«Փորձեցինք օրը հիշարժան դարձնել». Արփիի դստեր 5- ամյակի խնջույքն ու կարևոր պահը
LIFEԵրգչուհի Արփիի դուստրը` Արևը, երեկ դարձել է 5 տարեկան: Tert.am Life-ի հետ զրույցում Արփին ասաց, որ, չնայած արտակարգ դրությանը` փորձել են երեխայի օրը հիշարժան դարձնել:
«Առավոտյան գնացինք Գեղարդ և ամբողջ ընտանիքով մոմ վառեցինք: Դա շատ կարևոր, խորհրդանշական ու գեղեցիկ պահ էր: Դստերս վաղուց բացատրել էինք, որ դրությունն այսպիսին է, մեծ խնջույք չենք կարող կազմակերպել, նա ամեն ինչ հասկանում է ու ըմբռնումով մոտենում: Եթե համաճարակային իրավիճակ չլիներ, որևէ լողավազանում գեղեցիկ օր կկազմակերպեինք, բայց օրը շարունակեցինք ամառանոցում»,- ասաց նա և հավելեց, որ հյուրեր չեն ունեցել:
Երգչուհու խոսքով` փոքրիկ Արևը «Սառցե սիրտը» մուլտֆիլմի մեծ երկրպագու է, այդ պատճառով խնջույքը թեմատիկ են կազմակերպել։
«Էլզային շատ է սիրում, փորձեցի նրա կերպարը Էլզայի կերպարին մոտ ստանալ: Ուներ նաև փոքրիկ տորթ, որի մոմերը մեծ ուրախությամբ փչեց»,- նշեց Արփին և ընդգծեց, որ դստերը հասցրել են նաև անակնկալ մատուցել. «Վաղուց տիկնիկների խոհանոց էր ուզում: Կեսգիշերին տունը փուչիկներով զարդարեցինք ու նրան առավոտյան անակնկալ մատուցեցինք, ինչից շատ ուրախացավ»:
Ըստ Արփիի` Արևն իրենց կյանքում ամեն ինչ փոխել է. «Հենց աղջիկ առաջնեկը շատ սպասված էր: Կարող եմ մեր կյանքը բաժանել երկու մասի` մինչև Արևի ծնվելը ու նրա ծնվելուց հետո: Շատ խելացի, հետաքրքիր երեխա է, նրա հետ կարող եմ ընկերուհու պես զրուցել: Նաև շատ երաժշտական է, ինչի համար երջանիկ եմ: Արևը նեղացկոտ է, բայց արագ է ներում, մոռանում: Մենք այնքան ընկերական ենք: Առաջ ծնողներն ավելի սառն են եղել, հիմա ծնողները շատ սեր են տալիս: Նույնիսկ, երբ զայրանում եմ, խոսում եմ իր հետ, բացատրում եմ` ինչն է սխալ արել: Երեխաներն ու ծնողները պետք է ընկերական հարաբերություններ ստեղծեն»:
Երգչուհին վերհիշեց, որ երեխայի անունը ամուսնու հետ են ընտրել. «Ամուսնուս տատիկի անունը Արևհատ է եղել, նա ամուսնուս շատ է սիրել: Արևը նաև իմ անվան հոմանիշն է: Այս ամենը նկատի ունենալով` Արևի ծնվելուց դեռ մի քանի ամիս առաջ որոշեցինք անունը: Նա իր անվան կրողն է, մեր կյանքը արևով է լցրել»: