Սատանայի հետ համագործակցության և ատելության մթնոլորտի մասին
POLITICS«ԱԱԾ-ին հանձնարարել եմ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները»:
Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են կառավարության երեկվա նիստում: Թվում էր՝ «սատանիստական» թեմաներով հերթական հումորն է (մի քանի օր առաջ միանգամից երեք գրառում էր կատարել վարչապետն այս թեմայով), մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին չխնդրեց հաստատել:
Վերջինս ամենայն լրջությամբ ասաց. «Այո, իսկապես մի քանի օր առաջ նման հանձնարարական ստացել ենք, կզեկուցենք Ձեզ»: Ինչպես ասում են՝ հասանք տեղ:
Սա նույնիսկ մեկնաբանության ենթակա չէ, սա պարզապես, մեղմ ասած, անհասկանալի է, ինչպես անհասկանալի էին նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի բառապաշարն ու խոսելաոճը:
Երբ հարց է բարձրացվում, թե ինչու է մեր հասարակության մեջ միմյանց նկատմամբ այսքան շատ չարությունը, ատելությունը, մաղձը, բավական է միայն նորից դիտել վարչապետի՝ այդ օրվա ելույթները:
Դրանց մեջ, ցավոք, աննկարագրելի ատելություն կար բոլոր այն քաղաքացիների հանդեպ, որոնք «քայլողների» դասին չեն պատկանում, որոնք համարձակվում են իշխանության «թանին թթու» ասել, որոնք այնպես չեն մտածում, ինչպես իրենք:
Այնինչ, միամտորեն մտածում էինք, որ երկրի ղեկավարը բոլորի ղեկավարն է՝ անկախ նրա հանդեպ վերաբերմունքից, որ անխտիր բոլորը պետք է լինեն նրա պաշտպանության ներքո: Եվ վերջապես, ինչ վերաբերում է Մել Դալուզյանին, ապա տարօրինակ է, որ վարչապետի կողքին չի գտնվել մեկը, որը նրան զեկուցեր, որ ոչ ոք Դալուզյանի անձի հետ կապված խնդիր չունի, իր կյանքը՝ ինքը, խոսքը բացառապես վերաբերում է պետության կողմից հսկայական գումարներ տրամադրելուն ու այն հարցին, որ եթե գլխավորը նրա անձնական կյանքի փոփոխությունը չէ, ապա ինչու հենց այդ մարզուհուն նվիրված ֆիլմն է ֆինանսավորվում, երբ շատ ավելի մեծ հաջողությունների հասած ու երկրի դրոշն ավելի շատ բարձրացրած բազմաթիվ մարզիկներ ու մարզուհիներ կան: