Մեծ պատիվ է Հայաստանի հավաքականում հանդես գալը. Գաել Անդոնյան
SPORTՖրանսիական «Մարսելը» սկսել է պատրաստվել հաջորդ մրցաշրջանին: Մարզումներին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը, որը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է Հայաստանի ազգային հավաքականում ստացած տպավորությունների մասին:
«Իմ նախնիների երկրի գլխավոր թիմի կազմում խաղալը մեծ պատիվ է: Շատ հաճելի էր տեսնել տրիբունաներում ուրախ մարդկանց եւ փորձել խաղադաշտում ցուցադրած խաղով ուրախացնել նրանց:
«Մարսելում» դեռ չստացած փորձը ես ձեռք եմ բերել Հայաստանի հավաքականում: Դա ինձ վստահություն է հաղորդում:
Պորտուգալիայի դեմ խաղից առաջ ինքս ինձ ասացի, որ կորցնելու ոչինչ չունեմ եւ պետք է դրսեւորեմ լավագույն որակներս: Այդպիսի հանդիպումները բարենպաստ են ազդում հետագա կարիերայի վրա:
Մարսելո Բյելսայի գալուց հետո երիտասարդ ֆուտբոլիստները ավելի շատ հնարավորություն են ստանում ակումբում: Հնարավոր է, որ մի քանի ֆուտբոլիստների հեռանալուց հետո երիտասարդների համար ավելի շատ տեղ կբացվի: Բոլորս էլ շատ ենք ցանկանում խաղալ»,- ասել է Անդոնյանը:
Ավելի վաղ նշվել էր, որ Գաել Անդոնյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կկնքի ֆրանսիական «Մարսելի» հետ:
Հիշեցնենք, որ Գաել Անդոնյանը վերջերս է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում: Նա ազգային թիմում անցկացրել է 2 խաղ՝ մեկնարկային կազմում մասնակցելով ալբանացիների եւ պորտուգալացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպումներին: