

Ի բնէ եւ իբրև կոչում ու պարտականութիւն, գրողը հակադրուած է ուժին ու իշխանութեան: Բիրտ ուժը միշտ էլ մարդկութեան թշնամին է եղել. ամենասարսափելի հիւանդութիւնը, որ երբևէ վարակել է աշխարհը: Ուժն ու անսանձ իշխանութիւնը քայքայում են ամէն ինչ եւ սնանկացնում հենց նրա՛նց, ովքեր իշխանութեան գլուխ են: Արուեստագէտը այն էակն է, եթէ կուզէք այն սրբազան խենթը, որ պայքարում է ուժի ու իշխանութեան դէմ՝ յանուն հասարակութեան շահերի պաշտպանելով ճշմարտութիւնը: Ահա թէ ինչու նա շարունակ հալածւում է այնտե՛ղ, ուր իշխանութիւնը զերծ է օրինական պատասխանատուութիւնից: Բիրտ ուժի առջև չկայ աւելի վտանգաւոր մի արարած՝ քան արուեստագէտը: Եթէ նա չի լռում, ապա լռեցւում է: Փորձ է կատարւում նաեւ շահագործելու արուեսագէտի ձայնը, նրան պարգևելու իշխանութեան հովանաւորութիւնը: Եւ այս՝ ժողովրդավարական ամենից յառաջադէմ երկրներից սկսած մինչև միապետական իշխանութիւնները:

Իմ պայքարը բիրտ ուժի դէմ է: Որոշ մակարդակի վրայ ԱԴԱՄԻ ԳԻՐՔԸ զայրոյթի աղաղակ է ամէն տեսակի բռնութիւնների դէմ:

Աւելի լայն առումով, իմ մտահոգութեան առանցքը մարդն է, նրա առնչուածութիւնը հասարակայնութեան հետ, նրա անհատական ու հաւաքական կեանքի իմաստի փնտռտուքը, մարդ լինելու հրաշքն ու միաժամանակ ողբերգութիւնը: Ի՞նչ է մարդը առանց ընկերութեան: Արդեօ՞ք ընդունակ է նա եսակենտրոն շահերից դուրս ա՛յլ պահանջներ ներկայացնելու, ինքն իրենից արժէքներ սահմանելու: Լինելու ամբողջական էութիւն:

Արուեսագէտը բարոյական մարդն է՝ առանց բարոյախօս լինելու, անկախ իր կեանքից ու կենցաղից: Որովհետև մարդն ու գործը երկու տարբեր բևեռներ են: Որովհետև արուեստը ինքնին բարոյական է բառիս ամենախոր իմաստով, այն գործ ունի կեանքի եւ մահուան բարոյականութեան հետ: Իմ գործերում մահուան ներկայութիւնը կեանքի հակազդեցութիւնն է եւ հակառակը:

Ընկել ենք փակուղու մէջ եւ լոյսի ելք ենք փնտռում: Ձգտում ենք իմաստ տալ բանին, որպէսզի իմաստաւորուի կեանքը: Արդէն գրականութիւնը մի կաթիլ արցունք է հատորների մէջ թաքնուած:

Այսպիսով եկանք հասանք գրողին: Հայ գրողը նախ գրող է, ա՛պա հայ գրող: Նախ, նա մարդկութեան ընտանիքին է պատկանում, ա՛պա իր ժողովուրդին: Մարդկութեան միջոցով նա հասնում է իր ժողովուրդին, իսկ իր ժողովուրդի միջոցով հասնում մարդկութեանը: Ա՛յլ խօսքով, ազգայինից միջազգային բեմ: Եթէ ամփոփուելու լինենք մեր կաղապարի մէջ, տեղ չենք հասնի:

Տեղ չենք հասնի նաեւ եթէ չսերտացնենք մեր յարաբերութիւնները Հայաստանի հետ, երկու ճիւղերը միևնոյն հինաւուրց ծառի: Սփիւռք եւ Խորհրդային Հայաստան միմեանց տալիք շատ բան ունեն, ապա միասնաբար՝ աշխարհին: Եթէ խտրութիւն լինի մէկի կամ միւսի նկատմամբ, տուժողը կը լինի հայ գրականութիւնը, հետևաբար եւ՝ Հայ Ժողովուրդը: Ամէն դէպքում սակայն, իմ մտասևեռումը մարդն է ու մարդկային արժանապատուութիւնը: Մարդու իրաւունքները: 

Հասարակութիւնը առողջ չի կարող լինել, եթէ խախտւում է նոյնիսկ մէ՛կ անհատի իրաւունքները: Իմ գրական փորձերը ջանքեր են՝ պաշտպանելու այդ իրաւունքները: Եւ այդտեղից էլ իմ, եւ աւելի լայն առումով, ոեւէ արուեսագէտի ընդդիմութիւնը բռնի ուժին, ո՛ւր էլ լինի այն, թէկուզ ժողովրդավարական դիմակի տակ:

Հասարակութիւնը կենսունակ է ա՛յնքան ժամանակ, որքան որ աչալրջօրէն հետևում է ուժի հաւասարակշռութեանը: Այլապէս, քարանում են կարգերը եւ պետութիւնը յաւերժութեան է ձգտում: Այս անտեղիտալի պայքարի առաջին գծի վրայ է կանգնած գրողը, որը թէ՛ միտքն է, եւ թէ խիղճը հասարակութեան:

Եւ ի վերջոյ, գրելու արարքը ինքնի՛ն բողոքի ցոյց է, քաղաքական ժեստ եւ ճշմարտութեան հասնելու ճիգ

Գիրքը ջանում է փրկել գրողին եւ նրա հետ՝ մարդուն, որը ծուարել է սպառնացող արհաւիրքների մղձաւանջի տակ: Երբ արդի մարդը մենակ սենեակի չորս պատերին է նայում, նշանակում է մի բան խախտուել է քաղաքակրթութեան մէջ: Այդ մարդու ճակատագիրը նաեւ ի՛մ ճակատագիրն է: Ես ջանում եմ հասնել նրան:

Ա՛յս է իմ ճշմարտութիւնը:

 

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ

ԵՎ ՔՈ ՑԵՂԻ ՑԱՎԸ ԿՐԻՐ

Ել, Դիցուհի,

Բավ է նիրհես մոռացության անձավներում,

Ել, Անահիտ:

Թեև վաղուց քեզ չենք տվել

պաշտամունքի ոչ մի կաթիլ

և խռովքի մառախուղն է սիրտդ պատել,

քո վառ ոգին մեր արյան մեջ լո~ղ է տալիս

իր աննկատ ելևէջով

ու մեզ պահում միշտ արգավանդ,

բեղուն ձայնին հլու:

Բայց եռակի զորանում ենք,

Երբ արթուն է մեր շուրթերին անունը քո,

Երբ հրաբորբ պատկերիդ դեմ

մաքրվում ենք ներս ու դրսից:

Տարիներն այն, որ չեն լցված

աստվածային քո շշունջով,

մեզ պատժում են չոր ամլությամբ

և տագնապով պառակտումի...

Ել, Դիցուհի,

ել, քո կապույտ աչքերով տես,

թե ցավի ինչ նոր փոթորիկ

պայթեց ցեղիդ հոգնած գլխին,

երբ թվում էր` ահա-ահա

խիստ բաղձալի դուռ կբացվի

և դարավոր տառապանքից հետո մի պահ

հուր խնդությամբ պիտ ողողվենք...

 

Քեզ, Անահիտ,

ցեղիդ վառված սիրտն է կանչում,

ել ու գնա,

լքիր հավետ անձավները մոռացության,

ուր քեզ ոչ ոք չի ճանաչում

և չեն ուզում տեսնել ոգիդ:

Ել ու գնա քո ցեղի մոտ,

նրա ցավի չափն իմացիր,

որ նենգամիտ կորուստներից հեռու պահես

և տաս նրան զորացումի նոր հնարներ...

Օ, Դիցուհի, դու չես փոխվել,

Քո մեջ դարձյալ բեղունության կրակն է վառ,

ուստի` արագ ճամփա ընկիր երկրով հայոց

և քո հրաշք խոսքը ասա:

 

Հայ հարսներին տուր շոյանքն այն,

որ երկունքեն նրանք անվերջ

ու կորստյան ողբերի մեջ

չսպառվեն ու լինեն արի:

Հայ այրերին տուր կորովն հաղթ,

որ չկքվեն ոչ մի կռվում

բազուկները նրանց արդար

և հայրենի տունը սիրեն

իրենց անձից խիստ առավել:

 

Հայոց հողին տուր զարթոնքն այն,

որ բաժանված կտորները նորից իրար հետ է ձուլում

և կանխում է ամեն տեսակ

աղետալից շարժ իր ներսում...

Լույս Դիցուհի, հայտնի է ինձ`

սահման չունի զորությունդ աստվածային,

սակայն եթե տկարանա մարմինը քո

և մշուշվի միտքդ պայծառ,

(այս աշխարհում հեշտ չէ անգամ

աստվածների համար հզոր),

ապա եղած ավյունը քո

գոնե հասցրու հայ հարսներին,

որ չընդհատվող կորուստների ճանապարհին

նրանք ծնեն

հանուն ցեղի...

Ել, Անահիտ, ել, Դիցուհի,

լքիր ընդմիշտ անձավները

մոռացության 

և քո ցեղի ցավը գրիր:

 

***

Ահա մի ծաղկաման`

Անհող ու անծաղիկ:

Եթե տղամարդ ես,

աճեցրու արագ

թրաշուշան կամ վարդ

այս փափկասիրտ ու շեկ

աղջնակի համար:

 

Նրա հեզությունից մի նեղսրտիր,

Նրա թախիծներից գոնե մեկը

վերցրու որպես սրինգ

ու նվագիր այնտեղ, որտեղ

գետակները սկիզբ են առնում:

Դու ինձ կտաս խանդի զգայության կորուստ,

Դու իմ մորմոքները

կերկփեղկես տամուկ քարանձավի ներսում,

ուր քանի~ դար ահա

չի սողոսկել ոչ սեր, 

ոչ արշալույս:

 

 

Եվ մի տարի, գուցե

մի դար հետո,

կգամ քո հետքերով

ու շշուկով կասեմ.

«Այն աղջիկը հիմա

ոտից-գլուխ սեր է

և քո մեղեդին է հացը նրա...»:

 

 

 

 

 

 

 

 

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality