Եվրոպայի հավաքականը հաղթեց, Արոնյանը ոչ ոքի խաղաց Կարուանայի հետ
SPORTՇախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած Ազգերի գավաթի առցանց խաղարկության (արագ շախմատ) նախնական փուլի նախավերջին տուրում Եվրոպայի հավաքականը 2,5։1,5 հաշվով առավելության հասավ ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ։
Երկրորդ համարների պայքարում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց Ֆաբիանո Կարուանայի հետ։ 77-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։
Ոչ ոքի ավարտվեցին նաեւ Հիկարու Նակամու։ րայի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, Ուեսլի Սոյի ու հոլանդացի Անիշ Գիրիի պարտիաները։
Եվրոպայի հավաքականին հաղթանակ բերեց վրացի Նանա Ձագնիձեի մեկ միավորը Իրինա Կրուշի հետ դիմակայությունում։ Կանոնակարգով ամեն թիմի չորս մասնակիցներից առնվազն մեկը պետք է լինի կին։
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Լեւոն Արոնյանը պարտվել էր հնդիկ Գուջրատի Վիդիտին, ոչ ոքի էր խաղացել չինացի Յի Վեյի եւ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմյեւի հետ, հաղթել էր Գուջրատի Վիդիտին, ԱՄՆ-ի թիմը ներկայացնող կուբացի Լենիեր Դոմինգեսին եւ մնացյալ աշխարհի հավաքականի անդամ, իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։ Առաջին տուրում հայ գրոսմայստերը պարտվել էր Արտեմիեւին, երկրորդ տուրում ոչ ոքի էր խաղացել Յի Վեյի հետ։
9-րդ տուրի մյուս դիմակայություններում Ռուսաստանի հավաքականը 2։2 հաշվով խաղաց մնացյալ աշխարհի հավաքականի հետ։ Չինաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթեց հնդիկներին եւ 17 թիմային միավորով ապահովեց առաջին տեղն ու սուպերեզրափակիչի ուղեգիրը։
Վերջին տուրից առաջ Եվրոպայի հավաքականը 12 միավորով երկրորդ տեղում է, ԱՄՆ-ի թիմը հետ է 1 միավոր։
Մայիսի 9-ին տեղի կունենա նաեւ վերջին տուրը, իսկ մայիսի 10-ին երկու ուժեղագույն թիմերը կմրցեն սուպերեզրափակիչում։
Մրցանակային հիմնադրամը 180 հազար դոլար է։