«Բացի դպրոցական սիրավեպը, այլ անձնական հարաբերություններ չեմ ունեցել». Հռիփսիմե Սարգսյանը` 22-ամյակի անակնկալի, անձնական կյանքի և համարձակ ստեղծագործությունների մասին
LIFETert.am Life-ը գրում է
Դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանն օրերս նշել է ծննդյան 22-ամյակը: Նրա համար անակնկալ խնջույք են կազմակերպել սերիալային իր գործընկերները: Դերասանուհին Tert.am Life-ին պատմել է ոչ միայն օրվա մանրամասները, այլև անկեղծացել է կորցրած ընկերների, ծնողների վերաբերմունքի, մշտապես շտապելու և անձնականի մասին:
Նրա խոսքով` հուլիս և օգոստոս ամիսներին ծանր գրաֆիկով աշխատել է, իսկ ծննդյան օրվանից մի քանի օր առաջ հիվանդացել է ու որոշել` ոչինչ չանել, քանի որ տրամադրություն չի ունեցել: « «Շիրազի Վարդը» հեռուստասերիալից ընկեր-գործընկերներս` Օլյա Հակոբյանը, Էլեն Սարգսյանը և Դավիթ Աֆրիկյանն ինձ անակնկալի բերեցին: Առանձնատուն էին վարձել, ինձ տարան այնտեղ, ես էլ հիվանդ-հիվանդ մի կերպ գնացի` առանց հատուկ զգեստի, դիմահարդարման: Շատ զարմացա և ուրախացա, չէի սպասում: Այնտեղ ինձ էին սպասում հայտնի և ոչ հայտնի շատ ընկերներ: Մտա լողավազան, ինչն ինձ չէր կարելի, օգտագործեցի ալկոհոլ ու հաջորդ օրը չկարողացա նկարահանման գնալ` ձայնալարերս խզվեցին»,-ասաց նա և նշեց, որ նվերներ, ծաղիկներ ստացել է, բայց դրանք չի կարևորում, իր համար ավելի կարևոր են ընկերներն ու երջանիկ պահերը:
Հռիփսիմեն ասաց, որ առաջին անգամ էր ծննդյան օրը նշում, որովհետև միշտ ժամանակ ու տրամադրություն չի ունեցել: «Ծնողներս միշտ հետևողական են եղել իմ հանդեպ, կրթությանս վրա շատ ժամանակ եմ ծախսել, ժամանցի համար ժամանակ չի մնացել: Փոքրուց սովոր եմ եղել փայլել թե՛ արտաքին տեսքով, թե՛ լուսավոր մտքերով, ու երբ գալիս է ծննդյանս օրը, փաստի առջև եմ կանգնում: Այս տարի ոչ իմ որոշմամբ, բայց նշեցի ծննդյանս օրը, ինչի համար շատ ուրախ եմ»:
Այս տարի Հռիփսիմեն ինքն իրեն հանգիստ մաղթեց. «Շատ պահանջկոտ եմ իմ նկատմամաբ: Ուզում եմ փոքրիկ քայլերի արվեստը սովորել, չշտապել, ինձնից առաջ չընկնել, ինձ պահանջներ չներկայացնել, այլ կանգ առնել ու հանգստանալ: Պահ է գալիս, երբ ուղղակի սպառվում եմ, ժամանակ է պետք գալիս վերականգնվելու համար, որ հետո ավելի շատ տամ»:
Դերասանուհին վերհիշեց իր լավագույն ծննդյան օրերից մեկը. «Հիշում եմ անցած տարվա ծննդյանս օրը: Ես նկարահանումից գիշերը տուն վերադարձա ու տեսա ընկերներիս, ովքեր իմ հեղինակային ստեղծագործություններով գիրք էին տպագրել: Դա նրանց բարդ էր տրվել, որովհետև այդ ստեղծագործությունները միայն իմ հեռախոսի մեջ են, ոչ ոքի ես չեմ ուղարկել: Նրանք ցանկանում էին, որ հասարակությանը ցույց տամ ստեղծագործություններս: Չնայած որ ստեղծագործում եմ 12 տարեկանից, իմ ստեղծագործությունները երբեք ոչ ոքի ցույց չեմ տվել,-ասաց նա` պարզաբանելով` մտավախություն ուներ, որ իրեն չեն հասկանա, քանի որ ստեղծագործությունները բավականին համարձակ են:- Մեր հասարակությունը չի ընդունում համարձակ կնոջը, իսկ ինստագրամյան տիրույթը դրա համար ստեղծված չէ: Ժամանակի ընթացքում հաղթահարեցի այս ամենն ու ինքնադրսևորվեցի ու ցույց տվեցի` ես ինչպիսինն եմ` չմտածելով թե մարդիկ ինչ կմտածեն: Ցանկացած հայտնի մարդ պեք է հաղթահարի այդ անկեղծության եզրն ու չմտածի կարծիքների մասին, որովհետև երբ դու հանրային մարդ ես, դու պետք է բաց լինես կարծիքների համար»: