ՀՖՖ նախագահի ընտրություն․ «Փյունիկի», «Արարատի» եւ «Շիրակի» հայտարարությունը
SPORT
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության ներկայացուցիչներ «Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործկոմի կոմիտեի կազմի առաջիկա ընտրություններին:
«Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 23-ին տեղի կունենա Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի անդամների արտահերթ ժողովը, որի ընթացքում պետք է ընտրվի ՀՖՖ նախագահ և գործադիր կոմիտեի նոր կազմ։
Հայկական ֆուտբոլի համար այս վճռորոշ իրադարձությունից առաջ, մենք՝ «Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները, հանդես ենք գալիս հետևյալ միասնական հայտարարությամբ։
Հայտնում ենք մեր լիովին աջակցությունը ՀՖՖ գործկոմի վերջին նիստից հետո արված հայտարարությանը առ այն, որ պետք է տեղի ունենա ՀՖՖ անդամների կազմի առողջացման գործընթաց։
Համոզված ենք, որ մինչ ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի նոր կազմի ընտրությունը խիստ անհրաժեշտ է ապահովել, որպեսզի այն կազմակերպությունները, որոնք չեն համապատասխանում ՀՖՖ կանոնադրության պահանջներին, փաստացի չեն ծավալում ֆուտբոլային գործունեություն և ի հայտ են գալիս միայն հերթական ընտրությունների ժամանակ, դուրս բերվեն ՀՖՖ անդամների կազմից և հնարավորություն չունենան մասնակցելու ընտրություններին։ Մենք համոզված ենք, որ նման կառույցները իրավական և բարոյական իրավունք չունեն որևէ մասնակցություն ունենալ հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացման հարցում։
Հետևաբար, խիստ անհրաժեշտ է նախևառաջ ապահովել ՀՖՖ անդամների ցուցակի կազմի առողջացումը, այնուհետև միայն կազմակերպել ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրություններ։ Միայն այդ գործընթացը կապահովի լեգիտիմ, թափանցիկ և ֆուտբոլային հանրության վստահությունը վայելող ընտրություններ։
Մենք հավատում ենք, որ այժմ բոլորիս ընձեռնվել է բացառիկ հնարավորություն ձևավորել իրապես անկախ, պրոֆեսիոնալ ֆուտբոլային ղեկավար կառույց, որը կգործի ի շահ ամբողջ հայկական ֆուտբոլի, և մենք իրավունք չունենք այդ հնարավորությունը բաց թողնել:
Հորդորում ենք այլ ֆուտբոլային ակումբներին, ֆուտբոլային հանրության այլ ներկայացուցիչներին միանալ մեր կոչին»,- ասված է ակումբների տարածած հայտարարության մեջ: