«Ստիպված եմ ամուսնուցս, երեխաներիցս հեռու մնալ». Դիանա Շատվերյանը` կորոնավիրուսով վարակվելու, բուժման ընթացքի և ապրումների մասին
LIFEԴիզայներ Դիանա Շատվերյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնի միջոցով հետևորդներին հայտնել է, որ կորոնավիրուսն իրեն չի շրջանցել:
Tert.am Life-ի հետ զրույցում Դիանան պատմեց վիրուսի սկզբնական շրջանի, իր ապրումների, երեխաներից ու ամուսնուց հեռու լինելու բարդությունների մասին:
Դիանայի խոսքով` առաջին իսկ ախտանշաններից հասկացել է, որ սովորական մրսածություն չէ:
«Օրեր առաջ քաղաքից դուրս էի գնացել ու մրսել էի: Հաջորդ օրն ունեցա 38 աստիճան ջերմություն, անմիջապես գնացի հիվանդանոց, հանձնեցի անալիզներ, կորոնավիրուսի թեստ ու ինքնամեկուսացա, քանի որ հասկացա` սովորական մրսածություն չէ, չէի ուզում վարակել իմ հարազատներին: Հաջորդ օրը ստացա թեստի դրական պատասխանը։ Քանի որ ինձ մոտ թոքաբորբ չկար, մնացի ինքնամեկուսացած ու բուժումը տանն եմ ստանում: Չգիտեմ, թե ումից եմ վարակվել, շրջապատումս վարակակիրներ չկան»:
Թեստի հաստատումից հետո 6 օր է անցել, մեկուսացած պետք է մնա 14 օր. «Հիմա ջերմություն, որևէ գանգատ չունեմ: Պետք է ասեմ, որ թե՛ բժիշկները, թե՛ պարետատան ներկայացուցիչները 24 ժամ հասանելի են, հաճախ զանգահարում են, հոգեբանորեն աջակցում: Հիմա վիտամիններ ու հակաբիոտիկներ եմ ընդունում: Ամուսինս նույնպես թեստ է հանձնել, բայց արդյունքը, բարեբախտաբար, բացասական է: Տարօրինակ հիվանդություն է. մարդիկ կան, ովքեր ճարահատյալ մնում են տանը ու չեն ինքնամեկուսանում, բայց տան անդամները չեն վարակվում: Նկատել եմ, որ հիմա է այդպես դարձել, բայց սկզբնական շրջանում, անգամ հեռավորությունը պահելով, շատերն էին վարակվում: Հիմա վիրուսը կարծես թուլացել է: Առհասարակ, վիրուսը մարդուն սպանելու նպատակ չունի, սիրում է ապրել մարդու օրգանիզմում ու դառնալ սեզոնային»:
Դիանան նշեց, որ որոշել է հիվանդության մասին բարձրաձայնել, քանի որ հասարակության շրջանում վիրուսի նկատմամբ թերահավատություն է նկատում:
«Երկար եմ մտածել, բարձրաձայնել, թե ոչ, բայց, տեսնելով մարդկանց վերաբերմունքը վիրուսի նկատմամբ, որոշեցի խոսել, որ բոլորը հասկանան` ոչ ոք ապահովագրված չէ, բոլորը կարող են վարակվել: Ինձ մոտ ընթացքը թեթև է, բայց շատ մարդկանց մոտ ծանր է: Ես ռիսկային խմբում գտնվող մարդկանց հետ շփում չեմ ունեցել, բայց որքան բարդ կլիներ, եթե ունենայի ու ապրեի այդ պատասխանատվությամբ: Այնպես որ, պետք է հետևել բոլոր կանոններին, չտեսակցել ռիսկային խմբում գտնվող հարազատներին: Եթե նույնիսկ վարակվես, գոնե կիմանաս, որ արել ես առավելագույնը: Ինքսհետևել եմ պարետատան ցուցումներին, կրել եմ դիմակ, ախտահանել եմ ձեռքերս, բայց վարակվել եմ»,- ասաց Դիանան։