Կուզեի տղամարդու «ժամանակակից տեսակ»-ը մրցակցության մեջ չլիներ կնոջ հետ. Լիլի Հովեր
LIFEԱնկախ եղանակային պայմաններից` հեռուստաեթերից մեզ ողջունող Լիլի Հովերը փորձում է փոխանցել դրական էներգիա, որպեսզի ցուրտ օրվա մեջ ունենանք տաք սիրտ ու ջերմ շունչ:
Past.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է եղանակային փոփոխություններին դիմակայում ինքը` հաղորդավարուհին:
- Բավականին հագեցած օր եմ ունենում, հիմնականում չեմ հասցնում զգալ եղանակային տատանումները, նաև մետեո զգայուն չեմ: Եղանակային փոփոխություններին վերաբերվում եմ որպես տեղեկություն և կլիմայական ամենկտրուկ փոփոխությունն էլ հեռուստադիտողին ներկայացնում եմ հոգատարությամբ:
- Առհասարակ տրամադրությա՞ն մարդ եք:
- Ոչ, այդպիսին չեմ: Ես կայուն բնավորություն և մոտեցում ունեմ մարդկանց, երևույթների, առաջացած հարցերի վերաբերյալ, որոնք չեն կարող փոխվել լավ կամ վատ եղանակի հետ, ու հաճախ զարմանում եմ այդպիսի մարդկանց վրա, որոնք եղանակի հետ հնարավոր է փոխեն իրենց պլանավորած օրը:
- Տարվա ո՞ր եղանակին կնմանեցնեք Ձեզ:
- Անշուշտ ամառ: Ծնվել եմ հուլիսի վերջին ու ոչ մի եղանակ չեմ փոխի ամռան հետ: Արևն ու կապույտ երկինքը կենսական նշանակություն ունեն և հզոր էներգիայի աղբյուր են ինձ համար:
- Եթե ոչ Հայաստան, ապա ո՞ր երկրում կապրեիք:
- Աներկբա Հայաստանում: Մեր կլիմայական պայմանները իդեալական է ինձ համար: Արձակուրդների համար ընտրում եմ տաք, արևոտ երկրներ` օրինակ Իսպանիայի հարավը:
- Իսկ տղամարդկանց ո՞ր տեսակն է սրտամոտ` տաք, բռնկուն, թե՞ սառը հավասարակշիռ:
- Ընդունում եմ քիչ հանդիպող տղամարդկային տեսակը, որը մրցակցության մեջ չլինի կնոջ հետ: Կնոջը վերաբերվի ներողամտորեն, սիրի, գուրգուրի, պաշտպանի, տեր լինի իր մենաշնորհին, որը բնությունից ունի: Եվ այդ իմաստով բախտավոր եմ:
- Անցնող տարին ինչպիսի՞ն էր:
- Այն անակնկալներով լի էր, որոնք բարեբախտաբար ուղեկցվել են ուրախություններով: Ստեղծել եմ իմ նոր փոքրիկ ստուդիան, որտեղ իրականացվում են պրոֆեսիոնալ ձայնագրություններ:
- Ամանորը որտե՞ղ եք անցկացնելու:
- Ընտանիքիս հետ կլինեմ, բայց տեղը դեռ չենք որոշել:
- Ձմեռ պապիկից ի՞նչ ես խնդրելու:
- Ես ունեմ ամենն, ինչ ինձ երջանկացնում է: Այն, ինչն ինձ անհրաժեշտ է, գիտի միայն Աստված, հետևաբար Ձմեռ պապիկը խորհուրդ պիտի հարցնի նրանից` ինձ ճիշտ նվեր մատուցելու համար:
Լուսանկարները՝ Վարդան Պետրոսյանի
Ոճաբան՝ Սրապ Շիրինյան