«Մտածեցի` ինչու եղբայրս չլինի». Դիանա Մխիթարյանի նոր տեսահոլովակն ու հերոսի ընտրությունը
PHOTOԵրիտասարդ երգչուհի, դերասանուհի Դիանա Մխիթարյանը նոր տեսահոլովակ ունի, որի նկարահանումները տեղի են ունեցել օրեր առաջ:
Tert.am Life -ի հետ զրույցում Դիանան ասաց, որ «Քո մի համբույրից» երգի խոսքերի հեղինակն իր պրոդյուսերը` Կարեն Ասլանյանն է, երաժշտությունը գրել են Կարենը և Արսեն Մանուկյանը. «Երգը սիրային թեմայով է, և՛ տխուր է, և՛ ուրախ: Հերոսուհին անընդհատ հիշում է իր սիրելիին ու իրենց ապրած պահերը»,- ասաց Դիանան:
Նա ասաց, որ ռեժիսոր Կարեն Գևորգյանն ու Կարեն Ասլանյանը համատեղ են ստեղծել տեսահոլովակը, նաև շնորհակալություն հայտնեց ռեժիսոր Տիգրան Ավետիսյանին իրենց կողքին լինելու համար: Նկարահանումներն իրականացրել են Սևանում` բացօթյա տարածքում. «Պարետատան սահմանած կանոնները չենք խախտել, եղել ենք մի քանի հոգով, պահել ենք սահմանված հեռավորությունը, հնարավորության դեպքում, դիմակ ենք կրել»:
Պարզվում է` տեսահոլովակի գլխավոր հերոսը Դիանայի հարազատ եղբայրն է. «Գոռը և իմ ընկերուհիներից մեկը մարմնավորում են գլխավոր հերոսին և հերոսուհուն: Եղբայրս նախկինում նկարահանման փորձ չի ունեցել, առաջին անգամ էր տեսախցիկի առջև: Այդ առումով մի փոքր բարդ էր իր համար,- ասաց նա և հավելեց, որ իր հոլովակներից մեկում նկարահանվելու ցանկություն եղբայրը միշտ է ունեցել,- Այս անգամ մտածեցի` ինչու եղբորս փոխարեն ուրիշ մեկը խաղա»:
Դիանան ասաց, որ ունի նաև այլ նոր երգեր, որոնք շուտով հասանելի կլինեն. «Ունեմ մի ուրախ երգ, որի տեսահոլովակի պրեմիերան կլինի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ունենալու եմ նաև դուետներ, բայց փակագծերը բացել չեմ ուզում»:
Խոսելով «Անհասցե ծնվածները» սերիալի ավարտական սերիաների և նոր առաջարկների մասին` Դիանան նշեց. «Այս ընթացքում իմ հերոսուհու` Դիանայի հետ շատ եմ կապվել, շատ եմ սիրում կերպարս, կկարոտեմ նրան: Անգամ, երբ այլ նախագծերում հանդես գամ, կցանկանամ Դիանայի կերպարին մոտ կերպարով լինել: Նոր առաջարկներ այս պահին ունեմ, բայց ընթացիկ նախագիծը դեռ չի ավարտվել, դրանց մասին խոսել չեմ ուզում»:
Շարունակությունը՝ այստեղ