Ավելի քան 700 զոհ, հազարավոր հոսպիտալացվածներ. Պակիստանում շարունակում է մոլեգնել տապը (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSՎերջին 3 օրվա ընթացքում Պակիստանում հաստատված անոմալ շոգ եղանակի պատճառով մահացել է ավելի քան 700 մարդ, մինչդեռ հոսպիտալացվածների թիվը հասել է մի քանի հազարի:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, երկրի հիվանդանոցներում հայտարարվել է արտակարգ դրություն: Բժիշկները փորձում են օգնել 45 աստիճան շոգի պատճառով ինքնազգացողության կտրուկ վատթարացում ունեցած 3.000-ից ավելի մարդու:
Աղբյուրը մանրամասնում է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի մեծ մասը գրանցվել է 20 մլն բնակչություն ունեցող Կարաչի քաղաքում:
Իրավիճակն է՛լ ավելի է բարդացրել այն հանգամանքը, որ շոգը վրա է հասել մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում, երբ արգելվում է արևածագից մինչ մայրամուտ սնվել ու հեղուկ օգտագործել:
Ելնելով ստեղծված իրավիճակի բարդությունից` որոշ հոգևորականներ կոչ են արել պակիստանցիներին այս անգամ բացառության կարգով խախտել Ռամադանի օրենքներն ու շոգին դիմանալու համար նորմալ ջուր խմել, սնվել:













