Յուրահատուկ «թեսթ» այլոց ձեռքերով. «Փաստ»
POLITICSՎերջին օրերին հանրային դիսկուրսում տարբեր հարցեր են դրվում շրջանառության մեջ, որոնց նախնական փուլերում հասարակությունն այդքան էլ ուշադրություն չի դարձնում, սակայն դրանց մասին շարունակ մեկնաբանություններ են հնչում և տարբեր թեզեր շրջանառվում։
Մասնավորապես՝ նման թեմաներից է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը համարվում է ՀՀ համար գերկարևոր ռազմական օբյեկտ։
Ահա հենց այս հարցն է, որը, թերթի տեղեկություններով, հայտնվել է իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Թերթին տեղեկատվություն է հասել առ այն, որ իշխանությունները փորձում են ռազմաբազան ՀՀ տարածքից հանելու թեման դարձնել պարբերական քննարկման առարկա և յուրահատուկ «թեսթ» անցկացնել։
Որոշ շրջանակներ մեծ ցանկություն ունեն ազատվել բազայի ներկայությունից, սակայն այդ առումով իշխանությունները լուրջ անհանգստություններ ունեն և իրենց անունից բաց տեքստով որևէ կերպ չեն անդրադառնում դրան։
Արդյունքում նորից առաջին պլան է մղվում, այսպես կոչված, արևմտյան «գրանտակեր» հատվածը, որը միշտ էլ աչքի է ընկել իր ընդգծված հակառուսական քաղաքականությամբ:
Իշխանություններին սատարող փորձագիտական սեգմենտի այս հատվածը, որն իր գաղափարներով և ստացած դրամաշնորհներով, բնականաբար, երդվյալ արևմտապաշտ է, այս հարցը հերթական անգամ դարձրել է շահարկման առարկա, և իրենց հարցազրույցներում պարբերաբար թմբկահարում են դրա մասին։
Սա հնարավորություն է տալիս մի քանի խնդիր լուծել. նախ՝ իշխանությունները թեմայի առումով մնում են մաքուր, մյուս կողմից՝ իրականացվում է տեսակետների ստուգում, թե ինչ վերաբերմունք ունի հասարակությունն այս թեմայի հետ կապված:
Ըստ օդում կախված լուրերի, այս հարցի առնչությամբ ՌԴ իշխանությունները ամենաբարձր մակարդակով անհանգստություններ են փոխանցել Հայաստանի իշխանություններին, սակայն վերջիններս ամեն անգամ թեման «ցրել» են։