«Անփորձ էի, ու նաեւ վախ կար». Մարի Պետրոսյանը` ընտանիքի մասին
LIFE
Երիտասարդ դերասանուհի Մարի Պետրոսյանն այս շրջանում որեւէ նախագծում չի նկարահանվում, փոխարենն իր ամբողջ ժամանակը տրամադրում է ընտանիքին: Նա BRAVO.am-ին պատմել է, որ 2020 թվականի մեկնարկն իր համար անսահման յուրահատուկ է եղել:
«Այս տարի Ամանորը երեքով դիմավորել ենք եկեղեցում. շատ անսովոր ու ջերմ զգացողություն էր: Առաջին անգամ ոչ թե երկուսով էինք, այլ՝ երեքով: Հուրախություն մեզ, բալիկս ողջ գիշեր չբողոքեց չքնելուց, անչափ ուրախ էր ու հանգիստ: Կարծես զգում էր, որ տոն է, եւ բավական ուշ քնեց»,- պատմել է Մարին:
Երեխայի ծննդից ի վեր բալիկի խնամքով նա ինքնուրույն է զբաղվում, ինչպես նշում է՝ ամենաբարդ փուլն արդեն հաղթահարել է.«Սկզբում շատ դժվար էր: Առաջին բալիկս է, անփորձ էի, ու նաեւ վախ կար: Բայց հիմա, փառք Աստծո, ամեն ինչ կարգավորվել է, հաղթահարել ենք դժվարությունները, եւ փոքրիկն իր ուտելու ու քնելու ձեւավորված ռեժիմն ունի: Եթե պետք է որեւէ տեղ գնամ, ամուսինս է օգնում, բայց հիմնականում երեխաս ինձ հետ ամեն տեղ էլ գալիս է, խելոք է ու հանգիստ: Օգնողներ ունեմ, բայց ցանկանում եմ ամենն ինքնուրույն անել»:
Աշխատանքի վերադառնալու դեպքում Մարին կդիմի դայակի օգնությանը.«Լավ առաջարկի դեպքում արդեն կվերադառնամ նկարահանման հրապարակ: Մինչ այս առաջարկները մերժել եմ, քանի որ բալիկս շատ փոքր էր: Ցանկացած առաջարկ անպայման քննարկում եմ ամուսնուս հետ: Նա դեմ չէ իմ աշխատանքին, հակառակը` դեմ է, որ անաշխատունակ կնոջ կարգավիճակում նստեմ տանը: Շատ եմ կարեւորում անձնակազմը: Գուցե ծանոթանամ սցենարին, կերպարս շատ հավանեմ, բայց եթե անձնակազմից որեւէ մեկն ինձ դուր չգա, կհրաժարվեմ: Ուրախ եմ, որ դեռեւս նման դեպք չի եղել»:
Հարցին, թե ինչու չի հրապարակում ամուսնու եւ երեխայի լուսանկարները, Մարին պատասխանել է.«Ամուսինս սոցցանցերում չունի ոչ մի լուսանկար: Պարզապես չի սիրում իր լուսանկարները հրապարակել, իսկ ես, բնականաբար, ինձ թույլ չեմ տալիս նրա կամքին ու ցանկություններին հակառակվել: Այս հարցի հետ կապված որեւէ լուրջ խնդիր չկա: Նույնկերպ չի ցանկանում, որ երեխայի լուսանկարները հրապարակենք»:
Նա նաեւ նշել է, որ վերջին շրջանում ինքը նույնպես տարված չէ եւ առանձնակի ուշադրություն չի տածում սոցցանցերի նկատմամբ, թեեւ չի էլ բացառում, որ գուցե եւ օրերից մի օր մի շատ գեղեցիկ լուսանկար հրապարակի: