Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

Հռիփսիմե Ասատրյան. Բակոն հերոս էր (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

CULTURE

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

Հռիփսիմե Ասատրյան

ԲԱԿՈՆ ՀԵՐՈՍ ԷՐ

 

1.

- Բակոն խելռել է, գիշերները տան մեջ էնքան կերթա-գուքա, օր մարդու խելք մաղի գը,քույրս հաճախ տրտնջում էր ու բողոքում ամուսնու տարօրինակ պահվածքից:

- Դիմացի՛ր, հոգին է ծխում,- փորձում էի մխիթարել նրան ինչ-որ բառերով՝ հաճախ չիմանալով, թե որ բառն ավելի տեղին կհնչի, բայց հասկանում էի, որ պակաս չի ծխում նաև քրոջս հոգին: Երբեմն այցելում էի նրանց, և քանի որ վշտի մեջ էին, ուզում էի նրանց Աստծո խոսք պատմել, գիտեի՝ միայն այդ խոսքը կարող էր թափանցել նրանց կյանքի մեջ ու բժշկել այն դժբախտությունը, որն իր սև ու ծխոտված վերարկուն էր նետել այդ երկու խավար սրտերի վրա: Այդպես նրանք կկարողանային գոնե չնչին հանգստություն գտնել: Թե քրոջս երբեմն ստացվում էր խելքի բերելը իր վշտակիր վիճակից, ապա Բակո քեռուն (ես նրան այդպես էի անվանում, որովհետև տարիքով ինձանից շատ մեծ էր) անհնար էր երբևէ հաշտեցնել կյանքի հետ, ու նա հաճախ կուրծքը ծեծելով բղավում էր.

- Ո՞ւր է քու Աստված, ո՞ւր է Նա, երբ երկինք փլվեց մեր գլխին, երբ ծաղիկ-ծաղիկ մեր աղջիկ-տղեք գերեզման իջան, ո՞ւր է, ասա՛: Ես չգիտեի այլևս ինչ անել կամ ինչ ասել: Իմ փոքրիկ սևակազմ Աստվածաշունչը ծալում, թաքուն դնում էի ձեռքիս պայուսակի մեջ ու հեռանում, քանի որ ինքս էլ չգիտեի և չէի պատկերացնում, թե ինչպես կվարվեի ես այդ մարդու փոխարեն, ում աժդահա մարմինը կուչ էր եկել կորստի ցավից ու լուռ կսկծում էր:

1988թ. դեկտեմբերյան խավար օրը` երկրաշարժից հետո, նրա ընտանիքը պակասել էր՝ հայի դառը, ցավոտ ճակատագիր: Նրա դուստրը՝ քսանամյա Նվարդը, ում հարսանիքին էին նախապատրաստվում, իր հարսանյաց ճերմա՜կ-ճերմա՜կ ծաղիկների հետ մնաց սև փլատակների տակ: Բակոն չներեց Աստծուն, չհաշտվեց այդ օրվա հետ: Երբ հացի էր նստում, աչքի առջև աղջկա ժպտուն կերպարն էր գալիս ու, տան մեջ շրջելով, սեղանին էր մոտենում, հյուրասիրում իր պատրաստած քաղցրավենիքը: Հացի փոխարեն Բակոն արցունքներով էր կշտանում ու դառնացած լքում սեղանը:

Աղջկա մասունքները հուղարկավորելուց հետո լուռ ու մունջ, ասես գերեզմանում փակված նա ապրեց: Երկար ամիսներ հետո նա մի կերպ ուժ գտավ ոտքերի մեջ և առաջին անգամ դուրս եկավ տնից, որն այլևս տուն չէր, այլ ժամանակավոր մի կացարան, որ որպես օգնություն տրամադրել էին ինչ-որ բարերարներ: Քույրս պատմում է, թե զարմացած մնաց, երբ նա իր կոշիկներն ուզեց դուրս գալու համար, որովհետև նա վերածվել էր կենդանի մեռելի, որ ապրում էր և չէր ապրում, նրան երբեք դրսի օդը չէր կանչում, նա այլևս չէր սիրում արևը: Նկատելով իր տիկնոջ հարցական հայացքը, թե ուր է շտապում (բառերով չէր համարձակվի հարցնել), նա խոսեց.

- Էրթամ էն շան տղուն տենամ՝ ողջ է, թե մեռած, ինչղ կապրի,- նկատի է ունեցել աղջկա փեսացուին: Այդպես կոտրված սրտով ու կոտրված քայլերով նա վեր է կենում ու գլխակախ հեռանում: Ասում են, թե նա գնացել, խնդրել է աղջկա փեսացուին անպայման իր համար հարսնացու գտնել և ամուսնանալ

- Թե սիրես գը իմ Նվարդին, մենակ մի մնար, կարգվի:

Այսպես է խոսել փեսայի հետ, ու դրանից հետո իր հետքն անգամ չի երևացել, ու ոչ ոք ոչինչ չի իմացել նրա մասին:

2

Ամեն տեղ փնտրում էին նրան: Քույրս վո՜ւշվու՜շ անելով ման էր գալիս ու ծնկներին տալիս. - Տունս ոտքի տակ կերթա, փոշի է տունս, փոշի, ի՞նչ էնիմ, քուրո՛:

Ես դարձյալ մխիթարությամբ զինված այցելում էի նրան, սակայն մխիթարության բառերը սառում էին շուրթերիս, և միայն աղոթքներ էի մրմնջում նրա համար:

Պատերազմն իր սև ստվերն էր փռել ամենուրեք: Էլեկտրականությունից զուրկ ու մինուս աստիճանով քրոջս տնակում ես ու քույրս մի հաստ ծածկոցի տակ կծկված «հո՜» էինք անում ձեռքներիս ու տարբեր հուշեր հիշելով՝ փորձում էինք անտեսել ցուրտը: Այդ օրը կրկին հերթական այցելությունն էր նրան, տեսնելով նրա անօգնական ու տառապալից վիճակը՝ մնացի այդ օրն այնտեղ գիշերելու: Հանկարծ դուռը բախեցին: -Վայ, խեր էղնի, ո՞վ կեղնի գիշերվա էս ժամուն:

Քույրս տեղից վեր թռավ ու ահը սրտում մոտեցավ դռանը.

-Ո՞վ է:

-Ես եմ ա՛յ կնիկ,- Բակոյի խռպոտ, հաստ ձայնը ցնցեց երկուսիս: 

Ես էլ վեր թռա տեղիցս: Ներս եկավ Բակոն՝ ասես վայրի անտառային մի մարդ, քրջոտ հագուստներով, երկար մորուքով ու անքնությունից ու տառապանքից կարմրած աչքերով: Միայն սուր արծվային հայացքն էր մատնում, որ նա է ու մեկ էլ բամբ ձայնը, որ պողպատի պես ճեղքում էր լռությունը: Քույրս թպրտալով գրկեց նրան ու լացակումած հարցերի տարափ տեղաց անմիջապես:

-Ո՞ւր էիր, դու խիղճ, Աստված չունի՞ս, հեչ չե՞ս մտածի, օր մարդ կա էստեղ, ի՞նչ կենե՞ս, հնչի՞ էսպէս վարվիս գը ընձի հետ:

Բակոն երկաթե մատները կեռելով քրոջս ուսերին՝ նրան բռնեց ու ետ պոկեց իր կրծքից. -Հնչի՞ լացես գը, ա՛յ կնիկ, թառլան աղջիկդ մեռավ, ի՞մ մասին դարդ կենես, ամո՛թ է, վե՛րջ տուր, բան մը դիր ուտեմ, սոված հոգիս դուս կուգա:

-Համբերե քիչմ շունչ առնիմ, խելքս գլուխս հավքիմ,- քույրս թուլացած նստում է և սկսում շնչել-արտաշնչել՝ կարծես օդը չէր հասնում մինչև նրա թոքերը:

-Ժամանակ չունիմ համբերելու, հմի պտի էրթամ: Տասը րոպե:

-Ո՞ւր կերթաս, էլի՞...

-Էնտեղ, ուր մահն ընձի գտնե գը:

-Ո՞ւր:

-Պատերազմ, գոնե մե բանմ էրած մեռնիմ, մե օգուտ տամ իմ խեղճ ազգին:

-Դու ֆիդայի՞ն ես:

-Մահապարտ:

-Ամա՜ն: Մահը մեր տուն մտե, դուս չեղնի:

-Հաց բեր, կնի՛կ:

Քույրս արձանացել, մնացել էր: Վա՜յ-վո՜ւյը կապել էր ու շվարել: Ես վեր կացա և փորձեցի ուտելու մի բան գտնել: Մառանում մի հին կուժի միջից կարմիր ու հաստ կաղամբի թթու հանեցի, բերեցի, պանիր, թան և ընդամենը կես կտոր սև ու անդուր հաց: Նա մի կտոր թթու դրեց բերանը, սակայն հացին ձեռք չտվեց՝ հասկանալով, որ դա մեր օրվա հացի պաշարն էր:

-Կեր, օր սրտիս նստի,- քույրս հառաչանքով դիմեց նրան՝ աչքերը պսպղացնելով նրա վրա՝ խղճահարության ու կարոտի զգացումներով լի:

-Սոված չեմ:

-Ի՜, սոված եմ՝ ըսիր:

-Արդեն կշտացա քու դրած թթվից: Ելնե՛մ,շանթի պես պոկվեց տեղից,- ընձի կսպասեն, մեր ֆիդայիններուց մեկին վիրավորել էին, ուղղաթիռով հոսպիտալ ենք բերել, հիմա պիտի էրթամ:

 

-Քեզի լավ նայե, բան մը չեղնի հանկարծ,ծվծվաց քույրս:

-Ինչղ կանիծես, ա՛յ կնիկ, լավ չէ՞ր էղնի էդ գնդակ քիչ մը ծուռ գար, գլխուս դիպեր, քան թե էդ ջահել, աղա տղուն գնաց գտավ, օր քաջ ֆիդային է, թե չէ ես ի՞նչ ֆիդայի, կամ ապրելս ի՞նչ արժի:

-Էդպես մի ասա, Բակո քեռի,- ես նույնպես չդիմացա ու մեջ ընկա:

-Ի՞նչ,- շրջվեց ու դիմեց ինձ,- հմի պիտի ըսես, թե Աստված ընձի խղճա գը՞, խնայե գը՞: Քուրո՛, օր մեկ էլ անգամ աղոթք ընես քու Աստծուն, խնդրե, օր ընձի շուտ տանե էնդեղ, չիդեմ ուրդե, բայց թող շուտ տանե:

Ես նույնպես սկսեցի լացել, իմ առջև կանգնած էր մի հզոր հոգու տեր մարդ, ում աչքերի մեջ կորստի անդունդներ կային, անդունդներ, որ ոչ մի բանով այլևս չլցվեցին: Երբ նայում էի նրա աչքերին, ակամա սահմռկում էի: Նա դուրս եկավ տնակից ու երկաթյա դուռն ուժգին շրխկացրեց իր հետևից վերջին հրաժեշտի պես՝ արգելելով, որ դուրս գանք իր հետևից: Նրա ստվերը մխրճվեց ուշ գիշերվա մռայլ խավարում: Քույրս փռվեց մահճակալին, ու լուռ ցնցվում էին նրա ուսերը անձայն հեկեկոցից:

3.

Բակոյին մի անգամ ևս առիթ ունեցա տեսնելու, սակայն այս անգամ կոկիկ հարդարված, մաքուր, բայց մի քիչ հնամաշ զգեստներով: Շատ վեհ ու առնական կերպար էր: Նրան հրավիրել էին զինկոմիսարիատ, ու նա, կարծելով թե կարևոր գործ է, շտապել էր այնտեղ, սակայն իմանալով, որ իրեն ինչ-որ շքանշանով են պարգևատրելու, բարկացած գոռացել էր բոլոր աշխատողների վրա՝ համարելով, որ նրանք անտեղի ժամանակ են ծախսում նման ձևականությունների համար, փոխանակ կռվի դաշտում իրենց ազգի պայքարին իրենց ուժն ու ժամանակը տան: Բռունցքը սեղանին հարվածելով՝ ասել է.

- Ես ի՞նչ է, ծաղրածո՞ւ եմ, օր դոշիս կուլոն կախեք: Մեռնիլ-ապրելու վախտ է, ընձի էս ժեշտի համար կանչել, բերել եք, ըսիգ ինչ է, թազա զենք տվեք ընձի,- շքանշանը նետում է սեղանին ու դուրս գալիս,- իմ ջահելներ ընձի սպասեն գը, էրթամ հասնեմ իմ տղոց:

Թեև նա ռազմաճակատի ամենախիզախ կռվողներից էր ու ազնվության, քաջության հետ մեկտեղ նաև ցուցաբերում էր ռազմական մեծ հմտություններ ու գիտելիքներ, հերոսությունն էլ անպակաս էր իրենից, ավելի ճիշտ՝ իր ամեն մի քայլը հերոսություն էր, ուր ապրելու հավանականությունը շատ չնչին էր, նա բոլորին հետ էր մղում և ինքն էր առաջ նետվում, բայց նա երբեք իրեն չհամարեց ավելին, քան իր զինակից ընկերները: Միշտ ասում էր.

-Ես ի՞նչ ֆիդայի, ֆիդայի էն տղեքն են, օր գիշեր ու ցերեկ արծվի պես թառած են մշուշների մեջ մխրճված ժայռերի գագաթներին:

Այդ արծիվներից մեկն էլ նա էր՝ մառախուղների մեջ թռիչք գծող ծեր արծիվը:

Այդ օրը, քանի որ մի քիչ ավելի ժամանակ ուներ, պիտի ավտոմեքենան քաղաքից գար, որ իրեն վերցներ, նա ինքը այցելեց ինձ, և զարմանալին այն էր, որ բոլոր հարազատներից նա հենց ինձ այցելեց: 

Ներս մտնելուն պես խնդրեց իր համար սուրճ պատրաստեմ: Մինչ ես, ձեռքս առած երկաթյա ծանր սրճաղացը, պտտեցնում էի նրա աղացող ձողը, նա, թավ ունքերի տակից ֆռֆռացնելով ավելի կոպտացած աչքերը, ինչ-որ բան էր փնտրում: Թեև ես խոսք էի բացում առօրյայից, նրա ապրած օրերից, ռազմի դաշտից, որ ինձ շատ էին հետաքրքրում, բայց նա, կարծես, շատ քիչ էր ուզում խոսել դրանց մասին ու ինձ պատասխանում էր ուղղակի և կտրուկ, մեկ կամ երկու բառով: Ես հասկացա, որ պետք չէ այլևս հարցախեղդ անել այդ մարդուն, ում համար կյանքը տաղտկալի ու գորշ էր: Նա չդիմացավ և իր դողդողացող ձայնը մատնեց, թե ինչ էր փնտրում հայացքով երկար ժամանակ:

 

-...Է՜ն քու սև գիրքն ուրդե՞ղ է

-Ի՞նչ սև գիրք:

-Էն, օր ըսիր, թե Աստձու խոսքն է:

Ես դադարեցի աղալը և փայլող աչքերս պատասխանիցս առաջ ընկան:

-Աստվածաշո՞ւնչը:

-Էդի՛կ:

-Մոտս է, Բակո քեռի:

Առաջ նա շատ կոպիտ էր վերաբերվում «Աստվածաշունչ» բառին: Երբ ես Աստծուց էի խոսում, նա հառաչում էր ու լացակումած գրեթե բղավում. «Ո՞ւր է քու Աստված, ո՞ւր է»:

Ես բերեցի գիրքը, և նրա աչքերը կայծկլտացին, ու նա նորից հառաչելով ձեռքը երկարեց դեպի գիրքն ու լաց եղավ:

-Ո՞ւր էիր, տնաշենի Աստված:

Ես նույնպես լաց եղա՝ չկարողանալով բառեր գտնել այդ պահի համար: Հետո հազիվ ինձ կառավարելով՝ ասացի.

-Բակո քեռի, ես սուրճը պատրաստեմ, գամ,առիթ էր պետք առանձնանալու և նրան էլ առանձին թողնելու:

-Սուրճդ քեզի պահե, չեմ ուզե, ընձի քիչմ էս գրքից կարդա, հոգիս խեղդվե գը:

Ես ուրախացա, երբ նա ուզեց լսել Աստծո խոսքը և սկսեցի այն համարները կարդալ, որոնք Աստծու սիրո արտահայտությունն են մարդուն.

 «Որովհետև Աստված այնպես աշխարհը սիրեց, որ Իր միածին Որդուն տվեց, որ ով Նրան հավատա, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»...

 

Խե՜ղճը, ըբը մեղկ չէ՞ Աստված, օր Ինքն Իր Որդուն զոհեց մեզի համար, անմեղ էր, չէ՞:

-Այո:

-Նվարդս էլ էր անմեղ,- հեծկլտաց կրկին ու գլխարկը քաշեց գլխին, որ թաքցնի արցունքները,- ո՞վ կարող էր նրան ասել այդ պահին, որ խաչվողն էր միակ Անմեղն այս աշխարհում: Հետո նորից ինձ դարձավ արցունքները դժվարությամբ խեղդելուց հետո.-Լսի՛ր, քույրի՛կ, մե խնդրանք մը ունիմ, քու ձեն Աստված լսե գը, իրեն ըսե, օր էդ թուրք շանորդու փամփուշտները հերիք կողքովս անցնեն, դպնեն մեր ջահելներուն, թող իրենցից մեկի փոխարեն ընձի դիպչեն:

-Մեղա՜ Աստված, ի՞նչ ես ասում Բակո քեռի:

-Ապրելս հեչ չի գա:

Նա կանգնեց ու հաստ պիջակի տակից փայլեց ինքնաձիգի փամփշտակալը, որն իր երրորդ ոտքն ու երրորդ ձեռքն էր նա համարում, այսինքն իրենից անբաժան:

-Մի՛ վախեցի, ըսիգ թուրքի համար է: Ես կերթամ, քրոջդ օր տեսնես, ըսե թող իրեն լավ նայե, ըսե, օր էդ պաղ ջրերու մեջ հերիք թևեր քշտե, լվացք ընե, մեղք է, ցավի տիրանա գը:

-Քրոջս չե՞ս տեսել:

-Է՜, ի՜նչ տեսնիմ, էրթամ իմ ջահելներուն հասնիմ, գեղի բերան ընձի սպասեն գը:

Առանց մի վայրկյան վարանելու՝ նա դուռը բացեց ու կայծակի պես դուրս եկավ: Նա ասես ուրվական լիներ, ոտքից գլուխ ցավի մարմնացում: Նրա վրայով կարծես մահը մի հազար անգամ անցել-դարձել էր ու անդրաշխարհի շունչը նրա երեսին էր: Անգամ իր տուն չէր գնացել, միայն մեր տուն էր եկել, երևի զգում էր, որ Աստծո հետ հանդիպման պիտի գնա: Նա, որ ողջ կյանքում մերժել է Աստծուն, կարծես եկել էր հաշտվելու այդ սև գրքի ու նրա Տիրոջ հետ: Նրա խրոխտ ու վայրի կերպարի մեջ ծնկեց հսկա մարդը, և բարձրացավ զգացմունքային, կարեկցող, կարոտող մարդու ոգին, որ փնտրում էր Ամենակարողին:

4․

Նրա գնալուց երկու օր էր անցել, առավոտյան զրնգաց քաղաքային հեռախոսը: Պատասխանեցի: Հեռավոր մի բարեկամուհի էր, որ շատ հազվադեպ էր զանգում ինձ: Երկար -բարակ խոսակցություն տարավ՝ փորձելով ճշտել լուրը, որը լսել էին, բայց ես դեռ անտեղյակ էի:

-Ասում են՝ Ղարաբաղից էլի վիրավորներ են բերել,- տարակուսած ձայնով ասաց բարեկամուհիս:

-Աստվա՜ծ իմ, էլի՜:

-Ի՞նչ է, տեղյակ չե՞ս:

-Ոչ:

-Մեկն էլ, ասում են, թե մահացել է:

-Ցավում եմ,- անկեղծ ցավ զգացի ես իմ սրտում, առանց իմանալու, որ...

Բարեկամուհիս չհայտնեց անունը, բայց նրա զանգից հետո մեր տան զանգերը չէին դադարում: Իմացա, որ Բակոն է զոհվել, երբ փրկել է մի երիտասարդ զինվորի կյանք: Ես արձանացել, մնացել էի կանգնած, այլևս չէի պատասխանում ոչ մի հեռախոսազանգի, այլ միայն նստել և վերհիշում էի մեր վերջին հանդիպումն ու լաց լինում:

Զանգեցի քրոջս, նա, ձայնը խորքը գցած, մի կերպ խոսեց հետս՝ զսպելով փղձկոցը: Ինչ-որ նա ասաց, դարձյալ տարօրինակ էր ինձ համար: Նա ասաց.

-Ես վաղուց էի հաշտվել նրա մահվան հետ, անգամ երբ նա կենդանի էր: Գիտեի, որ նա մահ էր փնտրում և մեռած էր ապրում: Բայց նա հերոսի պես է եղել ու մինչև իր վերջին շունչն էլ ապրեց որպես հերոս: Իր վերջին տարիները նա չապրեց իր համար, ինքն իր համար արդեն մեռած էր, այլ հայրենիքի համար ու վրեժի:

Հետո ասաց, որ Բակոյին հետմահու պարգևատրել են արիության շքանշանով և իրեն կանչել են, որ այն ստանա․

-Չե՛մ էրթա վերցնեմ, ինքը մեդալներ չէր սիրե, օր իմնա, նեղանա գը,- ասաց ու կախեց հեռախոսը:

 

 

 

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality