«Տանը փակված էի շատ երկար ժամանակ». Ռոզի Ավետիսովա
LIFEBRAVO.am-ը գրում է
Դերասանուհի Ռոզի Ավետիսովան այս շրջանում ներկայանում է իր համար նոր ձեւաչափում. յութուբյան տիրույթում հեռարձակվող հումորային նոր ծրագրի հաղորդավարուհին է: Նա BRAVO.am-ին պատմել է վերջին ամիսներին իր փոխված առօրյայի մասին:
Ռոզին վստահ է, որ աշխատանքային դադարը պարտադիր է արտիստի համար. «Կարեւոր է, որ հանդիսատեսը քեզ կարոտի, կարեւոր է, որ այդ ընթացքում հանգստանաս եւ փորձես նորովի ներկայանալ՝ ավելի հետաքրքիր կերպով, նոր գաղափարներով: Թեկուզ փոքրիկ դադար պետք է ունենալ: Վերջին ամիսները հայտնի պատճառով այնքան էլ ստեղծագործական չէին: Դեռ մարտից մի շարք ծրագրեր անժամկետ հետաձգվեցին»:
Դերասանուհին խստորեն հետեւել է հակահամաճարակային կանոններին.«Տանը փակված էի շատ երկար ժամանակ: Զբաղմունքս ֆիլմեր դիտելն ու գրքեր կարդալն էր: Մեկուսացման պատճառով թեեւ տնտեսական մեծ վնասներ կրեցինք, սակայն նաեւ դրական կողմ ուներ. կարողացանք երկար մնալ ընտանիքի կողքին, հարմարվել տան պատերի ներսում եղած կյանքին: Ինչ խոսք, ինձ հաջողվեց դա: Թեեւ ակտիվ կյանքի ու աշխատանքի սիրահար եմ, բայց այս ամենի մեջ էլ կար հետաքրքրություն: Կարեւոր էր նաեւ այն, որ բնությունը մի փոքր հանգստացավ մարդկությունից, թեեւ դաժան ճանապարհով»:
Վերջին նախագիծը, որում նկարահանվել է, «Անատոլիական պատմություն» սերիալն էր.«Վերջերս կարոտի սրացումներ ունեի, բայց փառք Աստծո, տեսախցիկի հանդեպ կարոտս արդեն իսկ առնում եմ, իսկ թատրոնում հանդիսատեսի հետ կենդանի շփմանը դեռ երկար կկարոտեմ»: