Արթուր Սողոմոնյան. Հուսով եմ՝ հայկական ֆուտբոլում փոփոխությունները կընթանան դեպի լավը
SPORTՀայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում անդրադարձել է դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած ՀՖՖ նախագահի և գործկոմի կազմի ընտրություններին:
«Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՖՖ արտահերթ ժողովը, որի ընթացքում ընտրվեց ՀՖՖ նոր նախագահ և գործկոմի նոր կազմ:
Անկեղծ ասած՝ բացասականի մասին բազմիցս ասվել է: Ես ցանկանում եմ ընդգծել, թե տեղի ունեցած ընտրություններում ինչն եմ դրական համարել:
1. Վերջապես ընտրելու հնարավորություն ունեցան միայն այն կազմակերպությունները, որոնք անմիջական կապ ունեն հայկական ֆուտբոլի հետ և մասնակցում են հանրապետությունում այս մարզաձևի զարգացմանը: Այսպես կոչված «ֆեյք» կազմակերպությունները, որոնք վաղուց դադարել էին իրենց գործունեությունը կամ գրանցվել էին բացառապես որոշակի թեկնածուների սատարելու համար, զրկվել էին քվեարկելու իրավունքից: Հուսով եմ, որ հաջորդ ժողովի ընթացքում այդ կազմակերպությունները կզրկվեն ՀՖՖ անդամակցությունից:
2. Վերջին տարիներին առաջին անգամ անցկացվեց ՀՖՖ նախագահի այլընտրանքային ընտրություն, չնայած այն փաստին, որ մինչև ընտրությունը բոլորը քննարկում էին, թե որ թեկնածուի հետևում ով է կանգնած, և ծրագրեր քննարկելու փոխարեն վիճում էին, թե ով է ամենամեծ վնասը հասցրել հայկական ֆուտբոլին: Այնուամենայնիվ, այն մարդիկ, որոնք ունեին քվեարկելու իրավունք, կատարեցին իրենց ընտրությունը:
3. Կարծում եմ, որ առաջին անգամ ՀՖՖ գործկոմի անդամներն, իրոք, ընտրվեցին, այլ ոչ թե նշանակվեցին: Գործկոմում ձայնի իրավունք ստացան այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են Հայաստանում ֆուտբոլային գործունեությամբ, իսկ ընտրությունից հետո գործադիր կոմիտեն դարձավ անկախ և գործող համակարգ:
Մնում է հույս ունենալ, որ այս անգամ հայկական ֆուտբոլում փոփոխությունները կընթանան դեպի լավը, և մեր ջանքերն ու Հայաստանում ֆուտբոլի զարգացման վրա արված ներդրումներն ապարդյուն չեն լինի»,- գրել է Արթուր Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել էր ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, որը ստացել էր 13, Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը՝ 7 ձայն։