«Իմ ընտանիքին համալրում եմ մաղթում». Շուշաննա Թովմասյան
LIFE«Իմ ընտանիքին համալրում եմ մաղթում»: Շուշաննա Թովմասյանն Ամանորի թեմատիկայով նոր լուսանկարներ ունի, որոնք էլ տրամադրել է BRAVO.am-ին, իսկ զրույցի ընթացքում ամփոփել է անցնող տարին, խոստովանել, թե ինչ ցանկություններ ունի 2020-ի համար: Դերասանուհու հետ խոսել ենք նաեւ «Սիրուն Սոնա» սերիալում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու մասին:
«2019-ն ինձ համար ավելի շատ ընտանեկան տարի էր. ժամանակս տրամադրում էի նորաստեղծ ընտանիքիս կազմավորմանը: Երբ ընտանիքի հիմքում սեր կա, շատ է օգնում: Ուզում ես լավագույնը լինել որպես կին, տնային տնտեսուհի: Այս մեկ տարին միմյանց ճանաչելու, զիջելու, հասկանալու արդյունավետ փորձաշրջան էր, դրան նպաստել է նաեւ առանձին ապրելը, քանի որ այդ դեպքում զույգը հասկանում է միմյանց դերն ընտանիքում:
Աչքիս տակ, իհարկե, ունեցել եմ նաեւ նկարահանվելու առաջարկներ, որոնք չի ստացվել իրականացնել: Մտածել եմ նաեւ կադրից դուրս աշխատանքի մասին, իսկ հստակ ոլորտը չեմ ցանկանա նշել»,-ասել է Շուշաննան:
Նա պատմել է, որ տարեվերջին իր համար անակնկալ է եղել Ելենա Արշակյանի առաջարկը՝ նկարահանվել «Սիրուն Սոնա» նախագծում.«Իմացա, որ մեկ օրում որոշել է փոխել գլխավոր հերոսուհուն: Հուսամ՝ երկուսիս համար էլ հաջող համագործակցություն կստացվի, ինձ միշտ հետաքրքրել է նրա հետ աշխատելը: Առաջարկը բոլոր առումներով հարմար էր, ուրախալի էր նաեւ այն փաստը, որ շատ երկար նախագիծ չի լինելու. գարնան վերջին կամ ամռանն ավարտվելու է»:
Շուշաննան նշել է, որ ներկայանալու է դրամատիկ կերպարով.
«Նախկինում եւս հեռուստադիտողն ինձ տեսել է նման կերպարում. Սոնան արդարության ձգտող մարդ է, ով շատ բան ունի ապացուցելու, սակայն մշտապես քարկոծվում է շրջապատի կողմից»,-ասել է նա եւ ավելացրել, որ այս նախագծում հիմնական խաղընկերներն են Նորայր Եղյանը, Անահիտ Քոչարյանը, Էդգար Իգիթյանը, Խոսրով Նալբանդյանը եւ այլք:
2020-ից Շուշաննան շատ սպասելիքներ ունի.«Գործնական, ընտանեկան եւ համամարդկային ցանկություններս շատ են: Կուզեմ՝ 2020-ը խաղաղ տարի լինի բոլորի համար, նույնիսկ լուրերով կրակոցների մասին չլսենք, առողջ լինենք, աշխատանք եւ հնարավորություններ ունենանք, որպեսզի ստեղծենք մերը:
Իմ ընտանիքին համալրում եմ մաղթում, որը պլանավորման ենթակա չէ. Աստծո կամոք, երբ էլ լինի, կլինի ամենաուրախալի լուրը»:
Աղբյուր՝ bravo.am