Yerevan, 17.July.2026,
00
:
00
BREAKING


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

CULTURE

ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՍԻԼՎԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՄՆԱՍ ԲԱՐՈՎ

Տուն հասնելուն պես ոտնաթաթերի վրա մտավ լողասենյակ, նախքան տանեցիներից որևէ մեկը կտեսներ իրեն՝ ասես տաք ջուրը լվանալու-մաքրելու էր բիծը իր հոգու ու մարմնի վրայից: 

Բայց անգամ եթե տաք ցնցուղը սրբեր նրա մաշկի կամ շոգ ամառվա կեսօրին իրար միախառնված երկու մարմինների քրտինքի բույրը, գիտեր, որ հոգին միևնույն է մնալու էր աղարտված՝ ինչպես անձրևի տակ մնացած լուսամուտի կեղտոտ ապակին: 

Դեմքն արագ շուռ տվեց՝ փախցնելով հայացքը բաղնիքի հայելու ակնդետ աչքերից: 

Հետ էր վերադարձել, և ճնշող իրականությունը կրկին ծրարել էր իրեն: Ներկան, որ մի երեսուն րոպե առաջ զգայականորեն հրաշալի էր ու իրական, այժմ արդեն անցյալի տիրույթում էր, այլևս գոյություն չուներ: Ավելին, դարձել էր այլևս անազնիվ, սխալ ու այլանդակ: Ի՞նչ էր կատարվել: 

Ընդամենը երեսուն րոպեների ընթացքում ամեն բան անճանաչելիորեն փոխվել էր. ասես ողջ դյութանքը գոլորշիացել էր օդում: Կրկին կերպափոխվել էր ու դարձել նույն հալածող անցյալի ուրվականը, նույն անճոռնի մեղքը և նույն տանջող խղճի խայթը: 

Անհնար էր այլևս ապրել այսպես: Սրտի ու մտքի միջև երկփեղկված: Անհնար էր այլևս տանել ամենօրյա ներքին այս պայքարը: Քանի-քանի անգամ էր փորձել դուրս բերել իրեն այս ամենի միջից:

 Քանիցս մտածել էր՝ վերջ, քանիցս փորձել էր իրեն հեռացնել նրանից, բայց ձախողել էր ամեն և յուրաքանչյուր անգամ ի վերջո հայտնվել էր կրկին նրա ջերմ, գորովալից թևերի մեջ: Եվ ամեն անգամ, երբ նրա կողքին էր, ասես աներևույթ մի կախարդանքով ամեն բան նորից փոխում էր իր կերպը, ասես ոչինչ էլ չէր եղել, բոլոր հալածող խոհերն ու մտքերն ի չիք էին դառնում: Ամեն ինչ այնքան ճիշտ էր թվում ու բնական, այնքան հուզականորեն գեղեցիկ, և սիրտն ուզում էր երգել: Եվ ամեն անգամ ոտքը ներս դնելու իսկ պահից թվում էր, թե ահա այստեղ էր իր տեղը:

Երբ արդեն հետ գնալու ժամանակն էր, նստել էր այնտեղ, խոհանոցի թախտին, թափառող հայացքով նայում էր շուրջը եղած իրերին, մատնաթմբերով քնքշորեն շոշափում թախտի փայտն ու մաշած կարպետը: Խոհանոցից դեպի պատշգամբ տանող դռան արանքով նայում էր դուրս՝ աղմկոտ փողոցին, գորշ երկնքին ու քամու տակ պարող ծառերի սաղարթներին՝ փորձելով պահել մտքում բոլոր այս պատկերները: Իսկ նա ներսուդուրս էր անում նեղլիկ խոհանոցում, փոշին վերցնում շուրջը եղած իրերի վրայից կամ չորացած լվացքը հավաքում, ծալում, կամ նստում հեռուստացույցի առաջ, դիտում մի քիչ, կամ ուղղակի նստում, ծխում, ասես անտեղյակ նրա ներկայությունից: Թախտի ծայրին նստած՝ հայացքով հետևում էր նրան, դեմքին կիսաժպիտ, մի տեսակ անուշադրության մատնված ու անտեսված զգալով: Մոռացե՞լ էր, որ սա իրենց վերջին հանդիպումն է ու վերջին ժամերը միասին: 

-Գիտե՞ս՝ ինչ եմ անում, - ասաց նա այդ պահին՝ ասես կարդալով մտքերը: - Ապրում եմ քեզ հետ: Այնպես, ասես միշտ հետս ես եղել ու միշտ հետս ես լինելու: Ամենօրյա անելիքներս եմ անում քեզ հետ:

Ահա… Փորձում էր ընտանիքի մի մանրակերտ ստեղծել ու զետեղել չորսից հինգ ժամյա կյանքի մեջ: Երջանիկ ընտանեկան կյանքի կարճաժամկետ մի փոխնակ, որի կարիքը երկուսն էլ ունեցել են այս ամբողջ տարիների ընթացքում: 

Նա էլ այսպես էր հրաժեշտ տալիս: -Ես միայն սեր եմ ուզում: Սիրել ու սիրվել, - խորհում էր նա՝ փորձելով արդարացնել ինքնիրեն և հաշտություն կնքել իր իսկ սրտի ու մտքի միջև: 

- Ընդամենն ուզում եմ սիրել ու սիրվել: Մեծ մե՞ղք է սա: Շնչահեղձ եմ լինում: Ցամաք եմ առանց սիրո: Մեծ մե՞ղք է սա,- արցունքները խեղդում էին կոկորդը: 

- Իմ արածն այն է, որ փորձում եմ սիրո ու հոգատարության իմ փոքրիկ բաժինը ստանալ, ինչ-որ փոքրիկ փշրանքներ… ուրիշի սեղանից… Որն իմը չէ, ինձ չի պատկանում, և որի իրավունքը չունեմ:

Հառաչեց տխուր.

- Զարմանալի չէ, որ դա ինձ չի երջանկացնում, և որ երբեք երջանիկ չեմ զգում:

Գիտեր, որ կործանել էր իր սեփական դղյակն իր սեփական ձեռքերով: Նրա երբեմնի գեղեցիկ ընտանեկան նախատիպը փշուր-փշուր էր եղել: Եվ հիմա էլ իր այդ «ես իրավունք ունեմ անձնական կյանքի» մտաձևակերպումով մեկ անգամ ևս այն հավասարեցնում էր գետնին: Ահա, կանգնած էր նրա դղյակը՝ մռայլ ու լքյալ, ինչպես որ իր սիրտն էր, այժմ նման սևախորշ աչքերով մի հրեշի, որի գորշ ու կոտրված պատուհանների չխկչխկացող ապակիների միջով սուրում էր վայրի մոլեգին քամին: Զգում էր, ասես հոգու խորքում անապատ լիներ, չորացած ու լերկ, ուր վաղուց այլևս ոչ մի բուսականություն չկար և երջանկության հույսի ամեն մի ծիլ վաղուց ի վեր ոչնչացված էր:

Ո՞րն էր այս հարաբերության մեջ գտնվածը: Կա՞ր արդյոք: 

Թե՞ ամբողջը կուտակվելով ի վերջո դառնում էր մի հսկայական կորուստ: Ո՞ր մեկն էր ավելի ծանր կշռում. գտնվածը, թե՞ կորցվածը: 

Ո՞րն էր ավելի մեծ. սիրո երանությունը, թե՞ մեղքի ծանրությունը: 

Գոցեց աչքերը: Փորձելու էր կոպերի տակ պահել նեղլիկ խոհանոցը՝ փոքրիկ թախտով, ու դիմահար պատշգամբի բաց դռնից երևացող գորշ երկնքի, շռնդալից մեքենաներով աղմկոտ փողոցի ու փոշու մեջ կատաղի քամուց խելահեղ ճոճվող մազախռիվ ծառերի պատկերը: 

Մատների ծայրերին ու մաշկի տակ պահելու էր նրա քնքուշ հպումի հիշողությունը: Մտածում էր՝ տեսնես ի՞նչ է զգում մարդը մահվան մահճում, երբ գիտե, որ ուր որ է վերջին արարի վարագույրն է իջնելու: 

Գուցե նա ևս փորձում է կոպերի տակ պահել ողջ աշխարհը և հետո փակել հավիտյան: Այժմ տուն էր դարձել: Լուսամուտի մոտ կանգնած՝ դուրս էր նայում մտախոհ ու մտամոլոր, հիշում էր, մտմտում, մտորում: Արևը ողողել էր երկինքը: 

Հանկարծ հիշեց ցերեկվա խելառ քամին: Այ քեզ բան: Փոթորիկի հետքն անգամ չկար, անամպ, պարզ երկինք էր:

Նկատեց, թե զգաց՝ նույն աչքերը հիմա էլ ապակու հետևից էին իրեն նայում: Այս անգամ նայեց աչքերի մեջ, էլ չփախցրեց հայացքը:

- Մեկ-մեկ մտածում եմ՝ մեր կյանքի ճանապարհին էլ նշաններ լինեին, սլաքներ՝ «աջ» կամ «ձախ», կամ էլ այն ծերուկը նստած լիներ ծառի տակ, ճամփաբաժանի մոտ ու ասեր...

-Չէ: Նշաններ պետք չեն: Անցի՛ր քո ճանապարհը: Թող կոշկատակդ զգա ավազը, քարն ու խիճը, թեկուզև սիրտդ ցավի մի քիչ... զգա՛, սիրի՛ր, տանջվի՛ր, նվիրվի՛ր, ների՛ր, էլի սիրի՛ր, տառապի՛ր... այս է կյանքը, այսպես են ապրում, այսպես են սովորում ապրել:

Բայց մի բան հիշի՛ր միշտ. կյանքը սևագիր չունի: Ինչ անես՝ մաքրագիրդ է:

ՎԱՀԱԳՆ ՄՈՒՂՆԵՑՅԱՆ

ՈԳՈՒ ԱՐՄԱՏՆԵՐ

Իմ Վանաձորի քարեղեն ափին թող աստղս ընկնի,

Եվ լուսաբացի ձայները վառվեն աստղի հրայրքով, 

Սևաքար վանքի զանգակները թող մարմանդ ղողանջեն, 

Հանդարտված հոգիս սավառնի հրե աճապարանքով:

 

Սավառնի հոգիս, որ աստղիս տեղը թափուր չմնա, 

Լուսե ճամփեքին հանդիպի արյան իր եղբայրներին 

Եվ նրանց պատմի, որ երկրի վրա հավատը մեռավ, 

Որ ագռավները կերան հոգնատանջ, խոլ բազեներին: 

Հին բնակիչ է իմ հայրը այնտեղ` մի աստղ պայծառ. 

Նա այգեպանն է Ամենափրկիչ տնամերձ այգու,

 Նա ինձ կընդունի անսահմանության սահմանի վրա, 

Որտեղ լայնալանջ թևերն են բացել դարպասներ երկու:

Մեկը տանում է հեշտանքի ճամփով, որտեղ որոշ չէ 

Ոչ մի առարկա, և գոյականը հոլովում չունի, 

Եվ մանկությունը հայրն է ծերության, և ծերությունը` 

Քոքից անպտուղ մանկության դայակն ու խոնարհ որդին,

Իսկ մեկը` դեպի կանաչ վերադարձ, մի նոր մանկություն,

Աղետից հետո կհասնեմ այնտեղ` երկիրն ինձ սնած,

Հավատի սերմեր կտանեմ ինձ հետ դաշտն Արարատյան, 

Որտեղ կժխտվեն կանչերը բոլոր, սերերը անցած:

Եվ Վանաձորի քարեղեն ափին կհառնի մեհյան, 

Եվ կրակները կլափեն դավի պտուղը վերջին, 

Ոգու արմատներ կծլեն առատ քարերի վրա, 

Սիրո ղողանջներ կմիահյուսվեն լույսի շառաչին:

ԳՈՆԵ ՄԻ ՔԻՉ...

Ինձ հիշելու համար պետք է քնքշանալ, 

Պետք է թախծել մի քիչ, մի քիչ հոգնել. 

Եվ բարուրել հոգնած բարությունը մեռնող – 

Հուսահատին, խեղճին մի քիչ օգնել:

Կանգառները այնպե՛ս ծերացնում են մարդկանց, 

Հանգրվանը մեկն է` մահը դեղին. 

Ժամանակը մեղք է, թե ձանձրանաս հանկարծ, 

Կոնծիր առանց հաշիվ` տեղը – տեղին:

Բայց արթնացիր ծեգին` շամանդաղով ցողվիր 

Եվ ընդառաջ քայլիր լուսաբացին. 

Ինձ հիշելու համար օջախդ շեն պահիր 

Եվ մի դավիր երբեք աղուհացին:

Ինձ հիշելու համար մեկ – մեկ նայիր հեռուն, 

Մտքով փորձիր ճեղքել կուրծքը լեռան. 

Ծունր իջիր խաչված ճշմարտության առաջ 

Եվ մի սարքիր երբեք չոփը գերան:

Ճամփան կարճ չի լինում. լինում է հեշտ, դժվար,

Պետք է դժվար ճամփով անցնել մի քիչ,

Ինձ հիշելու համար գերմարդ պետք չի լինել, 

Բայց պետք է մարդ լինել` գոնե մի քիչ:

ՀԱՐՍԱՆԻՔ

Մարդն ասես լինի կոհակ անխռով,

Հանդա՛րտ սահում է երկրի վրայով...

Բայրոն

Անցնե՛ր, ճամփաս անցներ ծաղիկների միջով,

Երազներիս ափին հանգրվաներ,

Ծանր նիրհից ելներ ծերուկ, բարի ոգին` 

Հույսիս արթնացումը չբեկանվեր: 

Անձրև տեղար վարար, ձորի շունչը բացվեր,

Հոգնությունս տայի` տաներ քամին,

Երկինքն ինձ լվանար ու մեղքերս քամեր, 

Եվ լույս իջներ իմ հոր շիրմաքարին: 

Ու ձորերի սրտից գային տաք շշունջներ` 

Ձայնակցելով գետի ախուվախին, 

Ծիածանի տեսքով մայրս գիրկը բացեր` 

Մանուկ հոգիս հաղթեր ծեր վախճանին...

 Լինե՛ր, լիներ հեռվում փարոս մի հուրհրան 

Եվ տունդարձիս ճամփան ինձ ցուցաներ, 

Քույրս ձեռքը պարզեր գետի ահյակ ափից` 

Մի ոսկեծամ կարապ ինձ ափ հաներ: 

Ինձ ընդառաջ վազեր մի հերարձակ աղջիկ,

Համրանայի սիրուց հանկարծական,

Երկինքն ինձ պարգևեր երեք կարմիր խնձոր 

Եվ խոսքի բանալին ոսկե ձկան:

Քույրս բերեր իր հետ սարի ծաղիկ պես-պես 

Եվ պսակներ հյուսեր հարսանեկան, 

Ես բազմեի բարձրում, 

կտրիճ թագվորի պես` 

Գրկիս սեղմած հարսիկ – հայ աղջկան: 

Ու երկնքից թափվեր ծնծղաների անձրև,

Համբարձվեր տանիքը զանգակատան,

Աստվածուհին լիներ հարսնաքույրը սիրուն, Ինքը`   Տերը լիներ Ճոխ Թամադան... 

Անցնե՛ր, ճամփաս անցներ ծաղիկների միջով,

Երազներիս ափին հանգրվաներ,

Ծանր նիրհից ելներ ծերուկ, բարի ոգին` 

Հույսիս արթնացումը չբեկանվեր:

 

 

Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase Service