Yerevan, 23.July.2026,
00
:
00
BREAKING


Մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի. Փաշինյան

SOCIETY

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 17-ին ուղերձով դիմել է ժողովրդին։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.

 

«Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, 

2020 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է հայտարարված՝ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Արտակարգ դրության ժամկետը լրանում էր ապրիլի 14-ին, բայց մենք ստիպված եղանք եւս մեկ ամսով երկարացնել այն, որովհետեւ, ցավոք, ճգնաժամը հաղթահարված չէ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: 

Համավարակի համաշխարհային ցուցանիշները հետեւյալն են. այս պահի դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 միլիոն 181 հազար 508 դեպք: Կորոնավիրուսից մահացել է 147 հազար 337 մարդ, առողջացել է 552 հազար 264 մարդ:  

Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը հետեւյալն է. ունեցել ենք 1201 հաստատված դեպք, 402 առողջացած, եւ ցավոք սրտի՝ մահվան 19 դեպք: Կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների միջին տարիքը 73.8 է: Բոլոր մահացած պացիենտներն ունեցել են ուղեկցող ծանր հիվանդություններ. այդ թվում՝ քաղցկեղ, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություններ եւ այսպես շարունակ:  

Ապրիլի 17-ի դրությամբ մեր հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժվում է 780 հոգի, մեկուսացման մեջ են գտնվում շուրջ 1700 քաղաքացիներ, ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել 2647 մարդու համար: 

Ու չնայած այս տագնապալի թվերին, հարկ եմ համարում ընդգծել, որ մեր առողջապահական եւ պետական կառավարման համակարգի ջանքերի բերումով վարակի տարածումն այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսը այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել: 

Սա համաճարակի կառավարման ամենակարեւոր ցուցանիշներից է, որովհետեւ բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ վարակված եւ բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար տեղ չէր գտնվում հիվանդանոցներում: Առնվազն մինչեւ այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին եւ ես կրկին ուզում եմ շնորհակալության հայտնել եւ գնահատանքի խոսքեր ասել մեր բժիշկներին, առողջապահական համակարգի բոլոր աշխատողներին, ովքեր օրնիբուն կանգնած են համաճարակի դեմ պայքարի առաջնագծում՝ շաբաթներով կտրված կտրված մնալով սեփական ընտանիքներից: Շնորհակալ ենք ձեզանից, առողջապահության համակարգի սիրելի աշխատողներ, սիրելի բուժաշխատողներ եւ ծափահարում ենք ձեզ:  

Հարկ եմ համարում նշել, որ առաջին օրերից արժանապատիվ պայմաններ են ստեղծված մեկուսացված մեր քաղաքացիների համար: Նրանք ապահովված են հյուրանոցային համարներով, սննդով եւ անհրաժեշտ բժշկական հսկողությամբ: Աշխարհի շատ երկրներում Հայաստանի օրինակը ի ցույց է դրվում, թե ինչպես է պետք վարվել սեփական քաղաքացիների հետ՝ օրհասական եւ ճգնաժամային պահերին: 

Այս ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ապահովվել է Հայաստանի հազարավոր քաղաքացիների վերադարձը հայրենիք, ինչը իրականացվել է ինչպես պետական բյուջեի միջոցների, այնպես էլ՝ հայաստանյան եւ սփյուռքահայ կազմակերպությունների ու բարերարների աջակցությամբ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել աջակցություն ցուցաբերած բոլոր կազմակերպություններին եւ անհատներին: Վերջիններս պարետատանն աջակցել են նաեւ անհրաժեշտ մի շարք ապրանքներ Հայաստան ներկրելու հարցում: 

Կորոնավիրուսի համաճարակի հայաստանյան կարեւոր առանձնահատկություններից է նաեւ այն, որ մեր երկրում ոչ մի օր չարձանագրվեց դատարկ ցուցափեղկերի երեւույթը, մի բան, որ ցավոք արտահայտվել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Եւ սրա համար, կրկին, ուզում եմ շնորհակալություն հայտնել ինչպես մեր գործարարներին, այնպես էլ Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերներին, ովքեր ջանք չեն խնայում Հայաստանի բեռների շրջանառությունը այս պահին հնարավոր լավագույն ձեւով ապահովելու համար:  

Շնորհակալություն եմ հայտնում նաեւ բոլոր այն երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, ովքեր կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն են ցուցաբերել Հայաստանին:

Սիրելի՛ հայրենակիցներ, 

Կորոնավիրուսի համաճարակը իր հետ բերել է բազմաթիվ տնտեսական եւ սոցիալական դժվարություններ եւ կառավարությունը ընդունել է հակաճգնաժամային 13 միջոցառումներ, որոնց նպատակը տնտեսությանն ու քաղաքացիներին աջակցելն է՝ ճգնաժամը հաղթահարելու հարցում: 

Հակաճգնաժամային առաջին միջոցառման շրջանակներում կառավարությունը խթանել է անտոկոս եւ արտոնյալ վարկերի տրամադրումը կազմակերպություններին: Ընդ որում, աշխատավարձերի վճարման եւ հարկային պարտավորությունների կատարման համար  կառավարության համաֆինանսավորմամբ վարկեր տրամադրվում են 0 տոկոսով: Հումքի եւ սարքավորումների ձեռքբերման, կոմունալ վճարների, սննդի ներկրման համար առաջարկվում են արտոնյալ պայմաններով վարկեր: Այս պահի դրությամբ ծրագրից օգտվել է 229 տնտեսվարող եւ վարկավորման գումարը կազմել է 10 միլիարդ 900 միլիոն դրամ: Ծրագրի իրականացումը շարունակվում է: 

Հակաճգնաժամային երկրորդ միջոցառումն ամբողջությամբ վերաբերվում է գյուղատնտեսությանը: Կառավարությունը զրոյացրել է պետական ծրագրերով տրվող վարկերի, ինչպես նաեւ մի շարք գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները, գյուղատնտեսական գործունեությունն ընդհանրապես խթանելու համար: Այս պահի դրությամբ ծրագրից օգտվել է 1307 սուբյեկտ, վարկավորման գումարը կազմում է 2 միլիարդ 960 միլիոն դրամ եւ մենք միջոցներ ենք ձեռնարկում ծրագրի ընթացքը ավելի ինտենսիվ դարձնելու համար:  

Հակաճգնաժամային երրորդ միջոցառման շրջանակներում աջակցում ենք պարտաճանաչ հարկ վճարող փոքր եւ միջին ձեռնարկություններին, իրենց շրջանառությունից կախված, առանց որեւէ գրավի նրանց տրամադրելով 2-ից 50 միլիոն դրամ վարկեր, երեք տարի ժամկետով: Ընդ որում առաջին վեց ամիսը նրանք վարկի սպասարկման որեւէ վճարում չպետք է անեն, առաջին երկու տարիների համար վարկը տրվում է 0 տոկոսով: Ծրագիրը շարունակական է եւ այս պահին նրանից օգտվել են 230 տնտեսվարողներ, վարկավորման գումարը կազմում է 2 միլիարդ 470 միլիոն դրամ եւ մենք միջոցներ ենք ձեռնարկում ծրագրի ընթացքը ավելի ինտենսիվ դարձնելու համար: 

Հակաճգնաժամային հինգերորդ միջոցառման շրջանակներում դրամաշնորհ ենք տալիս 2-ից 50 աշխատատեղ ունեցող այն ընկերություններին, որոնք կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում պահպանել են դրանից առաջ իրենց ունեցած բոլոր աշխատատեղերը եւ աշխատավարձի հիմնադրամը: Այս ընկերությունների յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձ վճարում է կառավարությունը: Ծրագրից օգտվել է արդեն 8340 տնտեսվարող, կառավարության կողմից նրանց նվիրաբերված գումարը կազմել է 1 միլիարդ 300 միլիոն դրամ: 

Սրանք մեր՝ այս փուլում ընդունած տնտեսական ծրագրերն էին: Քննարկումները շարունակվում են եւ մենք առաջիկայում կընդունենք տնտեսական բնույթի այլ ծրագրեր նույնպես: Այժմ ներկայացնեմ մեր ընդունած սոցիալական աջակցության ծրագրերը: 

Հակաճգնաժամային չորրորդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցություն ենք ցուցաբերում մինչեւ 14 տարեկան երեխա ունեցող այն ծնողներին, ովքեր մարտի 13-ից 25-ը կորցրել են աշխատանքը եւ ամեն երեխայի հաշվով այդ ծնողներին հատկացնում ենք 100 հազար դրամ աջակցություն: Այս պահի դրությամբ նույնականացրել ենք այդպիսի 964 ծնողների եւ վճարել ենք մոտ 100 միլիոն դրամ: 

Հակաճգնաժամային վեցերորդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցում ենք այն քաղաքացիներին, ովքեր գրանցված են եղել որպես աշխատող եւ մարտի 13-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կորցրել են աշխատանքը եւ հունվար-փետրվար ամիսներին նրանց աշխատավարձը չի գերազանցել 500 հազար դրամը: Նման քաղաքացիներին վճարում ենք աջակցություն նվազագույն աշխատավարձի չափով: Այսօրվա դրությամբ նման վիճակում գտնվող 6723 քաղաքացիների վճարել ենք աջակցություն 457 միլիոն դրամի չափով: 

Հակաճգնաժամային 7-րդ ծրագրի շրջանակներում միանվագ աջակցություն ենք հատկացնում այն հղի կանանց, ովքեր աշխատանք չունեն եւ որոնց ամուսինները աշխատանքից ազատվել են մարտի 13-ից 30-ն ընկած ժամանակահատվածում: Նման վիճակում գտնվող կանանց մենք վճարում ենք 100 հազար դրամ միանվագ օգնություն եւ այսօրվա դրությամբ 7026 հղիների տրամադրվել է 702 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն: 

Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցություն ենք ցուցաբերում կորոնավիրուսի պատճառով ամենաշատը տուժած ոլորտների աշխատողներին եւ անհատ ձեռնարկատերերին: Աջակցության չափը կախված է իրենց գրանցված աշխատավարձերի կամ արձանագրված շրջանառությունների չափերից: Այս ծրագրի շրջանակներում արդեն իսկ աջակցություն է տրամադրվել 63 հազար 14 անձի՝ 4 միլիարդ 615 միլիոն դրամի չափով: 

Հակաճգնաժամային 9-րդ միջոցառման շրջանակներում մենք միանվագ աջակցություն ենք տրամադրում այն ծնողներին, ովքեր գրանցված աշխատող չեն եղել եւ աշխատանք չունեն: Նման ծնողներին ամեն երեխայի հաշվով վճարում ենք 26 հազար 500 դրամ: Այս պահի դրությամբ մենք աջակցություն ենք տրամադրել 19 հազար 457 երեխայի եւ վճարված գումարը կազմել է 515 միլիոն դրամ: Ծրագրի իրականացումը շարունակվում է:

Հակաճգնաժամային 10-րդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցություն ենք ցուցաբերում խոցելի ոլորտներում աշխատող միկրոբիզնեսի ընկերություններին, 2020 թվականի առաջին եռամսյակում արձանագրած շրջանառության տասը տոկոսի չափով, բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը ու ոչ պակաս քան 10 հազար դրամը: Այսպիսի շուրջ 6 հազար տնտեսվարող ծանուցվել է եւ աջակցության տրամադրումը կմեկնարկի առաջիկա շաբաթվա ընթացքում:

Հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցություն ենք ցուցաբերում էլեկտրաէներգիայի եւ գազի այն բաժանորդներին, ում փետրվարի ծախսը կազմել է գազի համար 10 հազար դրամ, էլեկտրաէներգիայի համար 5 հազար դրամ: Հայաստանի Հանրապետությունում այսպիսի շուրջ 235 հազար բաժանորդ կա եւ կառավարությունը փետրվար ամսվա նրանց վճարների 50 տոկոսը փոխհատուցում է: Այս խմբի բաժանորդները, ովքեր արդեն վճարել են, աջակցությունը ստանում են որպես կանխավճար՝ իրենց բաժանորդային հաշիվներին: Կառավարությունը այս ծրագրով արդեն իսկ վճարել է 786 միլիոն դրամ: 

Հակաճգնաժամային 12-րդ միջոցառումով միանվագ աջակցություն ենք ցուցաբերում էլեկտրաէներգիայի եւ գազի այն բաժանորդներին, ովքեր փետրվար ամսին սպառել են 10 հազար 1 դրամից մինչեւ 30 հազար դրամի գազ եւ 5001-ից մինչեւ 10 հազար դրամ էլեկտրական էներգիա: Հայաստանի Հանրապետությունում այսպիսի շուրջ 280 հազար բաժանորդ կա եւ կառավարությունը փետրվար ամսվա նրանց վճարումների 30 տոկոսի չափով աջակցություն է տրամադրել: Այս ծրագրով արդեն իսկ վճարվել է 1 միլիարդ 842 միլիոն դրամ: 

Հակաճգնաժամային 13-րդ միջոցառումով նպաստառու ընտանիքներին աջակցություն ենք տրամադրում իրենց ամսական նպաստի կեսի չափով: Ընդ որում, աջակցության 70 տոկոսը կտրվի առձեռն, իսկ 30 տոկոսը կփոխանցվի էլեկտրական էներգիայի նրանց բաժանորդային հաշիվներին: Այս ծրագրից կօգտվի շուրջ 85 հազար ընտանիք, աջակցության համախառն չափը կկազմի շուրջ 1.2 միլիարդ դրամ: Այս ընտանիքների աջակցությունը նրանց կտրվի ապրիլ ամսվա նպաստի հետ: 

Կարեւոր է արձանագրել նաեւ, որ կորոնավիրուսի համաճարակի մեկնարկից ի վեր, այսօրվա դրությամբ Հայաստանի բանկերն ու վարկային կազմակերպությունները շուրջ 11 հազար իրավաբանական անձանց վարկային արձակուրդ են տվել 35 միլիարդ դրամի չափով: Շուրջ 15 միլիարդ դրամի վարկային արձակուրդ է տրվել 380 հազար ֆիզիկական անձանց: 

Սիրելի՛ հայրենակիցներ, 

Կառավարությունը շարունակում է հակաճգնաժամային միջոցառումների եւ անելիքների քննարկումները ու կկայացվեն բոլոր անհրաժեշտ որոշումները վերահաս այս ճգնաժամին արժանապատիվ դիմակայելու համար: Մեր օրախնդիր հարցը այնպես անելն է, որ մեր ընդունած հակաճգնաժամային 13 միջոցառումները լինեն առավելագույնս արդյունավետ եւ հնարավորինս արագ հասնեն շահառուներին: 

Պետք է խոստովանեմ, որ բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, երբ մարդիկ դե ֆակտո ծրագրի շահառու են, բայց էլեկտրոնային ծրագրերը մերժում են նրանց դիմումը: Բոլոր այս դեպքերը մենք կրկին կդիտարկենք, բայց հիմա արդեն պարզ է, որ բազմաթիվ դեպքեր կան, որ քաղաքացիները ծրագրի շահառու չեն դառնում իրենց գործատուների անպարտաճանաչության եւ նույնիսկ ապօրինի գործունեության պատճառով: Մենք բոլոր նման դեպքերը, կրկնում եմ, կուսումնասիրենք եւ կանենք համապատասխան հետեւություններ: 

Ինչ վերաբերվում է կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու մեր ռազմավարությանը, պիտի արձանագրենք, որ քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու եւ մենք ունենալու ենք վարակված քաղաքացիներ: 

Մեր ռազմավարական խնդիրը, ըստ այդմ, հետեւյալն է. այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ եւ առողջապահական համակարգի համար տանելի: Մյուս կողմից մենք չենք կարող անվերջ փակված լինել եւ անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում:  

Հետեւաբար՝ մեր ռազմավարական խնդիրն է ապրել կորոնավիրուսին զուգահեռ, ըստ անհրաժեշտության, նրա հետ համատեղ եւ արտակարգ դրության առաջիկա ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք հենց սրա համար անհրաժեշտ հմտություններ ձեռքբերելու նպատակով: Ի՞նչ է սա նշանակում գործնականում: 

Մենք փուլ առ փուլ թույլատրում ենք տնտեսական գործունեության վերսկսումը զանազան ոլորտներում: Բայց հատուկ պատասխանատվություն ենք ակնկալում գործատուներից, ովքեր պետք է ապահովեն գործարաններում, արտադրամասերում, շինհրապարակներում կորոնավիրուսային անվտանգության հատուկ պայմաններ, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ոչ թե մեղմացնել, այլ խստացնել սահմանափակումները:  

Այսօրվանից արդեն բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան նաև իրենց՝ ապագայում վերաբացվելիք խանութների, սրճարանների, ռեստորանների համար եւ կոչ եմ անում, խնդրում եմ կարանտինային առաջիկա ժամանակաշրջանն օգտագործել հենց այս խնդիրը լուծելու համար: 

Համաճարակային այս ժամանակաշրջանը առանձնահատուկ պատասխանատվություն է դնում մեզնից յուրաքանչյուրի վրա: Մեզնից յուրաքանչյուրը պետք է առավելագույնն անի նախ ինքը չվարակվելու, ապա եւ ուրիշներին չվարակելու համար: 

Եւ ուզում եմ այդպիսի բանաձեւ առաջարկել, որի կիրառման պարագայում կկարողանանք երաշխավորել ինքներս մեզ եւ մեր հարազատներին: Ըստ այդմ՝ կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է ապահովել 3 պարզագույն կանոն. առաջինը իրար հետ շփվելիս պահպանել առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն: Երկրորդ. դեմքին դիպչել միայն ախտահանված ձեռքերով. այս պարագայում նկատի է առնվում օճառով լվացված կամ սպիրտային հենքով  ախտահանիչ միջոցներով ախտահանված ձեռքերը: 

Հաջորդ պայմանը՝ միայն մաքուր սպասքից ու ախտահանված վարսավիրական գործիքներից օգտվելն է: 

Այս պայմանների ապահովման դեպքում գրեթե երաշխավորված կլինենք կորոնավիրուսով չվարակվելուց: Ահա փաստորեն երեք կանոն, որոնք կլուծեն խնդիրը բայց այդ կանոնները պահպանելու համար մեզնից առանձնահատուկ եւ հավաքական ջանքեր են պահանջվում: Ես նկատի ունեմ ինչպես մեր ու մեր ընտանիքների, այնպես էլ հանրային սննդի ոլորտի եւ գեղեցկության սրահների ոլորտում աշխատող տնտեսվարողների ջանքերը:  

Կորոնավիրուսի համավարակը բոլորիս պարտադրում է վարքագծի նոր կանոններ եւ նույնիսկ նոր ռեֆլեքսներ: Ի վերջո, մեր վարքագծի բազմաթիվ կանոններ, բազմաթիվ ռեֆլեքսներ ձեւավորվել են ժամանակի ընթացքում, տարբեր գործոնների ազդեցության ներքո եւ թերեւս հիմա ապրում ենք այդպիսի ժամանակներ, երբ իրավիճակը անխուսափելիորեն փոփոխություններ է մտցնելու մեր սովորույթների, շփման ձեւերի, առօրյա շարժուձեւերի մեջ: 

Սիրելի՛ հայրենակիցներ, 

Կառավարության հակահամաճարակային գործողությունները նախնական արդյունքներ տվել են: Բայց սա պետք է ոչ թե թուլացնի մեր զգոնությունը, այլ ընդհակառակը: Առավել եւս արտակարգ դրության առաջիկա շրջանում մենք պետք է կրկնակի զգոնություն դրսեւորենք: 

Եթե այդպես վարվենք, արդեն մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի: Եթե այդպես չվարվենք, եթե համակեցության նոր կանոններ չորդեգրենք, վարակը կարող է ծավալվել նոր թափով եւ մեզ բոլորիս հանգեցնել հումանիտար աղետի: 

Եւ այստեղ է, որ իմ առաջարկած հայտնի կարգախոսը չի փոխվում. Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես: 

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Եւ իմացեք՝ ձեր բոլոր ցավերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են, ձեր բոլոր երազանքները իմ հոգում են: Եւ մենք միասին հաղթահարելու ենք այս ճգնաժամը եւ նրանից դուրս ենք գալու շատ ավելի ուժեղ եւ ինքնավստահ: 

Եւ ուրեմն, 

Կեցցե՛ ազատությունը,
կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք ու ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում: 

Դուխով, ժողովուրդ ջան, դուխով»:

 

 

Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBank