2020-ի առաջին կիսամյակում բանկային համակարգի շահույթն աճել է 2,2 մլրդ դրամով
ECONOMICS2020 թվականի առաջին կիսամյակում բանկային համակարգի շահույթը կազմել է 40,6 մլրդ դրամ, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 2,2 մլրդ դրամով կամ 5,7%-ով: 2020 թվականի երկրորդ եռամսյակում՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճը կազմել է 17 մլրդ դրամ կամ 74,2%: Այս մասին տեսահամաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ տարածքում գործող 17 առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 47 մլրդ դրամով կամ 5,6%-ով (891 մլրդ դրամ), երկրորդ եռամսյակում աճը կազմել է 29 մլրդ դրամ կամ 3,4%:
«Դեպոզիտների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 3,5 տրիլիոն դրամ: 2020-ի առաջին կիսամյակում՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշը նվազել է 112 մլրդ դրամով կամ 3,1%-ով, երկրորդ եռամսյակում՝ 73 մլրդ դրամով կամ 2,1%-ով: Դրամային դեպոզիտների ծավալը կազմել է 46%, արժութայինը՝ 54%:
Բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են գրեթե 6 տրիլիոն դրամ: 2020-ի առաջին կիսամյակում աճը կազմել է 191 մլրդ դրամ կամ 3,3%, երկրորդ եռամսյակում՝ 89 մլրդ դրամ կամ 1,5%:
2019-ի առաջին կիսամյակի համեմատ պարտավորությունների ընդհանուր գումարն աճել է 145 մլրդ դրամով կամ 2,9%-ով, երկրորդ եռամսյակում՝ 60 մլրդ դրամով կամ 1,2%-ով:
Վարկային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմում է 3.8 տրիլիոն դրամ: Բանկերում վարկային ներդրումներն առաջին կիսամյակում ավելացել են 28 մլրդ դրամով կամ 0,7%-ով, երկրորդ եռամսյակում՝ 9 մլրդ դրամով կամ 0,2%-ով: Վարկերի 41%-ը տրվել է ֆիզիկական անձանց, 45%-ը՝ տնտեսությանը:
Առաջին եռամսյակում հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է 13%, շինարարության ոլորտում վարկերը՝ 17%, գյուղատնտեսության ոլորտում՝ 11%:
Հունիսին չաշխատող վարկերի ծավալը եղել է 4,67%, անցած տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշը չի փոխվել: Այս կիսամյակ ամենամեծ ցուցանիշը գրանցվել է մարտին՝ 5,08%:
Կիսամյակի արդյունքներով անկանխիկ օպերացիաների թիվը (53%) գերազանցել է կանխիկ օպերացիաների ցուցանիշը (47%):
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բանկերը բյուջեում վճարել են 26,7 մլրդ դրամ:
Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում են ներառվել երկրում գործող բոլոր կոմերցիոն բանկերը:
Բանկերն ունեն ավելի քան 3 մլն հաճախորդ, ինչը կապված է նրա հետ, որ մի անձը կարող է բանկերում մի քանի հաշիվ ունենալ: Բնակչության 85-88%-ը բանկային համակարգում հաշիվ ունի: Ոլորտում աշխատում է 12,1 հազար մարդ»,-նշեց նա: