«Այնպիսին, Ինչպիսին Ես Եմ, Շատերն Են Ձգտում Լինել»․ Ժաննա Վելիցյանը՝ Սեքսուալ Ֆոտոշարքով Ներկայանալու և Գեղեցկության Չափանիշների Մասին
LIFE
Ժաննա Վելիցյանն իր նոր ֆոտոշարքում ներկայացել է սեքսուալ կնոջ կերպարով։ Երիտասարդ դերասանուհին լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին ու խոսել ֆոտոշարքն իրականացնելու գաղափարի, սեքսուալության ու գեղեցիկի չափանիշների մասին։
Լուսանկարների շարքը դերասանուհին իրականացրել է Դրամատիկական և Համազգային թատրոններում։ «Ֆոտոշարքի միտքը դեռ մի քանի ամիս առաջ ունեի: Ի սկզբանե ցանկությունս թատրոնների դահլիճներում ֆոտոշարքեր անելն էր: Կապույտն արդեն իրականացրել էինք, մի քանի օր առաջ որոշեցինք անցնել կարմիրին։ Աշխատել եմ իմ շատ սիրելի լուսանկարիչ Միլեն Մանուկյանի հետ,- ասաց դերասանուհին, ապա անդրադարձավ լուսանկարներում ծխախոտ օգտագործելուն,- Ի սկզբանե ծխախոտի մասին միտք չկար: Տեղում պարզապես որոշեցինք փորձել, մտածելով, որ գուցե ստացվի: Իմ նպատակն էր կարմիր դահլիճում կանացի կերպարով՝ կարմիր դասական հագուստով և կարմիր շրթներկով ֆոտոշարք ստանալ։ Ուզում էի, որպեսզօ կարմիր դահլիճի կերպարս հակասեր կապույտ դահլիճում նկարված ավելի «թեթև աղջկական» տեսքիս»:
Խոսելով սեքսուալության մասին՝ ժաննան նշեց, որ ինքն իրեն սեքսուալ է համարում, ըստ նրա, դա ուղիղ կապ ունի կնոջ ինքնավստահության հետ։
«Կնոջը պետք է ընդամենը գիտակցություն, որ ինքն այդպիսին է: Ըստ իս՝ յուրաքանչյուր ինքնավստահ կին սեքսուալ է: Եթե կինն իրեն սեքսուալ չի զգում, ամենասեքսուալ հագուստն էլ չի կարող նրան այդպիսին դարձնել»,-ասաց Ժաննան։
Դերասանուհին սոցցանցային իր էջում պարբերաբար հրապարակում է լուսանկարներ մարզասրահից։ Ըստ նրա՝ չնայած իր համար ցանկալի արդյունքը չկա, ինքը սիրում է մարզվել։ «Մոտ մեկ տարի է՝ ինտենսիվ մարզվում եմ, բայց այնպես չէ, որ դրանից առաջ ոչինչ չէի անում: Ես սիրում եմ ինձ այսպիսին: Ինձ համար ցանկալի արդյունքը չկա, բայց շատերն են ձգտում լինել այնպիսին, ինչպիսին ես եմ,- ասաց դերասանուհին ու ժպիտով ավելացրեց,- չէ, գլուխ չեմ գովում։ Պետք է սիրես քեզ, շատ սիրես ու հոգ տանես ինքդ քո մասին։ Ես ժամերով ինձնով չեմ զբաղվում: 25-30 րոպեն ինձ լիովին բավարար է պատրաստվելու և տանից դուրս գալու համար»։
Երիտասարդ դերասանուհին ոգեշնչվում է Մոնիկա Բելլուչիից՝ չնայած գեղեցկության չափանիշ չունի: «Ես ճանաչում եմ դերասան-դերասանուհիների, որոնք չնայած իրենց թմբլիկ լինելուն, բավականին ճկուն են, հաճույք ես ստանում նրանց բեմում տեսնելիս,- ասաց նա ու կատակեց,- կարծում եմ՝ ես երբեք չեմ դասվի այդ դերասանների շարքին՝ հաշվի առնելով իմ նիհարությունը»։