ՀԿ նախագահ. մսամթերքի որոշ տեսակների գները զգալիորեն աճել են
ECONOMICSՄսամթերքի որոշ տեսակների գները զգալիորեն աճել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Հայաստանի ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով՝ տավարի միսը թանկացել է 20%-ով, խոզի միասը՝ մոտ 5%-ով, իսկ ոչխարի միասը՝ մոտ 10%-ով:
«Եվ հարցը կորոնավիրուսը չէ: Մսամթերքը պետք է մեծանար, սակայն վերջին 2 տարում պետությունն ուշադրություն չէր դարձնում կերի արտադրությանը: ՈՒնեցանք երաշտ, եւ ահա հիմա եւս որոշ շրջաններում երաշտ է նկատվում: Անհրաժեշտ է պատրաստել անասունների համար կերը, սակայն կրկին ոչինչ չարվեց: Եվ այդ ամենն ազդում է գների ձեւավորման վրա»,-պարզաբանեց Բերբերյանը:
Նա նաեւ հայտնեց, որ ֆինանսների նախարարության հետ համատեղ կազմակերպությունը դիմել է վարչապետին՝ առաջարկելով Ռուսաստանից սերմացու գարի ներկրել: Տվյալ պրոցեսը ծրագրվում է իրականացնել աշնանը:
«Եթե կերը լավը լինի, ապա արտադրությունը կաճի՝ թե՛ կաթի, թե՛ մսի: Սակայն 2 տարում կորցրեցինք մոտ 160 000 խոշոր եղջերավոր անանսուն: Եվ դրան մեղավոր են ոչ միայն ֆերմերները, այլ նաեւ այն կազմակերպությունները, որոնք աշխատավարձ են ստանում, սակայն ոչինչ չեն անում»,-ընդգծեց Բերբերյանը:
Նշենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին 5 ամիսներին՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, տավարի մսի արտադրության ծավալը կրճատվել է 5,1%-ով:
Նույն վիճակն է նաեւ խոզի եւ ոչխարի մսի դեպքում: Հունվար-մայիս ամիսներին խոզի մսի արտադրությունը կրճատվել է 4,8%, ոչխարի մսի արտադրությունը՝ 4,7%-ով: Փոխարենը թռչնաբուծությունն աճել է 11,5%-ով: